Աշոտ Ահարոնյանը՝ Երևանում տեղի ունեցող խցանումների մասին…

Երևանում կայանատեղերի և երթևեկության խնդիր կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Նրա խոսքով՝ 2017թ. ՀՀ տրանսպորտային միջոցներն ավելացել են 38 260-ով, 2018-ին՝ 73 562-ով, իսկ 2019թ. ապրիլի 29-ի տվյալներով՝ 32 115 տրանսպորտային միջոցով: Նա նշեց, որ այդ տրանսպորտային միջոցների մոտ 50 տոկոսը շահագործում է Երևանում:

 

«Տրանսպորտային միջոցի միջին երկարությունը 5 մետր է: Մոտավորապես 2 տարի 3 ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երևան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի, ստացվում է՝ 110 հա տրանսպորտային միջոց միայն Երևանում է, իսկ եթե դա վերածենք հրդեհային նորմերը պահելով, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երևանում տարածք է պետք, որպեսզի Երևանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանեն: Մենք նաև վերլուծություն ենք կատարել Կրկեսի, Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս խաչմերուկներում: Վերցրել ենք մեկ երթևեկելի գոտի, և հաշվարկային վերլուծությամբ պարզել, որ նախատեսված 450 մեքենայի փոխարեն՝ այդտեղ երթևեկում է 875-ից մինչև 925 ավտոմեքենա, այսինքն՝ կրկնակիից ավելին»,- ներկայացրեց Կարապետյանը:

Լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյոք մայրաքաղաքի որոշ հատվածներում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե՝ տուգանքներից խուսափելու համար, Կարապետյանը պատասխանեց, որ կարող են անգամ 10 րոպե դարձնել, սակայն մեկ րոպե ավելացնելու դեպքում անգամ խցանումները կրկնակի ավելանալու են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նկատեց, որ աշխարհում չկա մեկ գերխոշոր քաղաք, որը խցանումների խնդիր չունենա. «Երևանում խցանումներ չկան, ես կասեի, դա դանդաղ ընթացք է, որովհետև, ի տարբերություն այլ խոշոր քաղաքների, մենք Երևանում խցանում չենք ունենում, որ ժամերով երթևեկությունը կանգնած մնա, այստեղ ուղղակի դանդաղում է»,- հավելեց Աշոտ Ահարոնյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: