Բերդի բժշկական կենտրոնում բժիշկները գործադուլ են հայտարարել.մանրամասներ

Բերդի բժշկական կենտրոնում գործադուլ է: Գործադուլ են արել բժշկական կենտրոնի 10 բժիշկներից 9-ը, նաեւ ԲԿ-ի մաս կազմող պոլիկլինիկայի որոշ բժիշկներ:

Գործադուլն արվել է` ի պաշտպանություն ԲԿ-ի տնօրեն Արմեն Մարդանյանի, որին աշխատանքից ազատել են: Իսկ հունվարի 29-ին, որպես ԲԿ-ի նորանշանակ տնօրեն, աշխատանքի է ներկայացել Հմայակ Ադամյանը, որ տարիներ առաջ եղել է Բերդի պոլիկլինիկայի տնօրենը: Գործադուլավոր բժիշկներին մտահոգում է այն հանգամանքը, որ առաջիկայում` մարտ ամսին, Բերդի ԲԿ-ն լուծարվելու է, միանալու է Բերդի զինվորական հոսպիտալին: Օրերս Բերդի բժշկական կենտրոնի 93 աշխատողներ նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հայտնել են, որ 2017թ. հուլիսին այդ ԲԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Մարդանյանը: Այդ ժամանակ ԲԿ-ում մասնագետների խիստ պակաս կար, վիրաբուժական բաժանմունքը վիրաբույժի կարիք ուներ, թերապեւտիկ բաժանմունքը` թերապեւտի: ԲԿ-ն այդ ժամանակ շուրջ 10 միլիոն դրամի պարտքեր ուներ: Ա. Մարդանյանի` տնօրեն նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում ԲԿ-ն համալրվեց 7 բժիշկներով (2 վիրաբույժ, վիրահատող, քիթ-կոկորդի բժիշկ, ականջաբան, գինեկոլոգ, թերապեւտ, վնասվածքաբան): ԲԿ-ի նվիրված աշխատանքի արդյունքում պարտքերը մարվել են, 8 տարի հետո այդտեղ վերսկսվել են վիրահատությունները, մեկ տարում 240 վիրահատություն է կատարվել, ԲԿ-ի հանդեպ բնակչության վստահությունը վերականգնվել է: Ծախսերի կրճատման եւ մուտքերի ավելացման արդյունքում Բերդի ԲԿ-ն 2018 ֆինանսական տարին փակել է 18 միլիոն դրամ ազատ մնացորդով: «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրինության հետ համագործակցության արդյունքում այդ ընկերությունը ԲԿ-ին նվիրել է իմունոֆերմենտային անալիզատոր լաբորատորիա: Նամակում նշված է, որ Բերդի ԲԿ-ն մասնակցել է տարբեր ծրագրերի, բժիշկները վերապատրաստվել են, ԲԿ-ն ձեռք է բերել 3 նոր ռեոնիմոբիլ, առկա հին ռեոնիմոբիլները նորոգվել են: 2018թ. օգոստոսին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այցելելով Բերդի ԲԿ եւ ծանոթանալով ցուցանիշներին, ԲԿ-ի աշխատանքը գերազանց է գնահատել, պաշտպանության փոխնախարարի կողմից ԲԿ-ի աշխատանքները գովասանքի են արժանացել: Նամակում ասվում է, որ ԲԿ-ի անձնակազմի վստահությունը ունեցող Արմեն Մարդանյանի` որպես ԲԿ-ի տնօրենի պաշտոնավարելը պաշտպանության նախարարությունը համարել է անհնարին` դա պայմանավորելով նրա պայմանագրային զինվորական բժիշկ լինելու հանգամանքով: ԲԿ-ի աշխատողները Նիկոլ Փաշինյանին խնդրել են հանձնարարել, որ լուծվի Արմեն Մարդանյանի հետագա պաշտոնավարման հարցը: Բերդի ԲԿ-ի բժիշկները խնդրի մասին հայտնել են նաեւ Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: