Արցախյան սոսինձն ու Փաշինյանի ամերիկյան օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարելիք այցին ընդառաջ հանրային ուշադրության կենտրոնում էր այն, թե կլինի՞ արդյոք հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ,քանի որ ազդարարվել էր, թե արվում է հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանք: Այցին ավելի մոտ՝ որ կլինի սեպտեմբերի 23-ին, սկսեցին տարածվել տեղեկություններ, որ չի լինի Թրամփ-Փաշինյան հանդիպում:
Այդ տեղեկությունները սկսեցին շրջանառվել հատկապես նախորդ իշխանությանն առնչվող աղբյուրներից, ու նաեւ այդ շրջանակից գեներացվել որպես նոր իշխանության անհաջողություն, Նիկոլ Փաշինյանի հանդեպ ԱՄՆ անվստահության դրսեւորում:Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հաստատեց պաշտոնապես, որ հանդիպում չի լինելու,ասելով, որ Երեւանն ու Վաշինգտոնը աշխատում են այդ ուղղությամբ, եւ խնդիրը հապճեպ հանդիպում կազմակերպելը չէ, այլ բովանդակային առումով դա հասունացնելը:
Գործնականում այդ միտքը վերահաստատվեց Հայաստանի Անկախության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանին ուղղված ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում,որով Դոնալդ Թրամփը թերեւս տեղը դրեց ամեն ինչ, այդ թվում Հայաստանի նոր իշխանության հանդեպ անվստահության առնչությամբ տեղեկատվական մանիպուլյացիաները:
«Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի,քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը», ուղերձի պարբերություններից մեկում նշում է ԱՄՆ նախագահը:Դոնալդ Թրամփի ուղերձի բովանդակությունն ու շեշտադրումները վկայում են, որ գործնականում չկա անվստահության կանխակալ խնդիր, ըստ այդմ նաեւ ձախողում կամ անհաջողություն Նյու Յորքում հանդիպում կազմակերպելու փորձի առումով:ԱՄՆ պարզապես ընդգծում է, որ ճանաչելով նոր Հայաստանը որպես իրողություն, խրախուսելով նոր Հայաստանի օրակարգը, սպասում է գործակցության առարկայական, բովանդակային նախաձեռնություններ:Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը խոսում է արցախյան կարգավորման հեռանկարների մասին, ասելով, որ առաջիկա ամիսներին բացվում են դրա համար նոր հնարավորություններ, ինչը կարող է նաեւ նոր հնարավորություն բացել հայ-ամերիկյան գործակցության խորացման համար:
Արդյոք դա է ԱՄՆ նախագահի պատկերացրած բանաձեւը, այսինքն Դոնալդ Թրամփը Արցախի հարցում կարգավորման միջոցով է տեսնում հայ-ամերիկյան հարաբերության հետագա խորացումը:Թե՞ ԱՄՆ նախագահը պարզապես այս դեպքում կիրառում է դիվանագիտական որոշակի շաբլոն, առանց որի կարծես թե չի անցնում Հայաստանին կամ Ադրբեջանին առնչվող որեւէ հայտարարություն:
Համենայն դեպս, Թրամփը գործնականում նույն միտքը արտացոլել էր ամիսներ առաջ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքում, դարձյալ արձանագրելով առաջիկա ամիսներին հնարավորության հեռանկար եւ ասելով, որ սպասում է գործակցության:Ունի՞ այդ հարցում ԱՄՆ կոնկրետ սպասում Երեւանից ու Բաքվից, եւ ո՞րն է այդ սպասումը: Թե՞ Նահանգներն այդպիսով ընդամենը փորձում է ստուգողական արձանագրում անել եւ ցույց տալ,որ ամենեւին հեռացած չէ գործընթացից եւ միշտ պատրաստ է միջամտել, եթե տեղի ունենան զարգացումներ, որոնք չեն արտացոլում Նահանգների սպասումը:Եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը իրապես համարում է, որ առաջիկայում կա որեւէ կարգավորման հեռանկար՝ այն սկզբունքների շրջանակում,որ քննարկվում են արդեն մոտ երկու տասնամյակ, ապա այս դեպքում թերեւս պետք է արձանագրել, որ իրավիճակի եւ հեռանկարների այդ գնահատականն ունի համարժեքության խնդիր:Օրինակ, Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել էր, թե սխալ էր ամերիկյան զորքը Մերձավոր Արեւելք մտցնելը եւ դա Ջորջ Բուշ կրտսերի մեծ սխալն էր: Միաժամանակ նա սխալ է համարել այն,որ Բարակ Օբաման որոշեց դուրս բերել զորքը Մերձավոր Արեւելքից: Այդուհանդերձ, Թրամփը բուն սխալ համարել էր զորքն այնտեղ մտցնելը:Դոնալդ Թրամփը պակաս սխալ արած չի լինի, կարծելով, եւ առավել եւս փորձելով սպառված եւ փակուղային սկզբունքների հիման վրա անել արցախյան «կարգավորման» եւս մի փորձ, թեկուզ Իրանի խնդրի իր պատկերացումների համատեքստում:
Եվ առավել եւս Իրանի խնդրի համատեքստում: Դա ոչ միայն որեւէ կերպ չի կարող լինել օգտակար գործոն ԱՄՆ համար թեկուզ իրանյան ռազմավարության առումով, այլեւս խիստ վտանգավոր կարող է լինել Կովկասի կայունության ու անվտանգության հարցում:Մյուս կողմից, ճանաչելով Հայաստանի նոր իրողությունները եւ հայտնելով նոր իշխանության հետ աշխատանքի պատրաստակամություն, ԱՄՆ թերեւս արձանագրում է նաեւ արցախյան խնդրում Հայաստանի նոր իշխանության մոտեցումներն ու շեշտադրումները ճանաչելու պատրաստակամությունը,ակնկալելով սակայն դրանց առավել հայեցակարգային մատուցում ամերիկյան կողմին՝ ռազմավարական հեռանկարի համատեքստում:
Այդ առումով Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի օրակարգում նոր իշխանության արցախյան ռազմավարությունը թերեւս լինելու է առանցքային, եւ ԱՄՆ թերեւս ակնկալում է դրա կոնցեպտուալ մատուցում,որպես սպառված իրավիճակը վերափոխելու հնարավորություն, ինչը թույլ կտա դուրս գալ փակուղուց եւ գտնել ստատուս-քվոյի քաղաքական կառավարման կայուն ու երկարաժամկետ նոր մոդելներ:Գործնականում հայ-ամերիկյան հարաբերության առանցքը դա է, եւ այստեղ չկա որեւէ զարմանալի բան, քանի որ արցախյան հարցը հայկական պետականության ռազմավարական առանցքն է՝ հենց առանցքը, ոչ թե բեռը:Ըստ այդմ, այդ հարցն է ընդհանրապես որեւէ աշխարհքաղաքական ուժային կենտրոնի հետ հարաբերության առանցքը, եւ շատ դեպքերում նույնիսկ «սոսինձը»:Հարցն այն է, թե Երեւանը ռազմավարական հեռանկարի առումով համապարփակ ու բազմակողմանի գործակցության որքանով գրավիչ, հետաքրքիր ու փոխշահավետ մոդելներ կառաջարկի այդ կենտրոններից յուրաքանչյուրին, գտնելով նրանց շահերի համադրման՝ «սոսնձման» ենթակա զգայուն կետերը:Դրանք կան անշուշտ, հակառակ դեպքում նոր ստատուս քվոն չէր ձեւավորվի եւ չէր պահպանվի երկու տասնամյակ, իսկ ապրիլի քառօրյա պատերազմի կայծն էլ կբերեր խոշոր պայթյունի, ոչ թե կմարվեր հնարավորինս արագ: