Եթե նոր իշխանությունները նախահարձակ չլինեն, այլապես կհայտնվեն անհաշտ ճակատների ճիրաններում և կպարտվեն

Ի՞նչ հիմնական փոփոխություններ բերեց 2018 թվականը։

-Հայաստանում 2018 թ․ հիրավի արմատական բարեշրջման տարին էր։ Մինչ այդ երկիրը կատարելապես անհույս՝ «հատակային» վիճակում էր։ Բայց ապրիլ֊մայիսյան իրադարձությունները, ինչպես և երկու տարի առաջ ապրիլյան պատերազմը, ցույց են տվել, որ մեզ համար դեռ ոչինչ կորած չէ։ Նախկին ապապետական վարչակազմի դեմ բոլոր քաղաքացիական ընդվզումներն անհաջողության էին մատնվում նախ և առաջ հենց քաղաքական առաջնորդների կամազուրկ, զգուշավոր կամ կեղծավոր վարքագծի պատճառով։ Հայ հանրությունն էլ շատ արագ էր կողմնորոշվում և պատրաստ էր մինչև վերջ սատարել միայն Ռուբիկոնն անցած ընդդիմադիր գործչին։ 1996 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանն առաջին այդպիսի գործիչն էր և նրա հաջողությունը միանգամայն բնականոն էր և հարակից մի քանի այլ հանգամանքների՝ Սարգսյանի փաստացի երրորդ ժամկետի անհանդուրժելիության, 2016 թ․ ապրիլյան դավաճանության և ապրիլի 24-ի զուգադիպման համընկմամբ՝ բոլորովին անխուսափելի։

Այսուհանդերձ՝ բոլորս պետք քաջ գիտակցենք, որ քաղաքացիների մեծագույն մասի վճռորոշ մասնակցությամբ պետականակերտման ուղին բռնած Հայաստանը կարող է կրկին վրիպել։ Նոր կառավարությանն ու խորհրդարանին պատվիրակված է չափազանց մեծ առաքելութիւն և պատասխանատվություն, որի չափն ու խորությունը նրանք ակնհայտորեն դեռ չեն ընկալում։ Բայց մի բան միանշանակ է․ որչափ էլ նոր իշխանությունը խոտոր ճանապարհով ընթանա, 2018 թ․ իրադարձությունները պատմության մեջ արձանագրվելու են որպես հետանկախական շրջանում հայաստանաբնակ հայության՝ ազգային արժանապատվությունն ու պետականությունը պահպանելու կամքի հուժկու և բարեբեր դրսևորում։

Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերներով ենքսկսում։

-Արտաքին մարտահրավերները նոր չեն․ մի կողմից՝ փաստացի կերպով Հայոց անկախ պետականության գոյությունը չհանդուրժող Թուրքիան և Ադրբեջանը, մյուս կողմից՝ ժամանակավրեպ գաղութատիրական նկրտումներում համառող, 2016 թ․ ապրիլյան պատերազմում աշխարհաքաղաքական միջնորդավորված պարտություն կրած և ամենանենգ քայլերին մշտապես պատրաստ «դաշնակցային» Ռուսաստանը։ Հայաստանի ներկայիս իշխանությանը չափազանց ծանր ժառանգություն է հասել․ նվազագույն բավարար մակարդակով Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը երկարատեւ և կնճռոտ գործընթաց է, բայց դրա այլընտրանքը լինելու է ոչ սոսկ տարածքային, մարդկային և տնտեսական նոր կորուստներով ռուսական «գուբեռնիա» դառնալը, այլև մոտակա իսկ տասնամյակներում մեր պետական և ազգային ֆիզիկական չգոյությունը։

Եթե նախկինում ՌԴի հետ ունեինք փաստացի վասալայինհարաբերություններայսօրնոր իշխանությունների գործոնովպայմանավորվածավելի շատ խորը կասկածանքներիհարաբերություններ են։ Ի՞նչ է պետք անել հարաբերություններըկարգավորելու ուղղությամբ։

-Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դյուրին չէ, որովհետև այն միակողմանի գործընթաց լինել չի կարող։ Ներկայիս Ռուսաստանը ի դեմս քաղաքական ղեկավարության՝ տիրապետող կայսերապաշտական մտակաղապարի պատճառով դեռ պատրաստ չէ ընկալել Հայաստանը որպես լիիրավ գործընկեր և դաշնակից պետություն։ Ռուսական կայսերապաշտության մտակաղապարում Հայաստանը և նախկին խորհրդային տարածության մյուս երկրները սոսկ թյուրիմացաբար և ժամանակավորապես նրա լիակատար իշխանությունից վրիպած տարածքներն են․․․ Մեր դեպքում այդ ընկալումներին հավելվում է ևս մի գայթակղիչ պատրանք, թե իբր առանց Ռուսաստանի բաեհաճության Հայաստանի գոյությունն ինքնին անհնարին է։ Սակայն իրականությունն էապես այլ պատկեր է ուրվագծում։ Հանուն ռուսական ընթացիկ կեղակարծ շահերի՝ որպես մանրադրամ ևս մեկ անգամ անդամահատվելիք Հայաստանն էլ երբեք Ռուսաստանի հետ որևէ մակարդակով հարաբերությունների կարիք չի ունենա․․․ Հայաստանի գոյությամբ է պայմանավորված Ռուսաստանի դեռ համեմատաբար ամուր դիրքերը ոչ միայն Կովկասյան լեռնաշղթայից հարավ, այլև հյուսիս ընկած տարածություններում։ Իրականում՝ հենց աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանի բարեհաճությունը Մոսկվայի համար անգամներ ավելի կենսական է, քան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած ներկայիս «դաշնակցային» հարաբերությունները։ Եթե Կրեմլում իշխանության ղեկին լիներ ադեկվատ, համաշխարհային մեկուսացումից ու տարապայման հոգեբանական տվայտանքներից զերծ անձնավորություն, ապա Մոսկվայի հետ ըստ պատշաճ դաշնակցային տիպօրինակի հարաբերությունների վերաձևակերպումը կլիներ արագ և փոխադարձաբար շահավետ գործընթաց։ Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք Մոսկվայի «տառապանքն» ավելի մեծ կլինի, բայց վերջնարդյունքը լինելու է նույնը՝ նրանք համակերպվելու են տարածաշրջանում ազգային շահերից ու գոյաբանական մարտահրավերներից բխող արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի անվիճարկելի իրավունքի և անխուսափելիորեն կայանալիք իրողության հետ։

Հայաստանում ունենք մի իրավիճակերբ իշխանությունը կատարյալլեգիտիմ է։ Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին եւ արտաքինխնդիրները։

Նոր իշխանության ներքին օրինավորությունն արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում արմատական բարեշրջումներ իրականացնելու համար շատ մեծ պաշար է։ Բայց մենք չպետք է մոռանանք նաև ուժի արտաքին կենտրոնների շահերի մասին, որոնց համար ինքնիշխան Հայոց պետության կայացումն ու հզորացումը գեթ ներկա պահին դիտվում է որպես նոր գլխացավանքի կամ թվացյալ սպառնալիքների աղբյուր։ Ավելին՝ բացառված չէ, որ նոր իշխանության բարձր օրինավորությունը կարող է շահարկման ու ճնշման գործիք դիտվել՝ արցախյան հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու համար։ Եվ, այսուհանդերձ, Հայաստանի նոր ղեկավարության բարձր օրինավորությունը մեծ հնարավորությունների դուռ է բացում բոլոր ասպարեզներում։ Շատ կարևոր է, որ այսչափ արժեքավոր ու պատկառելի պաշարն ապաշնորհաբար չմսխվի։

Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նոր տարվանից։

-Նոր իշխանությունները ստիպված են ընթանալու ազգային պետականակերտման, ինքնիշխանության փուլային վերականգնման և Արցախի վերջնական վերինտեգրման ճանապարհով։ Ստիպված են լինելու օլիգախազերծել և օլիգարխաթափել երկրի տնտեսությունը։ Երբ ասում եմ «ստիպված են», բոլորովին չեմ պնդում, թե անելու են։ Պարզապես՝ չանելու դեպքում, նրանք շատ արագ հայտնվելու են արտաքին և ներքին միավորյալ անհաշտ ճակատների ճիրաններում և կպարտվեն։ Երանի այսքանը հասկանան և համարձակորեն նախահարձակ լինեն՝ վաստակելով լիակատար հաղթանակ և արժանի հիշատակ հայոց պատմության մատյաններում։

Понравилась статья? Поделиться с друзьями: