Ազգաբնակչության առողջության խնդիրները առանձնակի նշանակություն ունեն երկրի տնտեսության զարգացման գործում: Անհրաժեշտ է զբաղվել սպորտով` բժշկի խորհրդից հետո:
Նիկոլ Փաշինյանը իր քայլը սկսեց Գյումրիից, որը օրեր անց դարձավ «Իմ քայլը» շարժման խորհրդանիշը: Նրա շուրջ հավաքվեցին մարդիկ, որոնք ունեին ոչ միայն գաղափարներ, նպատակներ, այլև պատճառներ և գուցե սպասումներ, ակնկալիքներ: Խմբի մասնակիցներից ոմանք քայլեցին Նիկոլի կողքից, մի մասը հետևից…:
«Իմ քայլը» սկզբում ռոմանտիզմ էր թվում, իսկ հետագայում այն դարձավ լուրջ շարժում, քանզի կար օբյեկտիվ և ինչու չէ նաև սուբյեկտիվ պատճառներ` դժգոհելու և մերժելու այդ օրվա իշխանությանը:
Մայիսի 8-ին, վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլի շուրջ համախմբվեցին մարդիկ, որոնք երբևէ չեն քայլել, այլ պարզապես մշտապես վազել են իշխանության այդ օրվա ղեկավարի հետևից: Այդ մարդիկ չեն ունեցել և այսօր էլ չունեն գաղափարախոսություն, սկզբունքներ և համարձակություն:
Նման վազորդները մշտապես փոխել են մի քանի կուսակցություն, դավանել են տարբեր գաղափարախոսությունների, պաշտել և փառաբանել են այդ օրվա նախագահին և վարչապետին:
Այդ ամենը արել են հանուն իշխանական աթոռի պահպանման և ընտանեկան փափուկ կյանքի ապահովման: Նմանները մշտապես շահեկան վիճակում են եղել, օգտվել են իշխանական կերակրատաշտից, բայց խոսել են պետականության մասին և պետության անունից:
Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Տիգրան Մուկուչյանը, Ստեփան Մնացականյանը, Արտակ Շաբոյանը եղել են Սերժ Սարգսյանի հենասյուները նրա իշխանության տարիներին և հավանաբար փառաբանել են նրան:
Իսկ այսօր պաշտում են Նիկոլ Փաշինյանին և փորձում են դառնալ նորովի հենասյուներ, քանզի վարչապետ Նիկոլից է կախված նրանց երերուն աթոռը:
Պարոնա’յք, վազքը առողջարար է, սակայն սրտաբանները խորհուրդ չեն տալիս առողջական խնդիրներ ունեցողներին վազել, եթե նույնիսկ այն երաշխավորում է իշխանական աթոռի պահպանում և ապահովում է բարեկեցիկ ընտանեկան կյանք:
Հանուն ձեր առողջության պահպանման խորհուրդ է տրվում առավոտյան քայլել, բայց ոչ աթոռի հետևից վազել:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ.