Արթուր Սաքունց <<Մանվել Գրիգորյանի դեպքը ցույց տվեց, որ շտապ պետք է ներդնել անցումային արդարադատությունը>>

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն ՍաքունցԷջմիածնում չեն դադարում բողոքի ակցիաներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

Ոչ սովորական անձը, որի հետ կապվում են բազմաթիվ և շարունակական տարբեր պատմություններով բազմաթիվ հանցագործություններ, բնականաբար, հանրության վերաբերմունքը խիստ միանշանակ է ու բացասական, հատկապես իր բնակավայրում, որտեղ այդ ամենը տեղի է ունեցել մարդկանց առջև։ Այլ բնույթի վերաբերմունք դժվար էր ակնկալել հանրային ընկալումներում, և դա տարիներ շարունակ բազմաթիվ հանցագործությունների համար անպատժելի մնացած մարդու նկատմամբ հանրության դժգոհության բուռն արձագանքն է։ Այլ բան ակնկալել չէր կարելի։ Սա ևս մեկ ապացույց է, որ իսկապես հասարակության մեղմ ասած դժգոհությունները նախկին իշխանությունների համար հիմնասյուն հանդիսացող տեղական հեղինակությունների նկատմամբ վերաբերմունքն էր, որ դարձավ թավշյա հեղափոխության պատճառներից մեկը։ Արդարության բացակայությունը, անպատժելի մնալու հանգամանքը և այլն։

Ինչ վերաբերում է քրեական գործին և այդ գործի ընթացքում դատարանների պահվածքին, սա մյուս կողմից վկայում է դատարանների նկատմամբ խորը անվստահության մասին։ Այսինքն՝ մենք դեռևս չէինք էլ կարող ակնկալել, որ կարճ ժամանակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ վստահությունը կարող էր վերականգնվել, քանի որ տարիներ շարունակ հենց նույն դատարանների նկատմամբ եղել է խորը անվստահություն։ Ընտրովի արդարադատության և իմ նշած անպատժելիության հիմքում հենց դատական իշխանության մեղավորությունն է։ Իհարկե, տարիներ շարունակ մենք պնդել ենք, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, որովհետև դատարանը պետք է իրականացնի արդարադատություն և օբյեկտիվ մոտեցում անձի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցում, որովհետև նախկինում միշտ կալանքը կիրառվել է որպես պատժիչ գործողություն, երբ մարդուն վերցնում էին կալանքի տակ ցուցմունքներ կորզելու, քրեական գործով ապացույցներ ձեռք բերելու նպատակով։

Արդյոք այդ ամենը տեղի ունի՞ կոնկրետ Մանվել Գրիգորյանի դեպքում, ես դժվարանում եմ ասել, որովհետև չգիտեմ, տեղյակ չեմ։ Մյուս կողմից, փաստաբաններն այդպես էլ հստակ որևէ տվյալներ չներկայացրին, թեև կային մտահոգություններ, որ Մանվել Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Մեր հարցն ավելի շատ վերաբերում էր նրան, թե արդյոք ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն, որովհետև անազատության մեջ գտնվող անձի առողջական խնդիրների առկայության դեպքում պետությունն ունի պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու պարտավորություն։ Այսինքն՝ եթե կան առողջական խնդիրներ, և բժշկական պատշաճ օգնության տրամադրումը չի կատարվում կամ հնարավոր չէ կիրառել, ապա դա վատ վերաբերմունք կարող է համարվել անձի նկատմամբ։ Այն կադրերը, որ մենք տեսանք ԱԱԾ-ի մեկուսարանից դուրս գալուց հետո, բոլորովին այլ պատկերացումներ էին ձևավորում հանրության մոտ առողջական խնդիրների հետ կապված, որը մենք չենք կարող համեմատել, օրինակ, Վարդան Պետրոսյանի կամ այլ դատապարտյալների պարագայում։ Ներկայում էլ ցմահ դատապարտյալներից ոմանց առողջական լուրջ խնդիրների առկայության մասին ակնհայտ տվյալներ դեռ կան։ Ի՞նչ հիմնավորումներ է ներկայացվել փաստաբանի կողմից կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, ես տեղյակ չեմ և որևէ հստակ պատկերացում չկա։ Բայց որքան հասկանում եմ, դատախազությունը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նման գործերը հասարակական շատ մեծ հնչեղություն ունեն և ուշադրության կենտրոնում են։ Դրանք տարիներ շարունակ նախորդ իշխանությունների օրոք որպես համակարգի անպատժելիության օրինակներ են, որովհետև կապված են այնպիսի գործողությունների հետ, որոնց ժամանակ մարդկանց իրավունքներ են շարունակաբար խախտվել։ Հանրային նման ուշադրության պարագայում այս գործերը հանդիսանում են մեր դատական իշխանության և քննչական մարմինների կոմպետենտության, կարողությունների ցուցանիշներ։

Կարծում եք՝ իրո՞ք Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը, ինչպես ինքը նշեց լրագրողների հետ զրույցում:

Ես հիմքեր չունեմ կասկածի տակ դնելու նրա ասածը, չնայած ինձ համար դա չի կարևորը։ Ինձ համար շատ ավելի կարևոր է արձանագրել հետևյալը. հանրությունը մի կողմից ունենալով ակնհայտ բացասական վերաբերմունք և հստակ վերաբերմունք անպատժելիության հետևանքով պատասխանատվություն չկրած նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, մյուս կողմից ունի խորը անվստահություն դատական իշխանության նկատմամբ, և տարիներ շարունակ չունենալով արդարադատություն, այս պարագայում հանրային վերաբերմունքը դրանց հետևանքն է։ Այստեղ պատժողական մտածելակերպը ձևավորվել է արդարադատության բացակայության հետևանքով, որովհետև նախորդ իշխանությունը հենց պատժում էր։ Քննչական մարմինները երկար տարիներ գործել են հենց պատժողական տրամաբանությամբ, որովհետև այդպիսի հրահանգ է եղել։ Ակամայից առաջ է գալիս եզրակացությունը, որ հիմա էլ պետք է պատժողական վերաբերմունք ցուցաբերվի անպատժելիների նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ իսկապես դեֆորմացված է արդարադատություն հասկացության նկատմամբ հանրության ընկալումը։ Ավելի շատ մենք խնդիրներ ենք արձանագրում, որոնք պետք է լուծվեն։ Շատ մեծ աշխատանք կա կատարելու պետական  ինստիտուտների կողմից իրենց հանդեպ հանրային վստահության ձևավորման առումով։ Եթե հանրությունը ընդուներ, որ կա արդարադատություն, այսինքն կասկած չունենար արդարադատության նկատմամբ, ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բուռն արձագանք չէր լինի։

Մենք արձանագրում ենք, որ անկյունաքարային, հիմնարար նշանակություն ունի Հայաստանում դատական իշխանության և դատավորների ձևավորումը։ Քանի դեռ դա չկա, նման բուռն արձագանքներ պետք է լինեն հատկապես այն անձանց նկատմամբ, որոնք տարիներ շարունակ անպատժելի են եղել իրենց գործողությունների համար։ Սա հերթական անգամ վկայում է այն մասին, թե որքան կենսական նշանակություն ունի անցումային արդարադատության իրականացումը Հայաստանում։ Դրա կարևոր նպատակներից մեկը կլիներ նախ անկախ դատական իշխանության ձևավորումը, ապա նաև դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորումը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Առանց սրա մենք որևէ զարգացման մասին չենք կարող խոսել։

Մյուս կողմից, ես կարծում եմ, որ երբ տարիներ շարունակ ամենատարբեր հանրային հարթակներում բազմաթիվ օրինակներ էին բերվում անպատժելի համակարգի կամ անպատժելիության մասին, կոնկրետ փաստեր էին ներկայացվում քաղաքացիների նկատմամբ ոտնձգություններ կատարած անձանց կողմից արված գործողությունների վերաբերյալ, ու այդքանից հետո նրանք մնում էին անպատիժ, այդ պարագայում քաղաքացիները ավելի ակտիվ ու նախաձեռնող պետք է լինեն վկայություններ տալու անպատժելի գործողություններ կատարած անձանց վերաբերյալ։ Այստեղ շատ կարևոր անելիք ունեն իրավապահ ու դատական համակարգերը։ Այսինքն պետք է խրախուսել, խթանել տարիներ շարունակ անպատիժ մնացած հանցագործությունների մասին վկայություններ տալու գործընթացը, ինչը մենք չենք տեսնում։ Նույնիսկ եթե դա կա, մեզ հասանելի չեն այդ տեղեկությունները։

Արդարադատության իրականացման մեջ քաղաքացիների մասնակցության ինստիտուտը վկայություններ տալն է մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների մասին։ Սա մշակույթ է, որը տարիներ շարունակ չի ձևավորվել։ Ավելին՝ երբ դրա մասին խոսվում է, մարդիկ այն անվանում են «գործ տալ»։ Դա ոչ թե «գործ տալ» է, այլ քաղաքացիական գիտակցության ամենաբարձր արտահայտություն, որ ոչ թե պետք է լռել, տարիներ շարունակ կուտակել դժգոհություններ, ապա պոռթկումով ներկայացնել, այլ հստակ իրավական ընթացակարգերի միջոցով ընթացք տալ։ Հայաստանում իրավապահ, դատական մարմինների նկատմամբ վստահության ձևավորման մեջ մենք նաև պետք է շատ ակտիվ մասնակցություն ունենանք։ Այս առումով այդ կառույցների ինստիտուցիոնալ կայացման և նրանց նկատմամբ վստահության ձևավորման մեջ կարևոր դեր ու նշանակություն ունի քաղաքացիների մասնակցության գործընթացը վկայություններ տալու միջոցով։

Պետք է շուտափույթ մշակվի ու իրականացվի անցումային արդարադատություն ասվածը։ Այն բազմաթիվ հանցագործությունները, որոնց մասին խոսվում էր, որ կատարել են բազմաթիվ անձինք, մենք չենք տեսնում շռնդալից վկայություններ դրանց մասին։ Մենք չենք տեսնում կոնկրետություններ, փաստարկված վկայություններ։ Եթե նույնիսկ կան, մենք չենք տեսնում այդ պրոցեսը։ Այսինքն՝ հանրային մասնակցությունը արդարադատության իրականացման կամ արդարության վերականգման գործընթացում կարևոր նշանակություն ունի ընդհանրապես հասարակական, իրավական ինստիտուտների առողջացման տեսակետից։

Понравилась статья? Поделиться с друзьями: