«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը շարունակվում է քննարկվել և քննադատության ենթարկվել։ Ըստ այդ նախագծի՝ կառավարության 17 նախարարությունների փոխարեն կլինի 12-ը: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: ՏՏ ոլորտի շատ մասնագետներ չեն շտապում կարծիք հայտնել ձևավորվելիք նախարարության վերաբերյալ, քանի դեռ չեն ներկայացվել նախարարության գործառույթը, առաջնահերթությունները, նպատակը և այլն։ Ռազմական փորձագետները, սակայն, ողջունում են նման նախարարություն ունենալու գաղափարը։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը կարծում է, որ այս գաղափարն իրոք լավն է, որովհետև եթե մենք խնդիր ենք դնում ունենալու ուժեղ բանակ, մեզ պետք է սեփական ռազմարդյունաբերություն: Սա աքսիոմա է։ Ռազմական փորձագետի խոսքերով՝ ցանկացած երկիր պետք է իր ինքնավար ռազմարդյունաբերական կոմպլեքսը ունենա, և եթե դա ունենաս, բնականաբար պետք է ունենաս նաև այդ կոմպլեքսը կառավարող նախարարություն: Այսպիսի նախարարություն ունենալը, նրա խոսքերով, անհրաժեշտություն է, և սա բանակաշինության ոլորտում միանշանակ կարևոր քայլ է։
«Նույն մեր պայմաններում գտնվող Իսրայելի օրինակը վերցնենք, անցյալ դարի 70-ական թվականներին եղավ մի այնպիսի իրավիճակ, երբ Իսրայելին ոչ ոք զենք չէր վաճառում, և իրենք կտրուկ կերպով խթանեցին իրենց ներքին ռազմարդյունաբերությունը, և այսօր Իսրայելը տանկեր արտադրող աշխարհի հազվադեպ երկրներից է: Ցամաքային, տանկային զորքերը Իսրայելի հզորության կարևորագույն բաղադրիչն են, և իրենք դրանով արդեն անկախացան աշխարհից»,- ասաց Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ մենք պետք է անկախանանք, և պետք է այդ քայլն արվի, որովհետև զենք գնելը և՛ թանկ է, և՛ կա անկախությունը որոշակի հարվածի տակ դնելու:
«Գիտեք, երբ ասում են սեփական զենք արտադրել, պետք չէ միանգամից հասկանալ բարձր տեխնոլոգիական հրթիռներ, իհարկե ցանկալի կլինի, որ սա էլ արտադրեն, բայց սկզբի համար կարելի է ունենալ սեփական փամփուշտների, արկերի և ականների արտադրություն, չի խանգարի նաև անօդաչու թռչող սարքերի որոշ տեսակի արտադրությանը զարկ տալ։ Մենք ունենք գիտական պոտենցիալ, որպեսզի ապահովենք այդ ոլորտում հաջողությունը: Ընթացքում պետք է զարգացնել, մեկ բան փաստ է, որ դու պետք է քոնն արտադրես, ոչ թե անվերջ առնես, սա աքսիոմա է»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ՏՏ ոլորտի շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ առաջարկներ էին անում ՊՆ-ին, հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պարզ դարձավ, թե ինչքան առաջարկներ էին ներկայացրել և մերժվել, Մհեր Հակոբյանը նշեց, որ նախկին իշխանությունները բանակաշինության իրենց պատկերացումներն ունեին և, հավանաբար, իրենք երևի թե մի քիչ թերագնահատում էին բարձր տեխնոլոգիական զարկը և կարծում էին, որ խնդիրները պետք է լուծել գնելու մակարդակով:
«Թեև հանուն արդարության պետք է ասել, որ անօդաչու թռչող սարքերի որոշ տեսակներ, այդուհանդերձ, սկսեցին արտադրվել նախկին իշխանությունների օրոք: Նույն Ապրիլյան պատերազմի և դրան հաջորդ օրերին մենք տեսանք մեր անօդաչուների արդյունավետ աշխատանքը՝ հետախուզության մակարդակով։ Այս առումով պետք չէ ուրանալ իրանց դերը։ Կար նաև փամփուշտների արտադրության, թեև ոչ ռեգուլյար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, նախարարության առանձին կառուցվածք ունենալով՝ ամեն ինչ ավելի սիստեմատիկ բնույթ կստանա»,- հավելեց նա:
Այսպիսի գերատեսչություն ունենալու գիտական հնարավորությունը, ըստ նրա, միանշանակ ունենք, տնտեսականն հնարավորությունն էլ կախված է երկրի ընդհանուր իրավատնտեսական ու քաղաքական վիճակից:
«Եթե երկիրն ունեցավ ուժեղ տնտեսություն և ժողովրդավարական արժեքների դավանեց, կունենանք առողջ տնտեսություն և, բնականաբար, գիտական պոտենցիալ։ Նմանատիպ հարաբերություններում, ի վերջո, ամեն ինչ որոշում է փողը. հայրենասիրությունը լրացուցիչ խթան է, բայց դրանով երկար առաջ չես գնա և պետք էլ չէ: Եթե Հայաստանը հաջողությամբ առաջ գնա իր բռնած ուղով, հատկապես գիտական խոչընդոտ ես չեմ տեսնում։ Համենայնդեպս, այդ քայլը պետք է արվի, և ստեղծվի այն հարթակը, որի վրա հետագա սերունդները կարողանան լուրջ տեխնոլոգիական ձեռքբերումներ ունենալ: Այս քայլը պետք է արվեր»,- հավելեց նա։
«Մենթոր գրաֆիքս» ընկերությունում խմբի ղեկավար Լևոն Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նոր նախարարության ստեղծման գաղափարին, նշեց. «ՏՏ ոլորտը, եթե իրեն չեն խանգարում, նույնիսկ խանգարելով, այս ոլորտն աճ է արձանագրում մեր երկրում: Սա նշանակում է, որ եթե փորձեն բարենպաստ պայմաններ ստեղծել, գուցե աճն ավելի շատ լինի: Ասենք, եթե հիմա աճը 30 տոկոս է, միգուցե դառնա 70-80 տոկոս, ֆիրմաներ կգան այստեղ կբացեն ընկերություններ: Իսկ դա արդյունաբերության համար լավ է, որովհետև մենք պատերազմող երկիր ենք, և շատ կարդիկ կան, որոնք պատրաստ են անգամ անվճար օգնել, բայց օգնելու տեղը չեն տեսնում: Եթե լինի ՏՏ ոլորտի նախարարություն, որը կապ կունենա այդ ոլորտի ընկերությունների հետ, կկազմակերպի համաժողովներ, աշխատանքային խմբեր, կկարողանա համագործակցել, պետական ֆինանսավորում կստանա, միգուցե կունենանք ավելի լավ արդյունք: Ես հիմա շատ բան չեմ կարող ենթադրել, բայց Հակոբ Արշակյանին ճանաչելով գիտեմ, որ շատ լավ մասնագետ է, աշխատասեր է և կարծում եմ՝ ինքը հաջողություն պետք է արձանագրի, եթե իրեն չխանգարեն»:
Նրա կարծիքով՝ նման նախարարություն ստեղծելու անհրաժեշտությունը կար: Հիմա արդեն հնարավորություն կտեսծվի ոչ միայն անօդաչու սարքեր, նաև անօդաչու բռնող, դիպուկահարների տեղը գտնող, ավտոմատ կրակող և այլ սարքեր արտադրել: Լևոն Հարությունյանը նկատեց, որ եթե դու ունես զենքն ու դրա հակազենքը, դու կարող ես այդ զենքը վաճառել ուրիշներին: «Կարող է վաղը Արցախի հարցը լուծվում է, և մենք որոշում ենք զենք վաճառել ուրիշ երկրների: Այնպես որ նախարարություն ստեղծելը շատ լավ միտք է, մնում է, որ իրագործվի այդ ամենը: Ես գիտեմ, որ Հակոբ Արշակյանը կցանկանա անել իրենից կախվածը, քանի որ ինքն աշխատող ու խելացի մարդ է: Այնպես որ այդ նախարարությունը պետք է որ լավ աշխատի: Ամենաանհեթեթն այն էր, որ ՏՏ ոլորտը կապել էին տրանսպորտի ու կապի հետ: Իսկ ՏՏ ոլորտը ռազմարդյունաբերության հետ կապելու մեջ տրամաբանություն կա, քանի որ այստեղ մենք կենսական նշանակության շահեր ունենք, նոր զենքեր ունենալու խնդիր ունենք: Իմ սուբյեկտիվ կարծիքով նման նախարարություն ունենալը հոյակապ միտք է»,-եզրափակեց նա: