Անցնող շաբաթ կառավարության նիստում տեղի ունեցավ հետաքրքիր երկխոսություն-բանավեճ, վարչապետի ու մի քանի նախարարների, մասնավորապես գյուղնախարարի միջեւ:
Թեման տխրահռչակ ԾԻԳ-երն էին: Գյուղնախարարը փորձում էր վարչապետին ներկայացնել, որ կան ԾԻԳ-երը լուծարելու ինչ որ խնդիրներ: Խոսք էր գնում Համաշխարհային բանկի պահանջների մասին, որոնցով կարծես թե գործում են ԾԻԳ-երը: Ֆինանսների նախարարը իր անհամաձայնությունն էր հայտնում, որ ինչ որ ծրագիր իրականացնելու համար ԾԻԳ-երին վստահում են, իսկ նախարարություններին՝ ոչ: Դրա հետ համաձայն էր նաեւ վարչապետ Փաշինյանը, ով դեռ վաղուց է բարձրացնում այդ տարատեսակ կառույցների կամ կցորդների հարցը, որոնք ստեղծվել են պետական կառավարման համակարգի կողքին:
Փաշինյանը հայտարարել է, որ դրանք տարբերվում են միայն նրանով, որ այնտեղ աշխատողները ստանում են բազմապատիկ ավելի աշխատավարձ եւ հագնվում են ավելի ճոխ, իսկ աշխատանքի արդյունավետությունը նույնն է, եւ նույնն են նաեւ գործառույթները, որոնք կարող է իրականացնել նախարարությունը:
Ով ուզում է Համաշխարհային բանկի հանձնարարականները կատարել, թող գնա աշխատի Համաշխարհային բանկում, Հայաստանի կառավարությունում պետք է աշխատեն նրանք, ովքեր ուզում են կատարել վարչապետի հանձնարարականները, հայտարարեց Փաշինյանը կառավարության նախորդ նիստում:
Ինչու՞ են ԾԻԳ-երը տխրահռչակ: Դրանք ստեղծվել են Հայաստանում իրականացված մի շարք կարեւոր ծրագրերի շրջանակում, եւ իհարկե ոչ միայն Համաշխարհային բանկի: Բուն իմաստը կարծես թե այն է, որ այդպիսի կառույցներով ծրագրերի կառավարումը ավելի զերծ է կոռուպցիայից: Դրա համար էլ ԾԻԳ-երի ղեկավար կազմերը հատկապես ստացել են շատ բարձր աշխատավարձեր:
Թե որքան է դա եղել էֆեկտիվ, առանձին քննարկման հարց է եւ պահանջում է ուսումնասիրություն: Թեեւ, խոշոր հաշվով գուցե անզեն աչքով է նկատելի, որ ԾԻԳ-երով իրականացված ծրագրերը իրենց պատկերով էապես չեն գերազանցում այսպես ասած պետական կառույցներով իրականացված ծրագրերին:
Մյուս կողմից, կա հայտնի սկզբունքը՝ ով փողը վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Հղում անելով Հայաստանի պետական կառավարման համակարգի ոչ էֆեկտիվությանն ու կոռուպցիոն ռիսկերին՝ ընդ որում ամենեւին ոչ անհիմն հղում, միջազգային գործընկերները, դոնոր կառույցները, ֆինանսական կազմակերպությունները Հայաստանին այս կամ այն ծրագրի համար փող տալիս թելադրել են իրենց պայմանները:
Այստեղ իհարկե կա երկու տեսակետ: Կան «դավադրության» տեսակետի կրողներ, որ այդ կառույցների բուն նպատակը Հայաստանը կործանելն ու բանանային հանրապետության վերածելն է, եւ կա տեսակետ, որ այդ կառույցները պաշտպանել են իրենց շահերը, իսկ Հայաստանի կառավարությունը չի պաշտպանել Հայաստանի շահը, քանի որ գործել է այլ տրամաբանություն. համաձայնել են գործնականում ամեն ինչի, միայն թե արտաքին ֆինանսական կազմակերպությունները տան փող, ինչը կկոմպենսացնի հանրային ու պետական ռեսուրսների այն յուրացումը, որ համակարգը կատարել է, տնօրինելով իշխանությունը:
Այդպիսով ստեղծվել է մի յուրօրինակ «փակ շրջան», որից Հայաստանը պետք է դուրս գա: Նիկոլ Փաշինյանը խոշոր հաշվով դնում է այդ շրջանից դուրս գալու հարցը: Այդ իմաստով, ինչպես եվրասիական տնտեսա-քաղաքական բլոկներում կա Հայաստանի շահի մասին հստակ բարձրաձայնելու խնդիր, ինչը փորձում է անել Փաշինյանը, նույն կերպ կա նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքում Հայաստանի շահը բարձրաձայնելու խնդիր: Գործնականում, Նիկոլ Փաշինյանը փորձում է անդրադառնալ նաեւ այդ խնդրին, բարձրացնելով պետական համակարգի կցակառույցները փակելու հարցը:
Այսինքն, Հայաստանի իշխանությունը պետք է կարողանա կոշտ խոսել նաեւ միջազգային տնտեսական կառույցների հետ, ինչպես ՀԱՊԿ ու ԵՏՄ այսպես կոչված դաշնակիցների հետ է փորձում կոշտ խոսել ներկայիս փուլում:
Երկու դեպքում էլ անշուշտ կա կարեւորագույն մի հանգամանք, մեծ հանրային լեգիտիմությունից բացի: Դա կառավարման բարձր էֆեկտիվությունն է: Առանց դրա, մեծ լեգիտիմությունը, որպես Հայաստանի շահը ներկայացնելու հաստատուն հիմք՝ հարկ եղած դեպքում կոշտ խոսակցության համար, կլինի կարճաժամկետ կայուն հենարան: