ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի բանակից գողանալու դեմ. Արթուր Վանեցյան

Կատարելով մեր հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ մենք օրնիբուն աշխատել և աշխատում ենք՝ լուծելու համար նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի համակարգային  կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հայտնաբերելուն ուղղված խնդիրները։

Այս մասին Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի»,-շեշտեց նա:

Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ 2018 թվականի 11 ամսվա ընթացքում նորաստեղծ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության մասնագետների ջանքերով խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման փորձ, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

ԱԱԾ տնօրենը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Արթուր  Վանեցյանն անդրադարձել է նաև բանակում կոռուպցիոն սխեմաների  դեմ պայքարին:

Նա հիշեցրեց, որ հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ:

«Գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք և տասնյակ հազարի հասնող փամփուշտ, անթույլատրելի է բանակից գողանալը, և ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»,- շեշտել է  ԱԱԾ տնօրենը:

Понравилась статья? Поделиться с друзьями: