Արցախում իրավիճակ է փոխվել. ապտակ «ազգային» մեծամասնությանը

Արցախի խորհրդարանը ձայների 22 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Տոների եւ հիշատակների մասին օրենքի փոփոխությունների առաջարկը, որը ներկայացրել է պատգամավոր Ռիտա Մնացականյանը: Այդ մասին տեղեկացնում է Արցախպրեսը:

 

Այդ առաջարկում կան ուշագրավ դրույթներ, որոնք առնչվում են Հայրենյաց պաշտպանի օրվան եւ Մարտի 8-ին: Մասնավորապես, Ռիտա Մնացականյանի առաջարկով Արցախի խորհրդարանը հավանության է արժանացրել Հայրենյաց պաշտպանի օրը փետրվարի 23-ի փոխարեն հունվարի 28-ին, այսինքն Հայկական բանակի ստեղծման օրը նշելու մասին:

Ուշագրավ է բացատրությունը, որ ներկայացրել է Արցախպրեսը՝ հաշվի է առնվել հանգամանքը, որ փետրվարի 23-ը որեւէ կապ չունի արցախյան շարժման եւ ազգային ազատագրական պայքարի ու դրա արդյունքում ստեղծված պետականության հետ, որի պաշտպանը հայկական բանակն է:

Իսկապես հետաքրքիր փոփոխություն է, թերեւս հնարավոր է ասել՝ իրավիճակի փոփոխություն: Փետրվարի 23-ը գործնականում ոչ միայն կապ չունի հայկական պետականության հետ, այլ մի բանակի օր է, որը տարբեր կերպ առնչություն է ունեցել Արցախի դեմ ռազմական օպերացիաների: 1991 թվականին Գետաշենում, իսկ 1992 թվականին Շահումյանում Արցախի ազատամարտիկների դեմ կռվել են ԽՍՀՄ եւ Ռուսաստանի բանակի ստորաբաժանումներ, որոնք էլ այդ շրջանները գրավել են Ադրբեջանի համար:

Այդ ամենից հետո առնվազն տարօրինակ է, երբ Արցախում տարիներ շարունակ Հայրենյաց պաշտպանի օր է համարվել փետրվարի 23-ը, ԽՍՀՄ բանակի օրը, ինչպես Ռուսաստանում: Ինչ խոսք, ԽՍՀՄ բանակում ծառայել են նաեւ հայեր, արցախցիներ, արցախյան ծագումով գեներալներ ու մարշալներ, ապահովելով նաեւ այդ բանակի հաղթանակները Երկրորդ աշխարհամարտում, սակայն դա պատմական անցած ցիկլ է, որը անշուշտ արժանի է հիշատակման, սակայն ոչ պետական տոնի կարգավիճակի, որը գործնականում ոչ միայն կապ չուներ հայկական պետականության հետ, այլ օգնել է Ադրբեջանին այդ պետականության ստեղծման փուլում պատերազմել Արցախի դեմ:

Ո՞րն է եղել տարիներ շարունակ փետրվարի 23-ը «պետականորեն» տոնելու պատճառը: Մտածողությու՞նը, որ գերիշխել է արցախյան, իսկ գուցե հայաստանյան «էլիտայում», թե՞ պատճառները եղել են քաղաքական

Արցախի խորհրդարանի ընդունած փոփոխության մյուս ուշագրավ հանգամանքը ինչ որ առումով ապտակ է Հայաստանին, Հայաստանի նախկին իշխող կուսակցությանը, որը ներկայանում էր որպես ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանության կրող:

Արցախի խորհրդարանը որոշել է, որ մարտի 8-ը չի լինի ոչ աշխատանքային օր, իսկ ոչ աշխատանքային կլինի ապրիլի 7-ը՝ մայրության եւ գեղեցկության օրը: Հաշվի է առնվել, որ կա Կանանց նվիրված երկու տոն եւ ըստ այդմ որոշվել է, որ դրանցից ոչ աշխատանքային, այսինքն փաստացի հիմնական կլինի ապրիլի 7-ը:

Ինչն է այստեղ ապտակը Հայաստանի նախկին իշխող կուսակցությանը: Հայաստանի անկախության շրջանում արվեց խորհրդային տոնացույցի փոխարեն հայկականը ներդնելու փորձ եւ կանանց տոն սահմանվեց ապրիլի 7-ը՝ մայրության եւ գեղեցկության օրը: Սակայն 2001 թվականին, իշխող «ազգային, ավանդական» ՀՀԿ-ն վերադարձրեց մարտի 8-ը, պատճառաբանելով, թե միեւնույն է հասարակությունը կապված է այդ տոնին: Մարտի 8-ը հռչակվեց ոչ աշխատանքային, ի տարբերություն ապրիլի 7-ի:

Ի դեպ, առաջարկի հեղինակը Կոմսոմոլի նախկին ղեկավար Հրանուշ Հակոբյանն էր, որն արդեն դարձել էր «ազգային, ավանդապահ, պահպանողական» ՀՀԿ անդամ:

Понравилась статья? Поделиться с друзьями: