Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է և… Ռուբեն Ռուբինյան.

Ես դա գնահատում եմ որպես փաստ եւ ընդհանրապես, չեմ կարծում, որ որեւէ բան կարող է վնասել Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եղբայրությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի կողմից դատարանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավորություն տալու փաստին եւ հարցին, թե արդյոք այդ քայլը չի վնասում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերություններին:

Դիտարկմանը, որ Արցախից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ, Ռուբինյանն ասաց, որ այդ պնդման հետ համաձայն է:

Հարցին, թե ինչ ուժերի նկատի ուներ վարչապետը, արդյոք ՀՅԴ-ի կազմակերպած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք ֆորումը առնչվում է այդ ուժերի հետ, նա արձագանքեց. «Գաղտնիք չէ, որ մամուլում գրում են ինչ-որ լարվածության մասին: Այդ համատեքստում, հաշվի առնելով այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ թվացյալ վտանգին ու ասել, որ այդպիսի վտանգ չկա ու չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է եւ երբեք թույլ չի տա, որպեսզի ինչ-որ լարում ստեղծվի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախում բարձր պաշտոնյաների կողմից են քննադատական հայտարարություններ հնչում ՀՀ իշխանությունների հասցեին, արդյոք դրանք պետք է անտեսել,Ռուբինյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ որեւէ բան պետք է անտեսել: Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար, բայց միաժամանակ ուզում եմ կրկնել, որ որեւէ պաշտոնյայի հայտարարություն, կարեւոր չէ՝ ինչ ռանգի պաշտոնյայի կամ ինչ հայտարարության մասին ենք, խոսում, պարզապես չի կարող որեւէ կերպ լարում մտցնել Հայաստանի ու Արցախի ժողովուրդների միջեւ: Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները պատրաստ են ցանկացած պահի լիկվիդացնել նման վտանգները»:
;

Понравилась статья? Поделиться с друзьями: