Աշոցքում հունվարի 26-ին բացվեց դահուկային կենտրոն:

Աշոցքում հունվարի 26-ին բացվեց դահուկային կենտրոն: Կենտրոնը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է ՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակերպի զարգացմանը և զբոսաշրջիկների ներգրավմանը: Կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզի և Աշոցք համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնի նպատակն է նպաստել Աշոցք համայնքին, զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաև օգնել մարզիկներին՝ մասնակցելու մրցույթների ու վերապատրաստումների: Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան՝ Աշոցք համայնքի հետ համատեղ:
Պյոտր Սվիտալսկին փաստեց, որ կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ: Ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունը՝ «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիա»-ի հետ համատեղ, ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ծրագիրը ողջունեց ինչպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, այնպես էլ Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կանեն Մանուկյանը:
«Հուսով եմ՝ այս ծրագիրը լավ շարունակություն կունենա: Մենք ուզում ենք առաջինը ներգրավել ընտանիքներին, ենթադրում ենք նաև, որ գյումրեցիները և երևանցիները կհետաքրքրվեն և կգան Աշոցք և կզբաղվեն դահուկավազքով: Աշոցքը այդ առումով հրաշալի վայր է, քանի որ նոյեմբերից սկսած ձյուն ունի մինչև մարտ: Վստահ եմ, որ տարածքի բնակչությունը ևս վաստակել է ավելի արժանապատիվ ապրելու իրավունքը և համոզված ենք, որ դրան նպաստելու հիմնական միջոցը տուրիստներին ուղղորդելն է այստեղ»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Պյոտր Սվիտալսկին:


Ծրագրի շրջանակներում տարածքում կառուցվել է նաև փոքրիկ կենտրոն, որը կծառայի որպես հանդերձարան, խորտկարան և գիշերակացի վայր: Առաջիկայում կստեղծվի ավելի քան 50 կմ դահուկավազքի ճանապարհ: «Ազատ դահուկավազքը որպես այդպիսին շատ ավելի մատչելի է և հասանելի բնակչության լայն խավերի համար և ավելի հարմար է»,-հավելեց Պյոտր Սվիտալսկին:

Արմենուհի Մխոյան

Понравилась статья? Поделиться с друзьями: