Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Ինչպես հայտնի է, նա, անցած տարվա դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ, մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում` իրեն, պարգեւատրել է 104.5 տոկոս դրույքաչափով` կանոնադրության մեջ գումարի չափը չնշելով: Անգամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 100-ը թույլատրելի է օրենքով, 104,5-ի 4,5-ը` խնդրահարույց, ինչի հետ կապված նախարարը մարզպետի հետ հեռախոսազրույց է ունեցել: Նրա խոսքերով` օրենքն արգելում է վերադարձնելը. եթե անգամ ցանկանա, չի կարող անել, կարող է ստանալ, նվիրել մանկատանը, դա մարզպետի հայեցողությամբ կլինի: Պարզվում է, որ Արարատի մարզպետարանում պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը, որն այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա հունիսի 13-ին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բաղիրյանի հետ: -Դուք նույնպե՞ս պարգեւատրվել եք: -Այո, պարգեւատրվել եմ: -Դարձյալ աշխատավարձի՞ չափով… -Չեմ հաշվել, հնարավոր է: -Պարո՛ն Բաղիրյան, որքա՞ն է կազմում Ձեր աշխատավարձը: -234 հազար դրամ: –Այսինքն` 234 հազար դրամի չափո՞վ եք պարգեւատրում ստացել: -Մի փոքր ավելի… -Իսկ ի՞նչ խորհուրդներ եք տվել: Արդյոք այնպիսի խորհուրդներ եք տվե՞լ, որ մարզը զարգացել է, բարգավաճել: -Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ աշխատանքը, բայց կարծում եմ` այո: -Դուք Ձեզ արժանի՞ եք համարում այդ պարգեւատրմանը: -Այո, այն դեպքում, երբ ամբողջ անձնակազմը պարգեւատրումից օգտվել է: -Պարո՛ն Բաղիրյան, հետաքրքիր է` ի՞նչ խորհուրդներ եք տվել: Խնդրում եմ, կնշե՞ք մեկ, երկուսը, որոնք մարզի համար դրական ազդեցություն են ունեցել: Ինչո՞վ եք օգնել մարզի աշխատանքին: -Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ, աշխատում եմ ամենաօպտիմալ, ճիշտ տարբերակներով օգտակար լինել: -Ի՞նչ թեմա են Ձեզ հետ քննարկում, ո՞ր ոլորտի մասին: -Ներքաղաքական, մասնավորապես… -Դա ինչո՞վ է օգնել մարզին, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ: Խորհրդարանական ընտրությունների՞ համար եք աշխատել… -Հա… ուզում եմ մասնավոր օրինակներ մտաբերել, բայց իմ համար դժվար է: -Այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, օգնե՞լ եք կուսակցությանը… -Պատահել է, պատահել է… Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել եւ երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել: -Ասում եք` ներքաղաքական բնույթի խորհուրդներ եք տվել մարզպետին, գուցե ընտրություններին աշխատելո՞ւ համար եք պարգեւատրվել: -Ոչ: Եթե Դուք նկատել եք, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները այդ պարգեւատրումը ստացել են: Աշխատակազմն էլ է ստացել, այնպես չէ, որ բացառություն է արվել: Ես չեմ կարծում, որ դա ճոխություն է, որեւէ այլ ծրագրից չի հանվել, կտրվել, ֆոնդի տնտեսում է եղել, որն Ամանորից առաջ բաշխվել է: Գուցե 4.5 տոկոսը վիճելի է համարվում. օրենքը, հավանաբար, վստահ չեմ, միգուցե թույլ չի տալիս 100 տոկոսից ավելին: Եթե այո, ապա հետ վերադարձման մեխանիզմ կգտնվի: -Իսկ պարգեւատրումների վերաբերյալ այս խոսակցություններից հետո մարզպետարանում խորհրդակցություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: -Պաշտոնապես նման բան տեղի չի ունեցել, անձնապես չեմ մասնակցել, մարզպետի որոշումն է եղել պարգեւատրելը: -Իսկ ոչ պաշտոնակա՞ն… -Միգուցե եղել է, ես անձամբ չեմ մասնակցել նման խորհրդակցության: Զրուցեց Սյունէ Համբարձումյանը

Понравилась статья? Поделиться с друзьями: