Կա թյուր տպավորություն՜ Փաշինյանի պատասխանը Արամ Առաջինին…

 

«Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հայտնել է, թե նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն է հայտնել սփյուռքի նախարարությունը լուծարելու կապակցությամբ: Ըստ Արամ Առաջինի, դա կբերի Սփյուռքի դժգոհության: Նրա խոսքով, նախարարությունն անցնող տարիներին արել է բավականաչափ գործ, որը պետք է գնահատել:

Կառավարության հունվարի 10-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սփյուռքի նախարարության հարցին, այդպիսով փաստորեն անուղղակի պատասխանելով Արամ Առաջինին: Վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե կա թյուր տպավորություն, որ կառավարությունը պատրաստվում է խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա: Նրա խոսքով, իրականում կա հակառակ մտադրություն՝ ավելի սերտացնել կառավարության եւ սփյուռքի գործակցությունը, եւ այդ առումով պատրաստել են մոդելի առաջարկ, որը քննարկելու են նաեւ սփյուռքի հետ: Փաշինյանը հույս է հայտնել, որ կգան կոնսենսուսի:

Թե ինչ մոդելի մասին է խոսքը, վարչապետը չի մանրամասնել: Դա ենթադրու՞մ է նախարարության կարգավիճակի պահպանություն: Կամ, արդյոք կարող է շրջանառության մեջ դրվել խորհրդարանի այսպես ասած երկրորդ պալատի գաղափարը, որը շրջանառվեց դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Կամ արդյոք խոսքը պայմանական երկրորդ պալատի մասի է, իսկ ըստ էության՝ խորհրդակցական մեծ կառույցի:

Բոլոր դեպքերում, հատկանշական է մի բան, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունը տարիներ շարունակ դիտարկվել է այսպես ասած մոդելների շրջանակում, մինչդեռ գլխավոր հարցը թերեւս այն է, թե ի՞նչ բովանդակության համար են փնտրվում այդ մոդելները: Այդ իմաստով ավելի հետաքրքիր կլինի, որպեսզի նոր կառավարությունը Հայաստանի հանրությանն ու սփյուռքին ներկայացնի բովանդակությունը, որ պատկերացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերության ներքո:

Սփյուռքի ներուժի, այն Հայաստանի պետական զարգացման գործում լայնորեն ներգրավելու մասին խոսքերը կարեւոր են, բայց դրանք բովանդակություն չեն, որովհետեւ ինքնին ասելու համար չեն պահանջում առանձնակի ջանք: Իհարկե, սփյուռքն ունի ահռելի ներուժ, որը պետք է առավելագույնս ներգրավվի Հայաստանի պետական զարգացման գործին: Իհարկե, սփյուռքի ներուժ ասելով չպետք է պատկերացնել միայն ֆինանսական կամ նյութական ռեսուրս, այլ մարդկային-ստեղծագործական, այդ բնորոշման լայն իմաստով:

Բայց Հայաստան-Սփյուռք հարաբերությունը միայն ներգրավվածության հարցը չէ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունը անկախությունից ի վեր գործնականում գաղափարազուրկ հարաբերություն է: Եղած ռեսուրսի ավելի մեծ ու աշխույժ ներգրավումը շատ կարեւոր է եւ ողջունելի, եթե ստանա առարկայական ընթացք, բայց դա չափազանց քիչ ու անբավարար է այն խնդիրների ու մարտահրավերների համատեքստում, որ համաշխարհային կյանքում եւ աշխարհքաղաքական, աշխարհ-տնտեսական գործընթացներում ունի հայկական պետականությունն ու համաշխարհային հայկական գործոնն ընդհանրապես:

Ըստ այդմ, անհրաժեշտ է համահայկական գաղափարական դաշտի ձեւավորումը: Պետական զարգացումը նպատակ է, որը պետք է ծառայի համաշխարհային քաղաքականության համատեքստը ընդգրկող եւ դրանում հայկական գործոնի ռազմավարական նշանակության գնահատման վրա ձեւավորված լայն գաղափարին կամ գաղափարներին, ռազմավարություններին: Դրանք կա՞ն: Ու՞ր են դրանք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: