Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ջիբրալթարից կրած անսպասելի եւ ամոթալի պարտությունից հետո Հանրապետական մարզադաշտում երեք օր անց ջախջախեց Մակեդոնիայի հավաքականին՝ 4:0:
Դա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության եւ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական նոր կազմի առաջին հաղթանակն էր՝ Ջիբրալթարից կրած առաջին պարտությունից հետո: ՀՖՖ նոր նախագահ Արթուր Վանեցյանը մարզադաշտում չափազանց մեծ ոգեւորությամբ էր տոնում հավաքականի գոլերն ու հաղթանակը: Նույնն անում էին նաեւ մարզադաշտում ներկա երկրպագուները: Ի դեպ, նրանց թիվը քիչ չէր, հաշվի առնելով այն, որ հավաքականը խոշոր հաշվով կորցրել է Ազգերի Լիգայի մրցաշարի իր ենթամբում առաջին տեղը զբաղեցնելու եւ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Կա միայն տեսական, հրաշքի հավասար մի շանս: Բայց, չնայած մրցաշարային նշանակության եւ ինտրիգի բացակայությանը, երկրպագուները պարտությունից հետո եկել էին մարզադաշտ: Դա կարեւոր է, որովհետեւ ինչպես ֆուտբոլիստները պետք է խաղալ ու պայքարել սովորեն, այնպես էլ երկրպագուները պետք է սովորեն երկրպագել հավաքականին, ոչ թե միայն դրա հաղթանակները:
Այդուհանդերձ, չնայած խոշոր հաշվով հաղթանակին եւ այսպես ասած վերականգնված պատվին, հավաքականի ֆուտբոլիստները խաղային որակներով առանձնապես չտարբերվեցին նախորդ խաղերից: Տարբերությունը կամքի մեջ էր, որը դրսեւորվեց նշանակալիորեն: Հայաստանի հավաքականը փաստացի հաղթեց կռվելով, ոչ թե խաղով կամ կարգով: Նկատելի էր, որ կարգով Մակեդոնիան ներկայում ավելին է, քան Հայաստանի հավաքականը:
Մեր հավաքականին օգնեցին նաեւ մակեդոնացիների դարպասապահի սխալները, ու նաեւ մրցավարի որոշ սխալներ: Բայց երբեմն իհարկե մեծագույն հավաքականներն էլ տանում են հենց այդպիսի հաղթանակներ: Ի վերջո ակնառու է, որ Հայաստանը նվաճեց այդ հաղթանակը բառի բուն իմաստով, ըստ այդմ արժանի էր դրան:
Բայց պետք է խաղ, որովհետեւ հնարավոր չէ անընդհատ հաղթել կռվելով, պայքարելով, միայն կամքի վրա:
Ի վերջո, ֆուտբոլի կայուն զարգացումը պահանջում է այլ չափանիշներ, չափվում այլ չափորոշիչներով:
Ընդ որում, այդ մասին խոսում էր նաեւ Արթուր Վանեցյանը, Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից մի քանի ժամ առաջ, նշելով, որ ֆուտբոլի զարգացման համար կա առնվազն 4-5 տարի հետեւողական աշխատանքի կարիք:
Հայաստանում ֆուտբոլի զարգացումը չափվել է հավաքականի խաղով ու արդյունքով: Հավաքականը պարտվում էր՝ հիշում էին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին, հաղթում էր՝ մոռանում էին նրա մասին:
Իրականում, հայկական ֆուտբոլը, նաեւ հավաքականի լավագույն մրցափուլի՝ 2012 թվականի Եվրոյի ընտրական մրցաշարի ժամանակ, նման էր առանց բուն ծառի սաղարթի: Այդպիսի բան լինել չի կարող: Ֆուտբոլը դպրոց է, մտածողություն:
Դրա օրինակը կարող են լինել աֆրիկյան մի շարք հավաքականներ, որոնք կարող են մեկ-երկու մրցաշար փայլել՝ որովհետեւ պատմական կոնկրետ ժամանակահատվածում ունեն տաղանդավոր սերունդ, իսկ հետո նույնչափ խամրել, որովհետեւ չունեն դպրոց եւ մտածողություն:
Հայաստանում ֆուտբոլի խորքային խնդիրը սկսում է մտածողությունից: Դա լավագույնս արտացոլվել է Հենրիկ Մխիթարյանի օրինակով: Մխիթարյանը իր սերնդակից ֆուտբոլիստների շարքում Հայաստանում ամենեւին ամենատաղանդավորը չէր, բայց նա դարձավ ամենահայտնին ու հաջողակը, որովհետեւ մտածում էր այլ կերպ՝ պրոֆեսիոնալ, ոչ թե թաղային-բակային չափանիշներով: Նրա մտածողությունն օգնեց բացվել առավելագույնս, այն դեպքում, երբ նրանից ավելի տաղանդավորները չկարողացան:
Հայաստանում ֆուտբոլի ապագան այն խաղից բացի նաեւ կրթության վերածելու մեջ է: Մի բան, որի ծիլեր մանկապատանեական դպրոցներում նշմարվում են, բայց լայն միտում դեռ չկա:
Ֆեդերացիան ունի հսկայական անելիք, հենց խորքից, մտածողություն փոխելուն ուղղված քայլերից: Դա ենթադրում է նաեւ ֆուտբոլային քննարկումների, բանավեճերի, տեսաբանության պրոֆեսիոնալ բարձր մակարդակ:
Գլխավորը հաղթանակներով ուրախանալուն զուգահեռ դրանցով հանկարծ չխաբվելն է:
Մակեդոնիայի հետ խաղը ՀՖՖ նոր նախագահի առաջին հաղթանակն էր, բայց այն դեռ սկիզբն էլ չէր այն գործի, որի պատասխանատվությունը ստանձնել է նա եւ որի արդյունքը միայն կարող է խոսել հայկական ֆուտբոլի կայուն հեռանկարի մասին: