Բարի լույս, ազատագրված Երևան

Բարի լույս, ազատագրված Երևան։
Քարոզարշավի ամբողջ ընթացքում մեկ բառ չեմ գրել որևէ քաղաքական ուժի օգտին, քանի որ դիտորդությունը ենթադրում է չեզոքություն։ Այժմ, երկարատև չափավորությունս կարելի է արձակել ու շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի սիրելի ընկերներիս, որոնք, վստահ եմ, ամեն ինչ կանեն, որպեսզի Երևանը վերածվի մեր երազած միջավայրին։


Նաև՝ ուզում եմ մի քանի ընդհանուր գծերով ամփոփել երեկվա քվեարկությունը։ Իհարկե, նման բարձր տոկոսը, որը ստացել է «ԻՄ քայլը» դաշինքը բնորոշ է ավտորիտար երկրներին, բայց նաև ներունակ է կտրուկ շրջադարձ կատարած հասարակություններին, որոնք ուզում են հիմնովին վերակազմակերպել երկրի քաղաքական կյանքը։ Ես հույս ունեմ, որ նման վստահությունը ոչ թե կնվազեցնի մեծամասնության զգոնությունը, այլ կավելացնի պատասխանատվությունը։ Այդ պատասխանատվության զգացումը չի թողնի թուլանալ և վայելել հաղթանակի դափնիները, քանի որ կուտակված հարցերը շատ են և նման քվեն խոսում է նաև այդ խնդիրների լուծման անհապաղության մասին։
Մյուս հարցը վերաբերում է ընտրությունների անցկացմանը։ Այս քվեարկությունը հանդես է բերում այն իրողությունը, որ թափանցիկ ընտրություն անցկացնելու համար պետք է միայն քաղաքական կամք։ Նույն հանձնաժողովների, նույն ընտրողների պարագայում մենք չունենք համատարած ընտրախախտումներ ու ուղղորդման կարիք ունեցող ընտրողներ։ Նկատելիորեն նվազել է կրիմինալի ներգրավվածությունը ընտրական գործընթացին։
Այսպիսով, բոլորիս շնորհավորում եմ ևս մեկ քայլ դեպի ժողովրդավարական Հայաստան անելու կապակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: