Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է…

Օնիկ Գրիգորյանն Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր:Մարդ, ում պաշտոնավարման ընթացքում զինվորները թիկունքային խնդիրներ չունեին: Օնիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլի 2-ին:  Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հինգ սպայից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը եւ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, օգնության հասնելով 112 դիրքի անձնակազմին՝ անմիջապես նետվել է մարտի:

Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել են նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն, խմբի ամբողջ կազմը ընկել է քաջի մահով:

Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չէր կարող վարվել. չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:

Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. լսելով հարձակման լուրը՝ հինգ սպաներով, առանց րոպե կորցնելու, նետվել են մեքենայի մեջ եւ օգնության շտապել դիրքում մնացած զինվորներին, ընդունել մարտը: Երկու տեղից վիրավոր Օնիկը կռվել է մինչեւ վերջ: Տեսնելով, որ հակառակորդը հրետակոծում է այն ճանապարհը, որտեղով օգնության պիտի հասնեին, խրամատում գտնվող զինվորներին հրամայել է պահունակները տալ իրեն եւ լքել խրամատը։ Գիտեր, որ այդ խրամատները, այդ բարձունքը չի կարելի թողնել թշնամուն:

Հերոսի մարմինը ծննդավայր է հասել ութ օրից հետո, այդ ամբողջ ընթացքում ընտանիքն ու ընկերները, իրենք իսկ չհավատալով, հույս էին պահում, որ Օնիկը ողջ է: Այդ օրերին ադրբեջանական կայքերից մեկը, որն ավելի շատ էր առանձնացել սահմանում իրենց զինուժի հաղթանակների մասին հորինվածքներով, տեղադրել էր զոհված հայ սպայի նկարն ու գրառում թողել, որ իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական հատուկ նշանակության  ջոկատի հրամանատարին:

Թիկունքի գծով տեղակալի գրեթե միայնակ վարած մարտը խուճապահար հակառակորդի մոտ նման տպավորություն էր թողել: Վիրավոր Օնիկը կռվել էր մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:

«Որդուս՝ Հովիկին փոխանցեք, որ իր վրա վերցնի ընտանիքի պատասխանատվությունը»,- մահվանից առաջ ասել է զինակից ընկերներին:

Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։  Ցուցաբերած բացառիկ արիության եւ անձնազոհության համար փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: