Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունները: Եղոյանն ասել է, որ Լուկաշենկոն պատմել է միայն այն, ինչ ինքն է ասել, իսկ Փաշինյանի պատասխանի մասին լռել է:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն տհաճ արտահայտություններ է հնչեցրել՝ ի պատասխան Ադրբեջանին զենք վաճառելու մեղադրանքի: Նա Փաշինյանին ասել է. «Ինչու՞ Պուտինին չես մեղադրում, պապանձվել ես, քննադատիր Պուտինին»:
Ի՞նչ է Փաշինյանը պատասխանել այս մեղադրանքին: Փաշինյանը պատասխանել է նույն տոնայնությամբ եւ ցույց տվել, թե Լուկաշենկոն որտեղ է պահում իր լեզուն: Բելառուսի նախագահը, կամ էլ ինչպես նրան անվանում են՝ «կոլխոզի նախագահը» քաղաքականությանը վերաբերում է որպես մի զբաղմունքի, որում պատիվը տեղ չունի: Հանուն փողի, որը ամրապնդում է նրա ավտորիտար իշխանությունը, նա կամ ռուսներին է մտնում, կամ ֆլիրտ է սկսում Եվրոպայի հետ, հետո նորից վերադառնում ռուսներին, որ ստանա գիշերավարձը:
Հայաստանը բացահայտել է ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում հարաբերությունների կավատային բնույթը, եւ հիմա Լուկաշենկոն փորձում է արատավորել նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով նրա ձեռքով խփել եվրասիական դաշինքների դագաղի վերջին մեղքը:
Հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել Լուկաշենկոյին, բայց կարելի է նկատել, որ Հայաստանի կառավարությունը չի մտնում Լուկաշենկոյի առաջարկած խաղի մեջ: Հայաստանը մշակում է խաղի իր կանոնները, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն ստիպված է լինելու ՀԱՊԿ հաջորդ վեհաժողովին Փաշինյանից ներողություն խնդրել տհաճ բառերի համար եւ կուլ տալ Հայաստանի վետոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցում: