Ատակ Զեյնալյանը համաներվողներին հորդորեց այնպես պահել իրենց, որ հանրությունը չփոշմանի..

 

Համաներման մասին օրենքի նախագծի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով կարող են ներկայացվել առաջարկություններ և փոփոխություններ, որոնք ենթակա կլինեն քննարկման: Բայց համաներման ակտը կարող է դրվել քվեարկության բացառապես կառավարության ընդունած տարբերակով, սա առանձնահատկություն ունի այլ օրենքների նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նա անդրադարձավ հարցին, որ այս ծավալի համաներումը կարող է բարձրացնել հանցավորության մակարդակը, իրավապահները պատրա՞ստ են այդ սցենարին: «Ես ներկայացրեցի վիճակագրական տվյալներ նախկին համաներումների վերաբերյալ, թե որքան անձ է կրկնահանցագործություն կատարել համաներման ակտից հետո: Եվ այդ ցուցանիշները շատ մեծ չեն: Այո, մենք այս ամենը նկատի ունեցել ենք և այս չափով ենք կարողանում իրականացնել համաներում՝ հաշվի առնելով մեր ռեսուսրները՝ ոստիկանության, ԱԱԾ ռեսուրսները:

Միաժամանակ, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում, մարդկայնորեն դիմում ենք անձանց, ովքեր ներվելու են, որպեսզի նրանք շատ ավելի ուշադիր լինեն մարդկանց իրավունքների նկատմամբ, որպեսզի համաներում իրականացնող կառավարությունը, հանրությունը չփոշմանի համաներման համար»,- ասաց Զեյնալյանը: Նա հիշեցրեց, որ համաներման ակտով բացառվում է համաներման կիրառումը առանձնապես ծանր ռեցիդիվի նկատմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: