Հայաստանի առջեւ բացվում են ահռելի հնարավորություններ ու միաժամանակ նաեւ ռիսկեր, եւ եթե նախկինում ամեն ինչ արվում էր առանց Հայաստանին հարցնելու՝ իսկ հիմա….

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան ու Հարավային Կովկասի երկրներ նշանավորվեց կտրուկ հայտարարություններով, որոնք ի մի բերելով կարելի է ասել, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասը հռչակեց իր ռազմավարական շահերի ու ազդեցության գոտի, վիճարկելով ռեգիոնի ռուս-թուրքական դարավոր ստատուս քվոն եւ Ռուսաստանի ավանդական կարգավիճակը:

Թերեւս հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինության վաճառքի եւ Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններն, առավել լայն՝ ընդհուպ աշխարհքաղաքական զարգացումների համատեքստում:

Ռուսաստանն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի տվել Բոլթոնի հայտարարություններին, ինչը հետաքրքիր է, հաշվի առնելով օրինակ Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպանի հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ արագ արձագանքը: Առավել եւս, որ Բոլթոնի աղմկոտ հայտարարությունների մի զգալի մասն արվեց Երեւանում:

Հայաստանում այս հայտարարությունները հիմնականում մեկնաբանվեցին ավանդական սխեմաների տրամաբանությամբ: Օրինակ, զենքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունը՝ բացառապես բիզնեսի, Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունը՝ տարածք հանձնելու տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, գրեթե ուշադրություն չդարձվեց օրինակ Բոլթոնի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե հեշտ լիներ, Ղարաբաղի խնդիրը վաղուց լուծված կլիներ, եւ ինքը դրա համար չի եկել այստեղ: Եվ որ կողմերն իրենք պետք է պայմանավորվեն: Իսկ ավելի վաղ ԱՄՆ դեսպանն էր հայտարարել, որ Հայաստանի ժողովուրդը դեմ է զիջումներին:

«Դժվար ու վճռորոշ քայլերի» կապակցությամբ պետք է հիշել զինվորական հայտնի խոսքը՝ տարածք գրավելը հեշտ է, դժվարն այն պահելն է: Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ն վիճարկում է ռեգիոնում Ռուսաստանի ազդեցությունը եւ ըստ այդմ ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս-քվոն, այդ հարցում առանցքային դերակատարություն ունի հենց Հայաստանը, քանի որ 1990-ականների սկզբին հայկական բանակն Արցախում իր հաղթանակով խախտել է այն եւ երկու տասնամյակ պահել նոր իրավիճակը:

Իր հերթին, ամերիկյան նոր քաղաքականությունը Հայաստանի դերակատարությունն առանցքային է դարձնում մեկ այլ տեսանկյունից: Ըստ էության, սկսում է գործել խնամքով լռության մատնված «ով նստած է Շուշիում՝ նա տիրում է ռեգիոնին» քաղաքական իրողությունը, որը հայկական միջավայրում դեռեւս լիարժեք ընկալվելու կարիք ունի: Միեւնույն ժամանակ, նոր իշխանության արտաքին քաղաքական որոշակի քայլեր ու պահանջներ բերել են հենց այդ իրավիճակին, երբ ռեգիոնի ապագան, եւ դրանից ածանցյալ՝ նոր հավասարակշռության կամ ստատուս քվոյի խնդիրը փաստորեն կախված է Հայաստանի քաղաքականությունից:

Կարո՞ղ են արդյոք հայկական իշխանությունները եւ քաղաքական ուժերը հայկական ու միջազգային խնդիրները դիտարկել հենց այս լայն համատեքստում, վերանալով օրինակ Սիրիա զորախումբ ուղարկելը, Արցախյան ու այլ խնդիրները ավանդական նվնվոցի ու գույժի տրամաբանությամբ դիտարկելու սովորությունից:

Հայաստանի առջեւ բացվում են ահռելի հնարավորություններ ու միաժամանակ նաեւ ռիսկեր, եւ եթե նախկինում ամեն ինչ արվում էր առանց Հայաստանին հարցնելու, ներկայում հնարավորություն կա մասնակցել միջազգային գործընթացներին: Ավելորդ չէ ասել, թե որքան մեծ է տարբերությունն ազգային շահերը սպասարկելու տեսանկյունից:

Ինչ վերաբերվում է զենքի ու Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունների հայաստանյան «ուղիղ ընկալումներին», ապա թերեւս ավելորդ չէր լինի նույնքան ուղիղ մի քանի հարցադրումներ անել՝ իսկ գուցե այդ հայտարարությունները ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանի՞ն էին ուղղված: Մոտեցումների հարց է, իսկ քաղաքականության հմայքն ունիվերսալության ու կրեատիվի մեջ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: