Ինչն է պատճառը որ ԵՊՀ ռեկտորը ուզում է դատի տալ Դավիթ Սանասարյանին…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր շտապ ասուլիս է հրավիրել՝ պայմանավորված Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարանի հայտարարությամբ, ըստ որի՝ ստուգումների ժամանակ ավելի քան 800 միլիոն դրամի վնաս է հայտնաբերվել Սանասարյանը նշել էր. «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի՝ հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»։

Սիմոնյանը նշել է, որ արդեն 5 ամիս է ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի պետական համալսարանում: Նախատեսված են 6 ամսվա ստուգումներ՝ մինչև հունվարի 31-ը, այն դեպքում, երբ ստուգումների ժամկետները, ըստ օրենքի, պետք է սահմանափակ լինել: «Դա իմանալով ՊՎԾ ղեկավարն ասում է, որ երկու ամսում այսքանի չարաշահում են բացահայտել: Դա իրականությանը չի համապատասխանում: Խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը», – ասել է Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորն ընդգծել է, որ ստուգումները դեռ չավարտված ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս բացարձակ չհիմնավորված հայտարարություններով: Դրանով, Սիմոնյանի խոսքով, կոպտորեն խախտվել է ՊՎԾ մասին օրենքի 3-րդ կետը ստացված տեղեկատվության հրապարակման մասին:

Սիմոնյանը նշել է, որ իրեն ուղարկված փաստաթղթում նշված փաստերը դեկլարատիվ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ:

«Երբ ծանոթացա փաստաթղթերին, պարզ դարձավ այն, ինչ գիտեինք մինչ այդ: ՊՎԾ-ից 18 հոգի 5 ամսվա ընթացքում աշխատել են, սակայն փաստաթուղթը կազմել է 1 հոգի, որը նույնպես օրենքի խախտում է: Այս ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ ունենք», – ասել է Սիմոնյանը՝ ավելացնելով, որ  ստուգվել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի գործունեություն: Ընդամենը մտահոգություն են հայտնել 500 միլիոնի մասին, որի գերակշիռ մասը ծիծաղելի և ոչնչով չփաստարկված պնդումներ են:

Սիմոնյանն ասել է, որ փորձում են արատավորել ԵՊՀ բարի ամբավը: Ռեկտորն ասել է, որ իրենք պատրաստվում են դատական հայց ներկայացնել Դավիթ Սանասարյանի դեմ: Արամ Սիմոնյանը չի բացառում, որ նման քայլերն արվում են, քանի որ ինքը ՀՀԿ անդամ է: Սիմոնյանը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: