Առաջին անգամ հուսալի և ոչ շինծու վիճակագրություն ենք ունենալու, սա է լինելու էտալոնը, ոչ թե նախկինում լցոնվածները:Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ ընտրությունների մասնակցությունը առաջին երեք ժամում ցածր է՝ ԿԸՀ-7,76%, համեմատած 2017թ. ապրիլի 2-ի ընտրության նույն ժամանակահատվածի հետ՝ 13 և ավելի տոկոս էր: Ես ավելին ասեմ` եթե էն նախորդ ընտրությունների հետ էլ համեմատեք՝ 2012, 2007 և այլն, նույնպես ցածր կլինի: Իհարկե, ոմանք իրավունք ունեն բացականչելու. «Աստված իմ, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու, որքա՞ն կարելի է…»:

Իսկ ես կարծում եմ, որ առաջին անգամ իրական մասնակցության ցուցանիշներ ունենք և ունենալու ենք ամբողջ օրվա ընթացքում: Առաջին անգամ հուսալի և ոչ շինծու վիճակագրություն ենք ունենալու, սա է լինելու էտալոնը, ոչ թե նախկինում լցոնվածները: Այս անգամ մեքենաներով և չոբաններով քվեարկիչների չեն քշում տեղամասեր, փող շաղ չեն տվել տեղամասերի կողքուբոլորը ու հազիվ էլ շաղ տան, որ առնետները հավաքվեն փողի հոտի կողմը, էս անգամ աշխատողներին չեն ասել՝ կգնաք կքվեարկեք, հետո անձնագրի միջի դրոշմը վռազ կբերեք` տեսնենք, որ քվեարկել եք, չեն ասել՝ հանկարծ այս կենդանու օգտին չքվեարկեցիր՝ գործից սիկտիր կանենք, ու ահագին մարդ մնացել է աչքը դռանը, թե երբ են գալու, 10.000-նոցը դնեն դեմը, տանեն, էն բանից անեն, բերեն, ու տնից դուրս չեն գալիս: Իսկ ով ընտրություն է ուզում անել, նրանք են գնացել և ընտրել են ու գնալու են ընտրեն, դարդ չանեք: Այս խումբն ավելի շատ ջահելություն ունի իր մեջ, քան` նախորդ խումբը: Ջահելությունն էլ որպես կանոն ուշ է արթնանում, որովհետև ուշ է քնում: Համանման մի պատկեր էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, ամբողջ ցերեկը ողբում ու կռռում էին, թե բա մասնակցությունը ցածր է, ուրեմն լեգիտիմ չէ: Այդպիսի «իրավաբաններ» էին առաջացել սեպտեմբերին:

Իհարկե, ելեք գնացեք ընտրության. դուք պատմություն կերտմանն եք մասնակցում, առանց չափազանցության: Որքան էլ ընտրույթունների արդյունքները հիմնականում հայտնի են, որքան էլ ձեր սրտով լինեն կամ չլինեն այս ընտրությունները, ելեք գնացեք, քվեարկեք, հետո թոռներին պատմելու բան կունենաք, կասեք, որ դուք մասնակիցն եք եղել այս աննխադեպ, օրինական և արդար ընտրությունների: Եվ վերջապես, իմացեք, որ գործող Ընտրական օրենսգրքով չկա մասնակցության որևէ նվազագույն շեմ, որից ցածր մասնակցություն լինելու դեպքում ընտրությունները կհամարվեն չկայացած: Չկա նման բան: Այսինքն, եթե այս պահից սկսած այլևս ոչ ոք չմասնակցիր ընտրություններին, եղած մասնակցության արդյունքներով էլ ձևավորվելու է խորհրդարանը: Չմասնակցողների պատճառները, բացի վերը նկարագրվածը, կարող են բազմազան լինել, սկսած եղանակից, վերջացրած ընտրությունների և արդյունքների նկատմամբ լիակատար վստահությամբ կամ լիակատար անվստահությամբ: Ամեն դեպքում էս ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, և ոչ թե հանցագործները, չմտածեք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: