Բժիշկ Վահան Վարդապետյանի հետ զրույցը տեղի ունեցավ մաեստրո Օհան Դուրյանի տուն-թանգարանում` այն սեղանի շուրջ, որտեղ հյուրընկալվել են մեծ ու կարևոր մարդիկ և որտեղ թեժ ու հետաքրքիր քննարկումներ են ծավալվել: Ինքը` Վահան Վարդապետյանը, մեր զրույցի ընթացքում խոսում էր ոչ պակաս թեժ ու ճակատային, և ես ոչ մի հակասություն չէի զգում բժշկի խիստ խոսքից, որովհետև նա իր հանրային խիզախ կեցվածքով և մասնագիտական վաստակով միանգամայն իրավասու է այդպես խոսել, պահանջել, հորդորել և’ որպես իսկական ընդդիմադիր` կեղծիքից երես շրջած, դավաճանի ձեռքը չսեղմած, ճշմարտությունն ամենից վեր դասած, և’ իբրև մեծ արվեստասեր` տաղանդի ու հռչակի չափ խոցելի արվեստագետին փրկելու-պաշտպանելու գործով` ցկյանս և դրանից հետո: Մաեստրո Օհան Դուրյանի տուն-թանգարանում և հարակից այգում այնպիսի բարձր հոգածություն ու խնամք կա, որ վայել է մասնագիտական մի ամբողջ թիմի կանոնակարգված քաղաքականությանը, մինչդեռ այն ստեղծվել և պահպանվում է վաստակաշատ բժշկի և որդիների շնորհիվ: Մշակույթի քանի-քանի մեծեր հալածվեցին վերջին քսան տարիներում, և եթե նրանց կողքին էլ լիներ Վահան Վարդապետյանի պես հենարան, ապա, հաստատապես, մշակութային մթնոլորտը` արժեքների ստեղծման և պահպանման հարցում նաև, անհամեմատ այլ կլիներ:
Բժիշկ Վահան Վարդապետյան
Եթե քո զբաղմունքը, քո աշխատանքը գոհացնում է քեզ և երջանկություն է բերում մարդկանց, ուրեմն, ինչու՞ ոչ, կարող ես քեզ համարել երջանիկ: Ահա, եթե այս մոտեցմամբ չափելու լինենք երջանկությունը, ապա ես ուրիշներին երջանկություն նվիրելու և դրանից երջանիկ լինելու շատ պահեր եմ ապրել: Եղել են սթրեսային վիճակներ. մենք միասին մղձավանջային տարիներ ենք անցկացրել մեր երկրում, մեծ անարդարություններ, արժեքավոր մարդկանց հանդեպ ոչ արժանի վերաբերմունք ենք տեսել: Բայց անգամ այդ ծանր օրերին իմ մասնագիտության բերումով շարունակել եմ երջանկություն նվիրել շատերին` վաղուց արդեն 5 հազարից ավելի ընտանքիների: Ամեն անգամ ես այդ ընտանիքներին հավասար, գուցե` ավելի, եթե դեպքը եղել է բարդ և անհուսալի, ունեցել եմ մի հրաշալի զգացում, որ ես կարողացա օգնել այդ մարդկանց:
Անձնական երջանկություն.
Ինձ համար չկա անձնական երջանկություն, որովհետև չես կարող քեզ համար առանձին երջանիկ լինել: Արդեն ասացի, որ երջանկություն է, երբ կարողանում ես ուրիշին երջանկություն պարգևել: Հաճախ աննկարագրելի է դիմացինի երախտագիտական հայացքը. մարդը չի խոսում, բայց աչքերը աղոթք և շնորհակալություն են արտահայտում: Դրանից ավելի մեծ գնահատական և ավելի մեծ երջանկություն չկա: Երևի, ինձ կհասկանան պրոֆեսիոնալ բժիշկները: Նաև` ինձ համարում եմ երջանիկ, որովհետև կարողացել եմ մեծ մտավորականների օգտակար լինել, նրանց ևս երջանիկ պահեր պարգևել:
Մարդիկ են եղել, որոնց հետ շփումն ինձ համար եղել է անձնական երջանկություն: Եվ առաջինը իմ և Ձեր կողմից շատ սիրելի Այդին Մորիկյանին եմ ուզում հիշել: Այդինը` իսկական մտավորական, հայ լրագրության մեջ բարձր պրոֆեսիոնալ և անգնահատելի ընկեր: Երբեմն ասում են, թե անփոխարինելի մարդիկ չկան: Բայց ես պիտի ասեմ, որ Այդինն անփոխարինելի է:
Ես հիմա այնքան մեկուսացած եմ զգում, որովհետև բացակա է իմ սիրելի Արաքս Դավթյանը, որի հետ ես շատ երջանիկ պահեր եմ ապրել: Երբեք չեմ մոռանա Պավել Լիսիցյանի ծննդյան 95-ամյակը, երբ ելույթ էին ունենում Մեծ թատրոնի ամենահայտնի երգիչ-երգչուհիները, և ամենատպավորիչը Արաքս Դավթյանի կատարումն էր: Բայց եկեք չմոռանանք, թե ինչ խղճուկ աշխատավարձ էին տալիս Արաքսին կոնսերտավորիայում և որքան գիտեմ` Արաքսի ձայնագրությունները չեն պահպանվել:
Իհարկե, ավազակապետական ռեժիմը չէր կարող ավերածություններից ու ձախողումներից զերծ պահել նաև մշակույթի ոլորտը: Բնականաբար, առաջին ամենախայտառակ հարվածը հասնելու էր ամենաժողովրդական, անկաշառ ու խիզախ Օհան Դուրյանին, ում հետ կնքված Օպերայի ցմահ երաժշտական ղեկավարի պայմանագիրը լուծարվեց. «տարիքի հետ կապված հիշողության կորստի» խայտառակ հիմնավորմամբ «սերնդափոխություն» կատարեցին: Դուրյանն առաջինն էր, որ վերադարձրեց «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» կառավարական բարձր պարգևները: Նա խստագույնս նախատում էր այն անվանիներին, ովքեր ինչպես ինքն էր ասում` «թաքնված էին ժողովրդի թիկունքում և թմրած նապաստակներ էին»: Դուրյանը, ի տարբերություն տարբեր ցուցակներում ընդգրկված մյուս անվանիների, որոնք արժանանում էին ռեժիմի կողմից բաժանվող ամսավճարների, պայքարում էր քաղբանտարկյալների ազատ արձակման համար, անգամ այցելեց կալանավայր, Հյուսիսային պողոտա և այլն: Մինչև կյանքի վերջին շունչը մաեստրոն պայքարում էր իր ժողովրդի ազատության համար: Որքան Դուրյանը քննադատում էր ռեժիմին, այնքան ավելի ու ավելի փախչում էին նրանից, անգամ չլուսաբանեցին մաեստրոյի մոսկովյան փառահեղ համերգաշրջանը. ոչ մի խոսք, ոչ մի լուր, ոչ մի անդրադարձ: Երկար տարիներ մաեստրոյի մոսկովյան ֆիլմը պահվեց Հանրայինի դարակներում և չցուցադրվեց: Ինձ համար երջանկություն է եղել անգամ ամենածանր պահերին կանգնած մնալ մաեստրո Դուրյանի կողքին, իսկ մոսկովյան շռնդալից համերգների հաջողության ամեն րոպեին ես անձնական երջանկություն եմ ապրել:
Մասնագիտական երջանկություն.
Պահեր են լինում, որ ոչ միայն երջանիկ ես, այլև` հպարտ, երբ անգամ դրսի լավագույն կլինիկաներում անզոր են գտնվել օգնելու մարդուն, իսկ քո ջանքերն արդյունք են տվել: Այս զգացողությունը փառքի հետ կապ չունի, այն մարդկանց անգնահատելի երջանկություն պարգևած լինելու գիտակցումն է:
Հանրային երջանկություն.
Միշտ երջանիկ եմ եղել, երբ համաժողովրդական պայքարը բուռն ալիք է ունեցել, երբ տեսել եմ պայքարող, համախմբված հասարակություն, իր նպատակին հավատացող քաղաքացիներ:
Կարողացա իրականություն դարձնել մաեստրոյի ևս մեկ փափագը` ունենալ տուն-թանգարան: Միշտ խուսափել եմ պաշտոնական միջոցառումներից` համարելով, որ կարևորը բովանդակությունն է: Պարզապես ցանկանում եմ, որ այս անկյունը ծառայի ազատ մտքի մարդկանց լիցքավորելուն, որովհետև այս օջախում հրաշալի մարդիկ են հյուրընկալվել, այստեղ բարձր զրույցներ և կարևոր բանավեճեր են եղել: Սա թանգարան չէ, սա Օհան Դուրյանի տունն է, որտեղ կարելի է մաքրվել, ուժ ու եռանդ ստանալ: Եվ ես երջանիկ եմ, որ կարողացանք Ալիս Դուրյանի հետ միասին այս օջախը վերածել մաեստրոյի մասին իրական հիշողության:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Ամեն մարդ կարող է երջանիկ ապրել իր երկրում, թեկուզ` անախորժություններով, դժբախտություններով, բայց ընդհանուր առմամբ` երջանիկ: Ուրիշ երկրում գուցե ապրես ապահով և բարեկեցիկ մի կյանք, բայց` ոչ երջանիկ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում:
Մենք երբեմն շատ մեծ պահանջներ ենք դնում իշխանությունների առաջ և վատ չենք անում: Պիտի նշեմ մի կարևոր հանգամանք` ավելի շատ պահանջներ դնում են այն քաղաքական ուժի առջև, որից ակնկալիքները շատ են: Վերջապես մենք ունենք բարձր լեգիտիմությամբ, հասարակության կողմից ընդունված իշխանություն: Եվ հիմա մենք պիտի կարողանանք այս լեգիտիմությունից և օրինակարգությունից թռիչքներ ապահովել:
Նախկին ռեժիմին սպասարկող մամուլն այնպես է խոսում գործող իշխանությունների բարձր լեգիտիմությունից, ասես դա մեծ թերություն է: Ի դեպ, վարչապետն իր ելույթներից մեկում նշել էր, թե լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին ռեժիմի սպասարկուն է: Որքան ուզեցի հիշել, թե որոնք են 10 տոկոս կազմող ազատ լրատվամջոցները, չկարողացա: Ես կասեի, որ մեդիայի 99 տոկոսն է սպասարկում նախկին ռեժիմին: Այսպիսի իրավիճակ ոչ մի երկրում չի եղել: Սա կարելի էր համարել մեծ առավելություն, եթե մեդիան իրավամբ գործեր ազատ, այլ ոչ թե իրագործեր նախկին ռեժիմի սադրող քարոզչությունը: Հիշեք, թե «միակ տղամարդն» ինչ հետևողականությամբ փակեց «Ա1 պլյուսը». այդ ի՞նչ տեսակ վախ էր զգում ազատ լրատվամիջոցից: Բա տղամարդկությունի՞ց էին խոսում: Հիմա էլ դրա ճիշտ հակառակն է` բոլոր ուղղություններով համակարգված, դիվերսիոն լրատվական հարձակումներ ենք տեսնում` «Տեսեք, ոչինչ չի փոխվել, վիճակն ավելի է վատացել» ենթատեքստով: Այդ խեղաթյուրված մեդիարշավը հասարակությանը չարացնում է և գրգռում: Արդյո՞ք սա վտանգավոր իրավիճակ չէ: Եվ ըստ այդ լրատվամիջոցների` մեղավորը ոչ թե սահմանադրական կարգը խախտողն է, ոչ թե հանցավոր հրաման կատարողներն են, զորքերը սահմանից մայրաքաղաք տեղափոխողներն ու խաղաղ ցուցարարներին գնդակոծողները, խայտառակ դատաիրավական գործընթացներ իրականացնողները, այլ` զոհվածներն են ու նրանց հարազատները, ընտրակեղծիքները չհանդուրժած հասարակությունը: Անգամ հեղափոխությունից հետո մենք ոչ մի ափսոսանք, ոչ մի ցավ, ոչ մի զղջում չլսեցինք հայտնի հանցագործներից: Եվ դեռ մի բան էլ մեղադրում են իշխանություններին, թե ինչու՞ են խորանում Մարտի 1-ի գործի մեջ, բոլոր կողմերին մեղավոր հռչակելով լղոզում փաստերը` առաջարկելով թեման շրջանցել ու զբաղվել երկրի տնտեսության զարգացմամբ: Ես պիտի ասեմ, որ սա ամենավտանգավոր մոտեցումն է: Եվ ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` մինչև արդարություն չհաստատվի, տնտեսություն և երկիր զարգացնել հնարավոր չէ:
Թեև ուշացումով, բայց դատաիրավական ոլորտում էլ սկսվել են հեղափոխական գործընթացները: Իշխանությունն ավելի շուտ պիտի համոզվեր, որ նախկին ռեժիմի ամենաայլասերված ոլորտը` դատաիրավական համակարգը, ինքնուրույն վերափոխվելու ո’չ կարողություն և ո’չ էլ ցանկություն չունի: Ուստի, հեղափոխության ձեռքբերումները կործանումից կանխելու առաջնահերթ պայմանը դատաիրավական ոլորտի հիմնովին բարելավումն է: Ամենաամուր պետությունն անգամ այսպիսի դատաիրավական համակարգի պատճառով կարող է փլուզվել:
Ըստ իս, ամենակարևորն ու ամենաընդգրկունը մտքի, գաղափարի, մտածելակերպի, միջավայրի, անձի, մի խոսքով` մշակութային հեղափոխությունն է, որը կանգառում է, շատ դժվար է տեղից շարժվում: Սա ամենադժվար ու երկարաձիգ ուղին է: Եվ այստեղ է, որ կառավարությունն ունի մտավոր դասի աջակցության կարիքը: Ե՞րբ մեր ձայնն ավելի ուժգին ու լսելի կլինի. այն դեպքում, երբ մեր քննադատությունը կլինի դիպուկ, տեղին, անկեղծ ու սրտացավ: Միշտ ունեցել եմ այս մոտեցումը, որ ցանկացած իշխանություն պետք է զսպվի և զգաստանա մտավոր դասի կողմից: Ոչ մի դեպքում չարժե թեկուզ ամենաբարձր լեգիտիմությամբ օժտված իշխանությանը քծնել որևէ բան պոկելու, թռցնելու, ստանալու ակնկալիքով` լինի շքանշան, պարգև, կոչում կամ պաշտոն: Կոչումներ և պարգևներ շնորհելու երևույթը պետք է վերացնել: Թող կոչումները պահպանվեն միայն զինվորականների համար: Մնացյալ բոլոր դեպքերում այդ երևույթը պետք է արմատախիլ արվի: Ընդհանրապես, ցանկացած իշխանություն քննադատելի է: Իշխանությունը չէ, որ պետք է իմ` բժկիս, արվեստագետի, մտավորականի գնահատականը տա: Ե’ս պիտի գնահատեմ իշխանությանը, այլ ոչ իշխանությունն` ինձ:
Եվս մեկ անգամ թախանձագին դիմում եմ իշխանությանը` խորշեք քծնանքից, կեղծավորությունից: Թույլ մի տվեք, որ մտնեն: Դուրս շպրտեք «մոմիկներին», որոնք մի տեղից դուրս չեկած` մյուս տեղն են մտնում: Սովոր են: Անիմաստ է նրանց դիմել, այդ պատճառով իշխանությանն եմ դիմում: Հեղափոխությունից հետո նրանց դիրքորոշումից կարելի է եզրակացնել, իբր նրանք 20 տարի շարունակ ծպտված պայքարել են հանրապետական ռեժիմի դեմ: Նախկիններին մեզնից կրծքով պաշտպանած ու նրանցից ամեն ինչ կորզած` կոչում, մեդալ, գիտական աստիճան, անհավատալի արտոնություններ և այլն, այսօր կարող են նաև թունդ հեղափոխականի դիրքերից հանդես գալ: Այս խավի ու այս երևույթների դեմ եմ մշտապես պայքարել: Այս միջավայրի դեմ է իմ պայքարն ու իմ խոսքը, թեկուզ ինձ համարեք «քաղաքական կամ մշակութային ռասիստ»: Այո, «ռասիստ» եմ: Հին միջավայրի պահպանումն ու շարունակումը համարում եմ անթույլատրելի: Չէի ցանկանա, որպեսզի այն «անվանիներն» ու «պատվավորները», ովքեր երբեք չմեղադրեցին մարդասպան ռեժիմին, հակառակը` հերթ կանգնած մեղադրում էին քաղբանտրակյալներին, պայքարող հասարակությանը, անգամ` զոհերին, ահա, այս հնացած ու մաշված, բազմակի օգտագործված դեմքերը դարձյալ հեռուստաեթերից նույն հաճախականությամբ իրենց «իմաստուն խորհուրդներով» հանդես գային: Այս առումով հույսերս մեծացել էին Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի նշանակմամբ: Մինչդեռ Տ. Պասկևիչյանի անհարմարավետությունը Հանրայինում և նրա հրաժարականը խոսում են հին միջավայրի պահպանման մասին: Նոր ու թավշյա միջավայրում, թերևս, պիտի որ առաջին հերթին Պասկևիչյանն ազատ զգար ու անկաշկանդ գործեր, բայց եղավ հակառակը:
Հեղափոխության կայացման ու անշրջելիության ցուցիչը համապատասխան միջավայրի ձևավորումն է: Կարողանու՞մ ենք խուսափել կեղծ արժեքներից, գնահատականներից, քանի՞սը նախկին պաշտոնյաներից` նախարարներ, քաղաքապետեր, մարզպետներ, դատավորներ ու դատախազներ, ինքնակամ հրաժարվեցին գիտական աստիճաններից ու կոչումներից: Քանի՞սը խոստովանեցին, որ կեղծել ու պղծել են նաև գիտությունը, որ արժանի չեն այդ կոչումներին և գիտական աստիճաններին: Եղա՞ն հրաժարվողներ: Իհարկե, ոչ: Միևնույն է, հասարակությունը հասունանալու է այն աստիճանի, որ մասնագետին և նրա որակը գնահատելու է ոչ թե կոչումներով ու գիտական աստիճանով, այլ ստեղծած արժեքով և իրական արդյունքով: Այսօրվա Հայաստանում շատ դեպքերում պարզապես պետք է խուսափել բարձր տիտղոսներից` փուչ ու դատարկ: Գնահատականներ ենք շռայլում` համաշխարհային, աշխարհահռչակ, հանճարեղ: Ով ասես մաեստրո է: Կարդում եմ` «Մաեստրո Սերգեյ Սմբատյան»: Միշտ պետք է պահպանել չափի զգացողությունը: Ճիշտ գնահատել սեփական կարողությունները: Դուք այս ընթացքում ականատես եղա՞ք որևէ դեպքի, երբ առաջարկված պաշտոնից հրաժարվեին` համարելով իրենց ոչ համապատասխան կամ տվյալ պաշտոնի համար ոչ կոմպետենտ: Չեղան այդպիսի դեպքեր:
Մի անգամ վարչապետը պատմեց, թե ինչպես է մարդն իր աչքի առաջ «քանդուքարափ» եղել: Ի՞նչ հեղափոխական, եթե գործդ թերի ես կատարում, պրոֆեսիոնալ չես ու «քանդուքարափ» ես լինում: Այդ մարդն, ուրեմն, ամենամեծ հակահեղափոխականն է:
Այն, ինչ ներվում էր ոչ լեգիտիմ իշխանությանը, չի ներվելու համաժողովրդական վստահության արժանացած իշխանությանը: Եվ ոչ միայն իմ, այլև ողջ հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները մեծ են այսօրվա իշխանություններից: Ու լավ է, որ այդպես է: Ուստի, մի մաշեցրեք Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու հեղինակությունը, որն այնքան անհրաժեշտ է կենսական ու կարևոր հարցերի լուծման համար:
Կուզեի ավելի հետևողականություն տեսնել, շատ գործընթացներ ավելի տեմպով ընթանային: Կադրային այս սուղ պայմաններում չխրտնեին տարիքից ու փորձից և հակառակը` խորշեին անբարոյականներից ու քծնողներից: Վարչապետի շրջապատում կուզեի տեսնել սեփական տեսակետ ունեցող, առաջարկը պնդող, հակադրվելու ունակ գործիչների:
Բայց շատ չե՞ն իմ պահանջներն ու քննադատությունը: Մի՞թե այսքան շոտ մոռացանք, թե ուր էինք մենք մեկուկես տարի առաջ: Մենք այնպիսի փոփոխությունների ականատեսն ու մասնակիցը դարձանք, ինչի մասին տարիներ շարունակ երազում էինք, պայքարում և հուսահատ շարունակում մեր ոչ հաղթական պայքարը: Հիմա մենք ավելի ազատ ենք շնչում, ավելի անկաշկանդ ենք գործում, սեփական երկրում օտարված լինելուց հետո նորից տիրոջ կարգավիճակում ենք: Քսան տարի անց նորից վերականգնված է սահմանադրական կարգը: Ազատ ու արդար ընտրություններ ենք անցկացնում: Կպատկերացնեի՞նք:
Մեր բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները եղել են բարձր լեգիտիմությամբ օժտված իշխանությունների ժամանակ: Լեգիտիմությունն ու ժողովրդավարության մեծ պաշարը, միջազգային բարձր հեղինակությունն ու վարկանիշը ավելի համարձակ և անկաշկանդ գործելու հնարավորություն են տալիս, որպեսզի քննարկվեն մինչ այժմ անլուծելի համարվող ու ձախողված հարցեր: Համենայն դեպս, հնարավորինս հայանպաստ լուծումների կարելի է հասնել միայն այս պայմաններում: Եվ ես համոզված եմ, որ մեծ հաղթանակներ ու ձեռքբերումներ կլինեն: Միայն կուզեի իշխանական գործելաոճում տեսնել ավելի մեծ հետևողականություն և տեմպ: