Կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու:Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի գործի մասին

Արարատի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Հայաստանի գլխավոր դատախազն այսօր առավոտյան միջնորդություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի օրակարգում ընդգրկվի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարար է, նա կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Քիչ է, թե շատ, դա քննությունը կպարզի: Սա հերթական մի դրսևորումն է և ապացույցն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք լինելու ենք հետևողական: Բայց ես ուզում եմ միայն այս գործի օրինակով ներկայացնել, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը շատ դեպքերում տևում երկար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն տվել է 4-5 ամիս առաջ: Քանի որ այդ գործողությունները, ըստ գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրեական գործի քննությունը պատշաճ ձևով չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա պետություններից մեկից պաշտոնապես պատասխան չէր ստացվել մեր քննչական մարմինների ուղարկած հարցմանը, որն ուղարկվել էր ԱԳՆ միջոցով:

Եվ այն պատասխանը, որն ակնկալել են ստանալ Հայաստանի քննչական մարմինները, ըստ Փաշինյանի, ստացվել է 4-5 ամսում: «Երբ որ այդ պատասխանը գար, բուն գործողությունները, որոնք պետք է անեին մեր քննչական մարմինները, տևելու էր մեկ շաբաթ, 10 օր: Բայց միայն այդ հարցմանը մեր քննչական մարմինները ստիպված էին 4 ամիս սպասել: Ընդ որում, այդ գործի ոչ պաշտոնական տեղեկությունը քննչական մարմինները հայթայթել էին, ունեին: Այսինքն՝ իրենք նախապես գիտեին, թե ինչ պատասխան է գալու: Բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէր, որևէ տեղեկություն չի կարող դրվել մարդուն մեղադրելու հիմքում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս ընթացքում եղել է, որ ինչ-որ աղմկոտ քրեական գործ է հարուցվել, հետո մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, գրավով և այն: Եվ մարդկանց մեջ եղել է խոսակցություն, թե՝ շոու արեցին բռնեցին, պայմանավորվեցին, բաց թողեցին: «Ես ուզում եմ ձեր աչքերի մեջ նայել և ասել՝ կոռուպցիայի դեմ պայքարում և ընդհանրապես որևէ բանում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու: Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում գործարքներ կնքենք որևէ հարցի վերաբերյալ: Առավել ևս այն հարցերի վերաբերյալ, որոնք սկզբունքային են եղել Հայաստանում թավշյա հեղափոխություն անելու հարցում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: