Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որն անուշադրության մատնելը կարող է դառնալ մարսողական տարբեր խանգարումների պատճառ: Սակայն հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ այս խնդրի զարգացմանն են նպաստում իրենց իսկ սովորությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 տարածված սովորություն, որոնք կարող են դառնալ փորկապության պատճառ:
Ֆիզիկական ակտիվության պակաս
Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունն ու մարսողությունը, ուստի հիանալի կանխարգելիչ միջոց է փորկապության դեմ: Սա է պատճառը, որ երեխաները մանկուց պետք է ակտիվ լինեն ու հնարավորինս քիչ ժամանակ անցկացնեն համակարգչի ու հեռուստացույցի առջև:
Փորկապությունից խուսափելու համար հարկավոր է օրն սկսել մարզանքով, նախաճաշել ու շաբաթական երեք անգամ հաճախել մարզասրահ: Հարկավոր է հնարավորինս շատ քայլել ու լինել ֆիզիկապես ակտիվ:
«Արագ» ածխաջրերի գործածություն
Արագ սնունդը, հացաբուլկեղենն ու քաղցրավենիքը նույնպես կարող են դառնալ փորկապության պատճառ: Նման մթերքը հատկապես վտանգավոր է լինում, եթե չի համադրվում որևէ օգտակար մթերքի ու բավարար քանակությամբ հեղուկի հետ: Նման սննդակարգը բացասաբար է անդրադառնում աղիների աշխատանքի վրա և դանդաղեցնում է դրանց դատարկման գործընթացը, իսկ մեծ քանակությամբ շաքարի առկայությունը գրգռում է լորձաթաղանթները, ինչը կարող է հանգեցնել բորբոքման: Միևնույն ժամանակ նման մթերքը գրեթե չի պարունակում օգտակար նյութեր, մինչդեռ հարուստ է «փուչ» կալորիաներով, ներկանյութերով, կոնսերվանտներով և այլ վնասակար հավելումներով:
Աղիների աշխատանքի կարգավորման համար հարկավոր է հրաժարվել նման մթերքից և փոխարենն ավելի շատ մանրաթելերով հարուստ մրգեր ու բանջարեղեն օգտագործել: Շատ օգտակար կարող է լինել չլուծվող սննդային մանրաթելերով հարուստ մթերքը, որի շնորհիվ աղիները շատ ավելի լավ ու արագ կդատարկվեն: Առավել արդյունավետ են համարվում կաղամբը, լոլիկը, դդմիկը, սպանախը, լոբազգիներն ու ամբողջահատիկ մթերքը:
Հեղուկի պակաս
Փորկապության կանխարգելման հարցում շատ կարևոր դեր է խաղում հեղուկը: Բավարար քանակությամբ ջուր չխմելն առաջին հերթին անդրադառնում է մարսողական համակարգի աշխատանքի վրա: Նման դեպքերում կղանքը դառնում է ավելի կոշտ, ինչի հետևանքով դժվարանում է դեֆեկացիայի գործընթացը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են օրվա ընթացքում առնվազն 2 լիտր ջուր խմել:
Վիտամինների ընդունում
Տարատեսակ վիտամինների ընդունումը նույնպես կարող է հանգեցնել փորկապության: Հատկապես վատ է անդրադառնում կալցիումը, որն արդյունավետ կերպով կլանվում է ստամոքսի պատերի կողմից, իսկ չափազանց մեծ քանակության դեպքում խանգարում է հաստ աղիքի գործառույթները:
Աղիների աշխատանքի խանգարման պատճառ կարող է դառնալ նաև երկաթը, որի բարձր մակարդակը հաճախ հանգեցնում է փորկապության: Սա է պատճառը, որ վիտամինները հարկավոր է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
Որպես կանոն, փորկապության խնդրից ազատվելու համար կիրառվում է կաթնամթերք, սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ որոշ դեպքերում կաթնամթերքը կարող է անգամ վնասակար լինել: Օրինակ՝ թարմ կեֆիրն արդյունավետ կերպով կարգավորում է աղիների աշխատանքը, մինչդեռ անգամ մեկ օր առաջ արտադրված լինելու դեպքում այն հակառակ ազդեցությունը կունենա:
Զսպելու սովորություն
Լինում են դեպքեր, երբ աղիները դատարկելու հնարավորություն չի լինում, սակայն հաճախակի բնույթ կրելու դեպքում այս սովորությունը կարող է հանգեցնել փորկապության: Նման դեպքերում փորկապությունը կարող է քրոնիկ բնույթ ստանալ, ինչից ազատվելու համար կլինի դեղորայքային բուժման անհրաժեշտություն: