ԱՐՏԱԿԱՐԳ: ՊՆ բուլդոզերը գլորվել է ձորը, մեկ զինծառայող մահացել է, երկուսը ստացել են ծանր վնասվածքներ…մանրամասներ

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 38-ամյա Վրույր Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով:

Վրույր Ն.-ն 2011 թվականին պայմանագրային զինվորական ծառայության է ընդունվել: 2014 թվականին նա նշանակվել է ինժեներաճանապարհային ջոկի բուլդոզերավար՝ կրտսեր սերժանտ կոչումով:

2017 թվականի փետրվարի 15-ին Վրույր Ն.-ն նշանակվել է մարտական հերթապահության: Նա իրեն ամրակցված և զորամասի հաշվեկշռում գտնվող «Տ-170» բուլդոզերով մարտական հենակետեր տանող ճանապարհը պետք է մաքրեր ձյան շերտից:

Վրույրը նշանակված էր բուլդոզերի վարորդ-մեխանիկ, իսկ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Մ.-ն՝ նրա օգնական:

Դեպքի օրը հրամանով Վրույր Ն.-ին է միացել նաև կրտսեր սերժանտ Արմեն Պ.-ն՝ որպես ուղեկցող: Մինչև դեպքը նա ոտքով որոշակի ճանապարհ է անցել ու հայտնել է, թե ճանապարհին տեղ-տեղ առկա են սառցապատ տեղամասեր:

Մաքրման աշխատանքները կատարելիս բուլդոզերը վարել է Վրույր Ն.-ն, նրա երկու կողմերում նստել են Գարեգինն ու Արմենը:

Ժամը 15-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Վրույր Ն.-ն իրականացրել է իր վարած բուլդոզերի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ հաշվի չի առել ճանապարհային պայմաններն ու իր վարած բուլդոզերի առանձնահատկությունները, չի ընտրել երթևեկության անվտանգ ռեժիմ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ ձեռնպահ չի մնացել ճանապարհի վտանգավոր հատվածով երթևեկություն իրականացնելուց: Նա կատարել է ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ ինքն իրեն զրկելով վթարը կանխելու հնարավորությունից:

Արդյունքում, ըստ մեղադրանքի, բուլդոզերը դուրս է եկել երթևեկելի մասից ու ընկել է ձորը:

Բուլդոզերի խցիկում գտնվող պայմանագրային զինծառայող Գարեգին Մ.-ն ստացած վնասվածքներից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ կրտսեր սերժանտ Արմեն Պ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Առողջության ծանր վնաս է ստացել նաև Վրույր Ն.-ն:

Զորամասի հաշվեկշռում գտնվող՝ 2 միլիոն 644 հազար 625 դրամ արժողությամբ բուլդոզերը հետագա շահագործման համար դարձել է ոչ պիտանի:

Ընդհանուր իրավասության դատարանում Վրույր Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե տուժող Գարեգին Մ.-ն ևս տրակտոր էր վարում, բայց դեպքի ժամանակ նրա տրակտորը փչացած էր, նա հրամանով նշանակվել էր իր օգնական:

Դեպքի պահին բուլդոզերը վարել է ինքը: Բուլդոզերի խցում երեք նստատեղ կա: Մեջտեղում վարորդի տեղն է: Գարեգինն ու Արմենը նստած են եղել իր կողքերին:

Արմեն Պ.-ն սկզբում իրենց հետ չէր: Ինքը ճանապարհը մաքրելով հասել է հերթապահություն կատարող մեքենային, որն արգելափակվել էր ձյան մեջ: Ինքը սկսել է մաքրել ճանապարհը, հերթափոխի մեքենաները սկսել են իր հետևից առաջ շարժվել: Այդ ժամանակ է Արմեն Պ.-ն միացել իրենց: Նա ոտքով որոշ ճանապարհ էր անցել ու հայտնել է, թե ճանապարհի որոշ հատվածներում մերկասառույց է:

Արմենը նստել է իր կողքին: Ինքը շարունակել է ձյան շերտից մաքրել ճանապարհը: Հերթափոխի մեքենաները շարժվել են իր հետևից:

Ժամը 14-ից հետո է դեպքը տեղի ունեցել: Դեպքի պահին իր ինքնազգացողությւոնը նորմալ էր, ինքն ուշադիր հետևում էր ճանապարհին, որևէ շեղող գործողություն չէր կատարում: Շարժվում էին առաջ: Բուլդոզերը տեխնիկապես սարքին վիճակում էր:

Դեպքը տեղի է ունեցել մի քանի վայրկյանի ընթացքում, ինքը չի հասցրել որևէ բան զգալ: Միայն զգացել է, որ բուլդոզերը ձախ կողքով գլորվում է ձորը: Չի զգացել՝ մինչև գլորվելը տրակտորը սահե՞լ է, թե՞ ոչ: Զգացել է, որ տրակտորը գլորվում է, մի պտույտն է հասկացել, որից հետո ոչինչ չի հիշում:

Վրույր Ն.-ն համոզմունք է հայտնել, որ վթարն առաջացել է այդ հատվածում եղած մերկասառույցի պատճառով: Սառույցը ծածկած էր ձյան շերտով ու տեսանելի չէր իրեն: Եթե տեսներ սառույցը, չէր անցնի այդ հատվածով կամ բուլդոզերով նախ հող կլցներ ու հետո կանցներ: Դեպքից հետո համածառայողներն ասել են, որ դեպքի վայրում եղել է ձյան շերտով ծածկված բավական հաստ սառույցի շերտ…

Վրույր Ն.-ն նշել է, թե շուրջ վեց տարի սպասարկում է այդ ճանապարհները, ծանոթ է դրանց առանձնահատկություններին: Բայց ճանապարհի այդ հատվածում երբեք նման հաստ սառցաշերտ չէր եղել: Երբեմն առաջանում էին սառույցի փոքր տեղամասեր, որոնք չէին խոչընդոտում տրակտորի ընթացքին: Ահա թե ինչու՝ ինքը չի ընդունում, որ կարող էր կանխել վթարի առաջացումը: Սակայն պարտավոր էր ու կարող էր կանխատեսել, որ ճանապարհի այդ հատվածում կարող է մերկասառույց լինել՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ գործոններ: Ինքը ցուցաբերել է անփութություն և չի համոզվել ճանապարհի անվտանգության մեջ:

Տուժող Արմեն Պ.-ն հայտնել է, թե ինքը ոտքով անցել է որոշ ճանապարհ: Ամբողջովին թրջվել էր, դրա համար ժամանակավորապես նստել է բուլդոզերի խցիկում: Ընթացքի ժամանակ զգացել է, որ տրակտորը անսպասելի սահել է դեպի ձախ՝ ձորի ուղղությամբ, իսկ 2-3 վայրկյան հետո գլորվել է ձորը: Հետո ոչինչ չի հիշում: Ուշքի է եկել հոսպիտալում: Գարեգինի մահվան մասին իմացել է վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելուց հետո: Տուժողը հայտնել է, թե Վրույր Ն.-ից որևէ պահանջ չունի, նրա դեմ բողոք՝ նույնպես, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դեպքին ականատես վկա զինծառայողները հայտնել են, որ տվյալ տեղամասում ճանապարհն անցնում է բավական վտանգավոր տեղանքով՝ ձորի եզրով, ձնաբքի պատճառով երբեմն ոչինչ չի երևացել: Տրակտորը, որ իրենց մեքենայից առաջ էր ընթանում, նույնիսկ չէր երևում: Գոռգոռոց են լսել, մեքենաներից իջել են: Տեսել են, որ բուլդոզերը գլորվել է ձորը: Վրույրը, Գարեգինն ու Արմենը ընկած էին տրակտորի խցիկից դուրս՝ տարբեր հատվածներում: Վիրավորներին տեղավորել են «Զիլ» մեքենայի մեջ ու տարել են բուժօգնության մեքենային ընդառաջ…

Դատարանը հաստատված է գնահատել Վրույր Ն.-ին առաջադրված մեղադրանքը: Հաշվի է առնվել, որ Վրույր Ն.-ն բնութագրվում է դրական, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, դեպքի հետևանքով նա էլ է ստացել ծանր մարմնական վնասվածքներ, տուժողն ու տուժողի իրավահաջորդը նրան որևէ պահանջ չեն ներկայացրել: Վրույր Ն.-ի խնամքին են մինչև 14 տարեկան երկու երեխաները, նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը: Հաշվի առնելով Վրույրի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը, ընտանիքի համար որպես տրակտորիստ աշխատելու անհրաժեշտությունը, հանցագործության բնույթը, դատարանը նպատակահարմար չի համարել լրացուցիչ պատիժ կիրառել՝ զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Վրույր Ն.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը պետք է հաշվվեր նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Դատարանը բավարարել է Սևանի կայազորի զինդատախազության կողմից ներկայացված քաղհայցի պահանջը՝ Վրույր Ն.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 644 հազար 625 դրամ՝ որպես շահագործման համար անպիտան դարձած բուլդոզերի արժեքի հատուցում: Միևնույն ժամանակ դատարանը Վրույր Ն.-ին ազատել է 74 հազար 508 դրամը որպես դատական ծախսեր վճարելուց:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը: Խնդրել էին քաղհայցը բավարարելու մասով բեկանել դատավճիռը, մերժել քաղհայցի պահանջը, իսկ գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Կամ՝ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:

Դատական այս նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Վրույր Ն.-ն: Վթարի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով նա ենթարկվել էր նոր վիրահատության և ի վիճակի չէր տեղաշարժվել: Նախորդ նիստերում նա արդեն հայտնել էր իր դիրքորոշումը, այդ պատճառով նիստը շարունակվեց նրա բացակայությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը, լսելով մեղադրանքի և պաշտպանության կողմերի կարծիքները՝ Համաներման ակտի կիրառման վերաբերյալ, մտավ խորհրդակցական սենյակ:

Վերաքննիչ դատարանը մերժեց ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Միևնույն ժամանակ դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ Վրույր Ն.-ին ազատեց ազատազրկման ձևով պատժի կրումից: Դատավճիռը մնացած մասով թողնվեց անփոփոխ:

Понравилась статья? Поделиться с друзьями: