Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
Պարոն Բաբայան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանին հորդորել է կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։ Ինչպե՞ս է արձագանքում պաշտոնական Ստեփանակերտը Նիկոլ Փաշինյանի այս հորդորին։
Ես կարծում եմ՝ մենք չպետք է շահարկենք, առավել ևս փորձենք արհեստականորեն սրել իրավիճակը։ Բոլորիս համար կա մեկ ընդհանուր գերնպատակ, դա մեր հայրենիքի հզորացումն է՝ լինի Հայաստան, թե Արցախ։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք պահպանենք մեր միասնականությունը, էլ ավելի ամրապնդենք, զերծ մնանք շահարկումներից, չփորձենք իրավիճակն արհեստականորեն բարդացնել։ Մենք պետք է մեր պաշտպանունակության աստիճանը բարձրացնենք, ի վերջո, երբեք չմոռանանք, որ ունենք հակառակորդ, որը երբևիցե չի հրաժարվում մեզ հոշոտելու գաղափարից։ Բոլոր հարցերին պետք է մոտենալ այս համատեքստում։ Դրա համար, կարծում եմ՝ պետք չի փորձել գտնել անհամաձայնություններ Արցախի ու Հայաստանի միջև, առավել ևս հակամարտություն։ Այդպիսի բան չկա և չի էլ կարող լինել։ Մեզ համար մեր միասնականությունը գերնպատակ է և մեր պետականության հզորացումը ամենակարևոր հրամայականն է, որ կանգնած է մեր առջև։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որևէ սեպ չի՞ խրի Հայաստանի ու Արցախի հարաբերությունների միջև, ինչպես այս օրերին պնդում են շատերը։
Մեր միասնականությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այդպես էլ պետք է շարունակվի, որովհետև ցանկացած խարխլում բերելու է անկանխատեսելի հետևանքների։ Պետք չի արհեստականորեն գտնել ինչ-որ անհամաձայնություն և փորձել խարխլել մեր միասնականությունը։ Բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, ես էլ եմ միշտ աշխատում հենց այդ ուղղությամբ որպես մարդ, որպես հասարակ քաղաքացի։
Ըստ էության, ամեն ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից, որը տարընթերցումների առիթ տվեց Ստեփանակերտում։
Մենք արդեն ասել ենք, կարիք չկա կրկնելու։ Հիմա պետք է ամեն ինչ անել, որ համախմբվի մեր հասարակությունը։ Արցախի ազգային ազատագրական շարժումը մեր ամենամեծ հաղթանակներից է, որը մենք պետք է ամրապնդենք տարբեր ձևերով, այդ թվում ուժեղացնելով պետականությունը, մեր միասնականությունն ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք։ Սա ամենամեծ հրամայականն է, որ բոլորս մեր տեղերում պետք է իրականացնենք։
Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Ստեփանակերտը ճիշտ արեց, որ որևէ մեկնաբանություն չտվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ ՀՀ իշխանության գերնպատակը հողեր հանձնելն է։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները։
Կան ներքաղաքական խնդիրներ, բայց ամենակարևորն այն է, որ չխարխլվի մեր միասնականությունը և մեր պետականության հզորությունը։ Մենք բազմիցս ասել ենք, որ Արցախի խնդիրը հողի խնդիր չէ, միգուցե կա սահմանների հարց։ Մենք միշտ հայտարարել ենք, որ Արցախը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում պարզապես չի կարող գոյատևել և բոլորն էլ դա հասկանում են։ Հետևաբար, պետք է չշահարկենք խնդիրները, պետք է ապահովենք մեր միասնականությունը և ամեն ինչ անենք դա ամրացնելու համար։ Այլ տարբերակ չկա, որովհետև ազգային շահերից ու երկրի ապագայից բարձր բան չկա։ Եթե խոսքը վերաբերում է ինձ, ես միշտ այս տարիների ընթացքում փորձել եմ ամեն ինչ անել հենց այս համատեքստում։
Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Ստեփանակերտի համար ամբողջովին ընդունելի՞ է։ Տեսակետ կա, որ ՀՀ նախկին իշխանությունները փորձում են Արցախում դավադրություն կազմակերպել. կա՞ նման բան։
Ես կրկնեմ, որ մեր գերնպատակն է, որ մեր միասնականությունը չխարխլվի, ու սա ամենակարևորն է։ Սա չի նշանակում, որ չպետք է որևէ քննարկում, մտքերի փոխանակում լինի։ Բայց կան գաղափարներ, որոնց շուրջ մենք պարտավոր ենք լինել միասնական։ Դա մեր հայրենիքի հզորացումն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականությունն է, Ցեղասպանության ճանաչումն է, Սևանի փրկության հարցն է, իհարկե, Արցախի հիմնախնդրի կարգավորումն է արդարացի ձևով, Սփյուռքում հայ ինքնության պահպանումն է։ Սրանք այն հրամայականներն են, որոնք բոլորի համար պետք է լինեն գերնպատակ։ Այս հարցերում ցանկացած թուլություն ազդելու է բոլոր մյուս հարցերի վրա, և մեր պետականությանն է վնասելու։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը պաշտոնական Ստեփանակերտն ընդունում է որպես ի գիտությո՞ւն, և արդյոք Բակո Սահակյանը կառավարության անդամներին կհորդորի չմեկնաբանել Հայաստանի նախընտրական քարոզարշավը։
Ես կարծում եմ, որ չպետք է շահարկումների ենթարկվենք։ Մարդիկ կան, որ ասում են՝ ինչ-որ պաշտոնյաներ պետք է պաշտոնաթող լինեն, բայց դրա համար կա հետևյալ մոտեցումը ցանկացած առողջ երկրում. եթե պաշտոնյան չի արդարացնում իր աշխատանքով իր զբաղեցրած պաշտոնը, եթե նա բացահայտորեն աշխատում է ազգային շահերի դեմ, իհարկե, նման պաշտոնյաները պետք է պաշտոնաթող լինեն։ Բայց սա չի վերաբերվում կոնկրետ ինչ-որ դեպքի, առհասարակ այդպիսին է փիլիսոփայությունը։ Նման մոտեցում պետք է լինի ցանկացած առողջ երկրում։