ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիրը, այս պահին մեզ հայտնի չէ: Առաջիկայում նա կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ»,- ասել է Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նաև նշել է, որ իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ Սարգսյանների բնակարանում հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին:
«Իրականացվել է քննություն և բոլոր հանգամանքներն ի հայտ են եկել: Նկարներ ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին»,- նշել է նա:
Արթուր Վանեցյանը չի նշել, թե որքան է նկարների գումարային արժեքը: