Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք նշանակվեցին, երբ Ազգային ժողովը երկու անգամ չհաստատեց վարչապետի թեկնածությունը, գրում է BFM հեռուստաալիքի կայքը: «Պաշտոնին հավակնում էր թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը ցրվեց: Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք: Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է ձայների 5%-ը, իսկ դաշինքների համար՝ 7%-ը»,- նշում է կայքը: «Ընտրություններից հետո ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանից: Փաշինյանի համար «Իմ քայլ»-ի հաղթանակը նշանակում է, որ նա կարող է իրականացնել իր քաղաքական ծրագրերը, և կարելի է միանշանակ ասել, որ նա կսկսի առավել լուրջ շփումներն Արևմուտքի հետ, մասնավորապես՝ Եվրոմիության և ԱՄՆ-ի, հզոր հայկական սփյուռքի, որը բնակվում է ԱՄՆ-ում, և, բնականաբար, Ռուսաստանը պետք է դրան պատրաստ լինի»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ռուսական ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Մեկ այլ քաղաքագետ՝ Վլադիմիր Սլատինովը, ասել է. «Իր ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ և հասնել Եվրոմիության հետ ոչ վիզային ռեժիմի հաստատմանը: Սակայն նա նաև ասում էր, որ դա սպառնալիք չի ստեղծի Ռուսաստանի համար: Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու խոսք չկա, և Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է»: Ռուս վերլուծաբանները նշում են, որ երկրորդ տեղում կհայտնվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Նա երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանցքային բիզնես գործընկերն է: Քոչարյանին, ի դեպ, քվեարկությունից երկու օր առաջ կալանավորեցին»,- հավելում է հեռուստաալիքի կայքը: |
«Ընտրություններից հետո ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանից:
