Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը: ՔՊ-ն էլ հայտարարություն էր տարածել, որ կուսակցությունը չի աջակցի Սեւակ Միքայելյանին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե կուսակցությունը ինչու չի սատարում իր որդուն, Միքայելյանն ասաց՝ իրենք ցանկանում են, որ ազատ մրցակցություն լինի:
«Պետք է լինի ազատ մրցակցություն, որ մյուս թեկնածուներն ընկճված չլինեն: Կա 5 թեկնածու, իմ ցանկությունն էլ է եղել, որպեսզի ազատ մրցակցություն լինի»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ եթե կուսակցությունը մեկին պաշտպանում է, ինչ-որ տեղ ուրեմն այդ թեկնածուն առավելություն ունի: Դիտարկմանը` վարչապետը Երեւանի ավագանու ընտրություններում սատարում էր Հայկ Մարությանին, Միքայելյանն ասաց, որ իր ցանկությունն է, որ Հրազդանում նորմալ ընտրություններ լինեն:
«Ինչպես իմ տղան, այնպես էլ 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն թեկնածություն դնեն: Հիմա իմ երեխան թեկնածություն ա դրել, ես ուզում եմ մրցակցության մեջ մտնի, ազատ ու ակտիվ, հաղթի` հաղթի, չէ` չէ»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ որդու քարոզարշավին չի մասնակցելու: «Իմ որդին է թեկնածությունը դրել, ես չեմ դրել, ես քարոզարշավին չեմ մասնակցելու»,- ասաց նա: