Փաշինյանի անվտանգությանը սպառնալիք կա. Իրավիճակը լավը չէ…

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի, մասնավորապես խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։ Ըստ ամենայնի՝ ընտրություններ կարող են լինել տարվա առաջին կեսին։ Ինչպիսի խորհրդարան հնարավոր կլինի կազմավորել։Արդյո՞ք հնարավոր կլինի համոզված ասել, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված կլինի այդ ընտրություններով։ Սա կարճաժամկե՞տ, թե՞ միջնաժամկետ հեռանկարի համար լուծում կարելի է համարել։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հասցնի քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ կազմակերպություններից դուրս գտնվող կուսակցություններին օրինական ճանապարհով, կառավարության, ԱԺ որոշումներով կարողանա դարձնել մրցունակ, անշուշտ, և՛ ինքը կշահի, իրենից հետո կթողնի արված գործ, և՛ ՀՀ-ն կշահի, որովհետև Հայաստանում առայժմ բացակայում է քաղաքական մրցակցությունը՝ քաղաքական կուսակցությունների տկարության պատճառով։

«Եթե Նիկոլ Փաշինյանը, պայմանականորեն ասած, հարյուր օրում հասցնի ձևավորել մրցակցային մթնոլորտ քաղաքական ուժերի համար, ուրեմն մենք կունենաք ազատ թափանցիկ ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի ԱԺ-ում քաղաքական հարթակ և Հանրապետություն կշահի, իսկ եթե նա «ռակիրովկա» ռեժիմով աշխատի, այսինքն հետ վերադարձնի իշխանությունը քրեաօլիգարխիկ համակարգին՝ ստանալով իր փայը, որովհետև այս պայմաններում ոչ մրցակցային պայմաններում ՔՊ-ն ունի ստարտային առավելություն, քանի որ իրենց հակառակորդն իրենցից վատն է, ապա քաղաքացիները ստիպված են լինելու ընտրել շատ վատի և վատի միջև: Հասկանալի է, որ դա ժամանակավոր, սխալ, անհեռանկար և հանցավոր որոշում կլինի՝ կործանարար ՀՀ քաղաքական կյանքի համար»,-ասաց Ազատ Արշակյնը:

Հարցին, թե արդյոք 100 օրը կարճ ժամանակ չէ նման խնդիր լուծելու համար, նա արձագանքեց. «Այնպես, ինչպես արվեց հեղափոխությունը, ճիշտ այնպես, ինչպես ձախողվեց հեղափոխական ծրագիրը, այնպես էլ նույն թիմը այդպիսի կամային հատկություններով եթե գործի, հարյուր տարին էլ քիչ է քաղաքական բարեփոխումների համար: Բայց եթե դրսևորի քաղաքական կամք, ոչ թե 100 օրում, այլ ավելի կարճ ժամանակում կարելի է Հայաստանը դարձնել ազատ մրցակցության թատերաբեմ։ Մենք հույս ունենք, որ սեփական անվտանգության հանգամանքից ելնելով Նիկոլ Փաշինյանն անձամբ շահագրգռված է գոնե այդտեղ հեղափոխություն անելու։

Ազատ Արշակյանը համոզված է, որ իրոք Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը սպառնալիք կա. «Եղել են բազմաթիվ սխալներ, պատերազմին չնախապատրաստվելը, Հայաստանին մեկուսացնելը Մինսկի խմբի դաշնակիցներից՝ խորացնելով հարաբերությունները բռնապետությունների հետ, դրանք հանցագործություններ են: Բարեկամ լինել հանցագործ ռեժիմի հետ, նույն է, թե լինել հանցագործ: Ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու. այդ բանաձևով ինքը պատասխանատվության է ենթարկվելու։ Բացի այդ, ունենք պատերազմի ողբալի և աղետալի արդյունքներ,մ որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, նախևառաջ գերագույն գլխավոր հրամանատարը։ Այդ հազարից ավելի քրեական գործերը մեղադրող կողմի համար Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործեր են, վատ կառավարման, սխալ կառավարման, ռազմական գործողությունների տապալման վկայություններ են։ Իրավիճակը լավ չէ, ինքն էլ տաք է, չի զգում, անվտանգության բնազդները չեն աշխատում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: