ԲՌԱՎՈ՝“Հայաստանի քաղաքացին, որը հեղափոխություն է արել, պետք է ինքն իր բարեկեցությունը ապահովելու հնարավորություն ունենա”

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժականակ անդրադարձել է աշխատողների և չաշխատողների խնդրին:

“Իրականությունն այն է, որ հարկ վճարողի կարգավիճակ, առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ՀՀ-ում ունի մոտավորապես 350 հազար մարդ: Ո՞ւմ նկատի ունենք՝ ասելով առաջնային հարկ վճարող: Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր և ոչ բյուջետային ընկերություններում: Պատգամավորները ևս աշխատավարձ են ստանում, հարկեր են վճարում, բայց նրանց աշխատավարձերը գոյանում են այս 350 հազար ֆիզիկական անձ հարկ վճարողներից: Եվ մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ ահա այս առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի ու քառապատկվի: Ինչո՞ւ, որովհետև ըստ էության մենք ունենք այնպիսի իրավիճակ, որի 350 հազար մարդիկ մարդիկ՝ որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են ըստ էության կրում ողջ պետական համակարգի անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը: Եվ երբ մենք արձանագրում ենք, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձևակերպում ենք այն խնդիրը, որ պետք է լուծենք”,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ նախ և առաջ պետք է լուծել այդ քաղաքացիների քառապատկման ու հնգապատկման խնդիրը:

“Խոսքը նրա մասին չէ, որ մենք ՀՀ քաղաքացիներին մեղադրում ենք, այսպես ասած, չաշխատելու ու հարկ չվճարելու մեջ: Ոչ, մենք ասում ենք՝ եղել է ուրիշ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որպեսզի ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի կոնկրետ փողի ծախսմամբ հասնել ընտրությունների արդյունքների, մենք ասում ենք, որ բացել  ենք արդեն և բացելու ենք բոլոր հնարավորությունները: Եվ սա արդեն քաղաքական իրողություն է, մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական ջանքը խրախուսելուն: Կառավարության պարտականությունն է վարելու այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին, որ ինքը կարող է արդյունք ստեղծել”,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս համատեքստում իր համար զարմանալի մեղադրանք է այն, որ այսպիսով կառավարությունը պաշտապանում է օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահերը: “Սա ուղղակի ծիծաղելի մեղադրանք է”,- հավելեց նա:

Փաշինյանն ասաց, որ  մեղադրանքներ հնչեցին անգամ այն ժամանակ, երբ ինքը մարզերում գյուղացիներին հորդորեց ոչխար պահել: Նա հարցադրում արեց՝ իսկ ի՞նչ պետք է աներ գյուղացին, գնար ու պատգամավորի դռանը գումար ուզե՞ր: “Հայաստանի քաղաքացին, որը հեղափոխություն է արել, պետք է ինքն իր բարեկեցությունը, իր երկրի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ունենա”,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: