ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրությունը համարում է բռնաբարության արդյունքում ծնված երեխա, եւ հիմա էլ այդ երեխային սեփական մեկնաբանությունները տալով՝ փորձում է բազմել ՍԴ նախագահի աթոռին, եւ սա հաստատ ոչ բարոյական է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Ոչ մեկին արգելված չէ երազել կամ երեւակայել։ Ես էլ կարող եմ հայտարարել՝ այսուհետ ինձ ընդունեք Վենեսուելայի նախագահ, հետո՞։ Բա կոռեկտությունն ու օրինականությունը, ինքն առայժմ առերեւույթ, լեգիտիմ դատավոր է։ Այստեղ կա նաեւ բարոյականության խնդիր, որն ինքը անուշադրության մատնեց, եթե մի մարդ կարող է իրեն առաջադրող սուբյեկտին անվանել ոչ լեգիտիմ, եւ դա ոչ թե լեզվական վրիպում է, այլ ինքը մի քանի անգամ վերահաստատել է նախկինում իր արտահայտած կարծիքը. բա սրա բարոյական կողմն ո՞վ է լինելու։ Այսօր ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանը լեգիտիմ է, հակառակ ապացույց չկա։ Այլ հարց է, թե նա որպես նախագահ որքանով է բարեխղճորեն կատարում Սահմանադրությանը հետեւելու իր պարտականությունը։ Այս վերջին իրադարձություններին, ՀՀ նախագահի ակնհայտ անգործությունը հիմք ընդունելով՝ կարելի էր Սահմանադրությունը ընկալել այսպես, որ ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության խախտմանը։ Իսկ թե որքանով է բարոյական ՎահեԳրիգորյանի այդ քայլը, ես իրեն ԱԺ-ը ամբիոնից էլ եմ հարցրել, սակայն նա չի պատասխանել։ Սահմանադրությունը համարես բռնաբարության արդյունքում ծնված երեխա, եւ հիմա էլ այդ երեխային սեփական մեկնաբանությունները տալով՝ փորձել բազմել ՍԴ նախագահի աթոռին. այ սա հաստատ ոչ բարոյական է»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Մամուլում տարածված այն լուրերին, որ գործող իշխանությունը նպատակ ունի Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի նախագահ հռչակել, Պետրոսյանն ասաց, որ եթե իշխանությունը գնացել է Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ «տեղավորելու» քայլին, ապա կգնա նաեւ մյուս քայլին. «Իմ կարծիքով, սա խոսում է ոչ թե իրավունքի վեճի, այլ քաղաքական շահերի դիրքավորման մասին։ Օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, գործադիր իշխանությունը միանձնյա են ապահովում, մնացել է դատական իշխանությունը։ Չպետք է դատական իշխանությունը ծանրաբեռնեն քաղաքական կոմպոնենտներով, հակառակ Վահե Գրիգորյանի կարծիքին, որն աբսուրդի հասնող հայտարարություն է։ Իրավաբանությանը վերջակետ է դրվում, երբ իրեն ապագայում նախագահ հռչակողը խոսում է այն մասին, որ դատարանը քաղաքական է։ Ուղղակի մենք աշխարհի առաջ ենք խայտառակ լինելու, երբ Սահմանադրական արդարադատության գործակատարն այդպիսի հայտարարություն է անում»։
Հարցին՝ արդյոք ինքը ծանոթ է Վահե Գրիգորյանի նամակին, Պետրոսյանն ասաց. «Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությունը բացարձակապես ինձ չի հետաքրքրում, քանի որ նամակ կարդալուց առաջ պետք է կարդալ երկրի հիմնական օրենքը։ Հիմա Վահե Գրիգորյանը իր ցանկությունները հասարակության վզին փաթաթելու համար կարող է նամակ գրել, վաղն էլ կարող է անցնել պոեմի, դառնալ վիպասան»։
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարություններին չմասնակցելուն՝ Պետրոսյանն ասաց, եթե խոսվում է անկողմնակալության մասին, ապա Վահե Գրիգորյանի չմասնակցելը ճիշտ է. «Քանի որ նա առիթը բաց չի թողել նաեւ ՀՀ երկրորդ նախագահի մասին իր բացասական դատողությունը հայտնել։ Եվ այս պայմաններում ավելի օրինաչափ է, որ ինքը ձեռնպահ մնա»։
Պետրոսյանն ասաց, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, եւ Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմ նախագահ, անդամներ եւ դատավորներ. «Պետք է ձեռնամուխ լինել սահմանադրական գործառույթների իրականացմանը։ Եվ այստեղ վերլուծելով բոլոր գնահատականներն ու կարծիքները՝ ես սկսում եմ աստիճանաբար համոզվել, որ այստեղ իրավունքի խնդիր չկա, որովհետեւ իրավունքի հարցն արդեն իսկ լուծված է»։
Պատգամավորի խոսքով՝ դատարաններում իրավունքի վեճ չկա, կա քաղաքական շահերի խնդիր. «Այս կարծիքը ինձ մոտ ձեւավորվել է Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ-ի անդամ ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Եթե ՍԴ-ի ՍԴ-ում դատավորի ընտրությունը համարում է քաղաքական, սրանով պետք է վերջակետ դնել իրավական վեճերին։ ես կոչ եմ անում ղեկավարվել երկրի հիմնական օրենքով, վերջ դնել անձնական ամբիցիաներին, եւ ուղղակի հասարակության մեջ ավելորդ իրեղենություն չհարուցել»։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակով դիմել էր ՍԴ անդամներին եւ սահմանադրական մարմիններին՝ Ազգային ժողովին, նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին: Նա այդ իրավիճակը ճգնաժամային է բնորոշել՝ նշելով ճգնաժամի հիմքերն ու պատճառները: