Անսպասելի ուղերձ Վաշինգտոնից. Նոր բացահայտումներ…

Անցնող շաբաթ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում արցախյան գործընթացի վերաբերյալ հետաքրքիր դիտարկումներ էր արել ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, որը Մինսկի խմբում պաշտոնավարում էր այն շրջանում, որի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվում է «Մեղրու փոխանակման տարբերակի» հավանություն տալու մասին մեղադրանք:

Այդ մեղադրանքը իհարկե քաղաքական հարթության վրա է, բայց այն հնչեցնողները դա կապում են հոկտեմբերի 27-ի հետ, ասելով, թե այդ տարբերակը կարող էր լինել պատճառներից մեկը:

Մեղրու «տարբերակի», դրա ռացիոնալության կամ իռացիոնալության, փաստարկվածության կամ մանիպուլյատիվության թեմային անդրադարձս Արյունոտ տեղապտույտ. Մեղրիի «փոխանակման» տարբերակը հոդվածն է:

Փաստացի, ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն ավելի ուշ Ամերիկայի ձայնին տված իր հարցազրույցում շոշափում է դրանում արծարծված խնդիրը՝ արցախյան հարցում Հայաստանի հանրության մտապատկերն ու այսպես ասած աշխարհայացքային-գաղափարական հայեցակարգային բազան մաքրելու, արդիականացնելու եւ ռեգիոնալ ու համաշխարհային իրողություններին համարժեքացնելու հարցը: Այն հայկական պետականության եւ ընդհանրապես համաշխարհային հայկական դերակատարության համար կարեւորագույն հարց է:

Իսկ այդ դերակատարումն ինքնին հիմնարար նշանակություն ունի այն իմաստով, որ հայկական պետականության անվտանգության հարցում դրա ամբողջությունը առանցքային է: Կամ մենք՝ հայերս կստանձնենք մեր դերը ամբողջությամբ, առանց «փոքրության» նվաստացուցիչ բարդույթի, կամ մենք մշտապես գտնվելու ենք պետական անվտանգության անկատար, կիսատ, թերի ռեժիմում:

Խնդիրն, ավելի շուտ, համարժեքությունը վերականգնելն է, քանի որ արցախյան շարժումն իր խորքում գործնականում այդ համարժեքության վկայություն էր, իսկ դրա պատերազմական փուլի հաջողությունը մտագաղափարական ասպեկտում այդ համարժեքության գերակայության արդյունք, որը սկսեց նահանջել պատերազմից՝ այլ կերպ ասած արտակարգ ռեժիմից հետո եւ զիջել դրա ընթացքում հիմնականում հատվածային դրսեւորում ունեցած «փոքրության» բարդույթներին: Պատերազմից հետո իրավիճակը քայլ առ քայլ իրենց ձեռք վերցրին բարդույթները եւ ստորին բնազդները, աստիճանաբար լրջագույն վտանգի առաջ դնելով պետականությունը:

Որպես արատավոր էֆեկտ ի հայտ եկավ արցախյան հարցում մանիպուլյատիվ գործոնը: Քանի որ իշխող շերտը պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսեց քաղաքական շահի համար օգտագործել արցախյան հարցը, որպես հակադիր ռեակցիա այդ հարցի օգտագործումը տարածվեց նաեւ ընդդիմության մարտավարական պարկում: Հետեւանքը եղավ այն, որ Արցախի հարցի վերաբերյալ հանրային-քաղաքական լրջագույն դիսկուրսի փոխարեն, Հայաստանում հետպատերազմական շրջանում ձեւավորվեց մանիպուլյատիվ հսկայական դաշտ, որում իր տեղը գտավ նաեւ «Մեղրու տարբերակը», որի գեներատորները օգտվեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային մեծ բացասական վերաբերմունքի հանգամանքից, երբ Քոչարյանին կարելի էր շահեկանորեն վերագրել ցանկացած մեղք՝ հանրությունը կմարսեր դա առանց հարցնելու:

Մինչդեռ, թե ինչ վնաս է հասցրել դա Ռոբերտ Քոչարյանին, պետք է չափել, իսկ ահա Հայաստանին, հանրային կարծիքի դիմադրունակությանը հասցված վնասը բավականին մեծ է:

Քերի Քավանոն գործնականում կամա թե ակամա առաջարկում է հանրությանն ազատել այդ վնասից, կամ վնասաբեր գեներացիայից: Նա «Մեղրու» առումով ասում է, որ իրականությունն ու սեղանին եղած տարբերակներն այլ են եղել եւ ոչ այդչափ պարզունակ: Ընդ որում, համանախագահը նշում է, որ համաձանության հարցն էլ միարժեք չէ: Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ մանրուքներն անգամ էական նշանակություն կարող են ունենալ Կովկասի ռեգիոնալ վիճակի համար:

Քավանոյի առաջնային ուղերձն առնչվում է հենց Արցախի հարցում մանիպուլյատիվ, այն է՝ «պարզունակ» շահարկումներից ձերբազատվելու, ռեգիոնալ իրավիճակի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մանրուքները դիտարկելու, հետեւաբար մատուցվող վարկածները հենց այդ՝ մանրազնին ռեժիմում քննարկելու անհրաժեշտությունը, շահարկումներից եւ կոնյուկտուրային խաղերից պաշտպանվելու համար:

Գործնականում, Քերի Քավանոն՝ նախկին համանախագահը փոքր ինչ ավելի դետալացված ասում է այն, ինչ ավելի ուղիղ ասել էր Հայաստանի հետ աշխատած ամերիկացի մեկ այլ դիվանագետ՝ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը, Հայաստանում իր առաքելությունն ավարտելիս տված հարցազրույցներից մեկում, 2018 թվականին:

Միլզը ասել էր, որ հայ ժողովուրդը դեմ է հող հանձնելուն, մինչդեռ 25 տարի եղել է տպավորություն կամ կարծիք, թե հայերը համաձայն են դրան: Այլ կերպ ասած, Միլզը բացահայտել է 25-ամյա մանիպուլյացիաների ավելի լայն շրջանակը, արձանագրելով, որ որոշողն իրականում հայ ժողովուրդն է, եւ նա ունի իր որոշումը, մնացյալը մանիպուլյացիաներ են: Ընդ որում, Միլզը արձանագրել էր, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ ժողովրդի մոտեցման հիմնավորվածությունը:

Քավանոն գործնականում արձանագրում է, որ հայ ժողովրդի համար խնդիրը ոչ թե տարատեսակ վարկածների «մեղավոր» ու «անմեղ» փնտրելն է, այլ հակառակը՝ բոլոր ուժերին սեփական մոտեցումը պատվիրակելն ու պարտադրելը: Փաստացի այն, ինչի մասին նաեւ շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանն էր խոսել, որ անհրաժեշտ է Արցախի հարցի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման ձեւակերպում եւ պատվիրակում: Այն եւս դարձավ շահարկումների առարկա, թե վարչապետը չունի իր մոտեցումը: Մինչդեռ խնդիրը հենց այն է, որ Արցախի հարցը հայկական պետականության եւ հայ ժողովրդի համար կենսականորեն կարեւոր եւ բարձր արժեք ունեցող հարց է՝ այն որեւէ գործչի կամ որեւէ ուժի լոկ քաղաքական մոտեցման մակարդակի թողնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: