Արարատ Միրզոյանը ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ազգային Ժողովի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերության խորացմանն առնչվող հարցեր, արձանագրելով այդ հարաբերության կարեւորությունը: Սեյեդ Քազեմ Սաջադին խոսել է նաեւ բարձր մակարդակի փոխայցերի կարեւորության մասին, որոնք ըստ նրա ավելի են խորացնում երկու ժողովուրդների հարաբերությունը:

Իրանի դեսպանը կարեւոր է համարել միջազգային հարթակներում Իրանի եւ Հայաստանի արդյունավետ գործակցությունը եւ վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կողքին:

Դեսպանի այդ հայտարարությունն ու խորհրդարանի նախագահի հետ հանդիպումն ընդհանրապես առանձնահատուկ են դառնում միջազգային հարթակներից մեկում՝ Դավոսի տնտեսական ամենամյա համաժողովում Հայաստանի մասնակցությամբ երկու իրողությունների ֆոնին: Խոսքը հունվարի 22-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին է, իսկ մյուսը հունվարի 23-ին Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությունն էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին:

Թեհրանը արցախյան կարգավորման որեւէ նշանակալի հանդիպումից կամ իրադարձություններից հետո շփման մեջ է լինում Հայաստանի հետ: Այդ իմաստով, դեսպանի այցելությունը խորհրդարան ըստ ամենայնի ենթադրել է նաեւ որոշակի իրազեկվածության ապահովում Դավոսում Երեւանի շփումների առնչությամբ՝ դեմ առ դեմ Ալիեւի, եւ հեռախոսով՝ Բոլթոնի հետ:

Իսկ այդ տեսանկյունից էլ դեսպանի հայտարարությունը, որ Իրանը Հայաստանի կողքին է, հուշում է, որ Թեհրանը չի ստացել անհանգստացնող տեղեկատվություն եւ Դավոսում տեղի ունեցողի առումով չի տեսնում իր համար վտանգ:

Հունվարի 21-ին Թեհրանում տեղի էր ունեցել Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի եւ Իրանի ԱԳՆ Եվրասիական բաժնի ղեկավարի հանդիպումը, որտեղ իրանցի պաշտոնյան վերահաստատել էր Արցախի հարցում Իրանի դիրքորոշումը՝ միայն խաղաղ կարգավորում: Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից մեկի հայտնի հայտարարության առաջացրած աղմուկից եւ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո:

Իրանն ըստ երեւույթին Հայաստանի դեսպանից ստացել էր այդ հանդիպման որեւէ մտահոգիչ բնույթի բացակայության հավաստիացում: Սակայն դրանից հետո Դավոսում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ զրույց, եւ Թեհրանը թերեւս անհրաժեշտ համարեց այս անգամ բարձր՝ ԱԺ նախագահի մակարդակում հստակեցնել, թե ինչ է կատարվում, որի արդյունքում փաստորեն հայտարարվեց Հայաստանի կողքին լինելու մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: