Կառավարությունը մերժեց Վահրամ Բաղդասարյանի և Էդուարդ Շարմազանովի ներկայացրած նախագծը…Մանրամասներ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Այն ներկայացրել են Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը,  Էդուարդ Շարմազանովը և այլ պատգամավորներ:

«Առաջարկվում է Երեխաների մասին 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետևյալն է՝  երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը, քարոզչությունն արգելվում է», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը՝ հավելելով, որ առաջարկությունը կրկնում է արդեն իսկ գործող հոդվածի 4-րդ մասի երաշխիքը:

«Ներկայացված օրենքի նախագծում կան հասկացություններ, որոնք ունեն ոչ միատեսակ, ոչ միանշանակ ընկալում։ Խոսքը վերաբերում է «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «ավանդական սեռական հարաբերություններ» արտահայտություններին. մեր համոզմամբ նման հասկացությունների կիրառումը լինելու է վիճահարույց», – ասաց Մանուկյանը և առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր համացանցում կա կատարյալ ազատություն ու երեխաները նույնպես օգտվում են համացանցից, ու ամեն ինչին հասանելիություն կա: Արսեն Մանուկյանն ասաց, թե Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում, մասնավորապես, նման թեմաների քարոզչության հետ կապված խնդիր կա: «Ասել, որ դրանք միանշանակ ակտիվ պայքար կարող ենք տանել, թերևս, այս առումով աշխատանքներ շատ ունենք իրականացնելու, ուղղակի օրենքի նախագծի հետ կապված՝ այս ձևակերպումները այդ խնդիրը չեն լուծում, ավելի շատ դրանք պրակտիկ կիրառման դաշտում են», – ասաց փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս խնդիրն ամբողջ աշխարհում կա և լուծումը դեռևս գտնված չէ, իսկ այսօրվա ընկալումներով շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կգտնվի լուծումը։ Ըստ նրա, միևնույն է, թեկուզ ամենախիստ բառապաշարներով օրենքը ընդունվի, խնդիրը շարունակելու է մնալ չլուծված:

«Այնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանել, այս հարցերը պետք է քվեարկենք խիստ գաղտնի ռեժիմով ու նախագծի հեղինակներն էլ գաղտնի անեն, օրենքն էլ գաղտնի լինի, քննարկումն էլ, կիրառումն էլ, հակառակ դեպքում, ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: