Խոշոր ավտովթար. Իրար են բախվել 06-ն ու 07-ը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Կապանի բնակիչներ, 24-ամյա Տիգրան Կարապետյանը, 30-ամյա Գևորգ Բաղդասարյանը և 32-ամյա Աննա Իսրայելյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մխիթար Մանուչարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:30-ի սահմաններում Տ. Կարապետյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AN 428 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 321-րդ կմ հատվածում վազանց կատարելուց դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գ. Բաղդասարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FR 538 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ 2 վարորդներ ու 06-ի ուղևորուհի Ա. Իսրայելյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կայանում և Կապանի լեռնահարստացման կոմբինատում: SHAMSHYAN.com-ի թղթակցին դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ օպերատիվ են գործել փրկարարները, ճանապարհային ոստիկանները, Կապանի և Քաջարանի ոստիկաններն ու Կապանի հիվանդանոցի բժիշկները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Понравилась статья? Поделиться с друзьями: