«Ինքը շատ փոքր մարդ է, որ ինձ ասի». Գագիկ Ծառուկյանը՝ Հայկ Գեւորգյանի մասին

Ինքը շատ փոքր մարդ է, որ ինձ ասի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով, ինքը թող գնա լրագրողությամբ զբաղվի:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը (նախկինում եղել է «ՀԺ»-ի լրագրող-խմբ) պնդում է, որ ԲՀԿ-ն պետք է կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով:

«Ամբողջ աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները սեփականատերերն են՝ Բեռլուսկոնին, Թրամփը… Մարդիկ պետք է լիարժեք հասկանան՝ ինչ են ասում, եւ դա ինչ է նշանակում: Չակերտները չեմ ուզում բացել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ իրենց խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը, նույնպես լրագրող է եղել, Ծառուկյանը պատասխանեց, թե ինքը չի թերագնահատում. «Բայց եթե միայն լրագրող լինի ամբողջ խորհրդարանում… մարդ պետք է լինի, որ հասկանա տնտեսությունից, կազմակերպելուց, ինչ է պետք մեր ժողովրդին, ինչից է պետք սկսել այսօր, բոլորն էլ սպասում են, ուզում են լավ ապրել, բարիքներից օգտվել, միայն փնովելով չի»:

Դիտարկմանը, որ Հայկ Գեւորգյանը նաեւ նշել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը Ծառուկյանը ձեռք է բերել ընդամենը 200 000 դոլարով, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ինքը ցեմենտի գնի հետ կապված իր տեսակետն է հայտնել: Ես էլ՝ որպես Ծառուկյան, ասացի , որ եթե այդպես լինի, ես դա նվեր եմ տալիս, բայց Մելքումյանը ներկայացրեց փաստաթղթերով, որ 200 000  դոլարից բացի,  միլիոնավոր պարտքեր են փակվել: Մանավանդ Արամ Սարգսյանի դուրս գալուց հեռտո գործարանը շատ անմխիթար վիճակում է եղել, եսիմ ով է կառավարել»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ այդ շանտաժի համար «Իմ քայլի» պատգամավոր պարտավոր է ներողություն խնդրել:

Понравилась статья? Поделиться с друзьями: