Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ամենուրեք ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 21-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում և Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձնաբուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։