Հայաստանի պատվիրակությունը հունվարի 15-17-ը եղել է Գերմանիայում, որտեղ քննարկումներ են եղել Հայաստանի ու Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցության վերաբերյալ:
Ըստ տարածված հաղորդագրության, գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:
2017 թվականի նոյեմբերին Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության հետ այսպես ասած իրավա-քաղաքական հարաբերության օրակարգի առանցքային հարցերի շարքում սկսեց ընդգծվել վիզային ռեժիմի ազատականցան խնդիրը:
Սա իհարկե Հայաստանի համար եվրոպական այսպես ասած ամենամեծ «բոնուսն» է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այն պահանջելու է տեւական ջանք, ժամանակ: Դեռեւս նախկին իշխանության շրջանում՝ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, երեւանյան սեմինարներից մեկում խոսելով վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մասին, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, թե Հայաստանը շատ տնային աշխատանք ունի կատարելու:
Վիզային ռեժիմի ազատականացման հարցը անմիջականորեն կապակցված չէ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրին, որը վավերացման փուլում է եւ պետք է անցնի ԵՄ երկրների խորհրդարաններով: Այդ համաձայնագիրը սակայն զգալի մասով սկսել է գործել:
Միեւնույն ժամանակ, «տնային աշխատանքի» հարցում Հայաստանը կտրուկ թռիչք կատարեց 2018 թվականի ապրիլ-մայիսին, ինչը ներկայում Երեւանին տալիս է վիզային ազատականացման հարցում Եվրամիության հետ առավել վստահ խոսելու լրացուցիչ փաստարկ: Միաժամանակ, Եվրամիությանն է լրացուցիչ փաստարկ տալիս Հայաստանի հարցում բանակցությունն սկսելու ուղղությամբ առարկայական որոշումներ կայացնելու համար:
Այդ իմաստով իհարկե չափազանց մեծ է Գերմանիայի դերը, որպես Եվրամիության առաջատար: Այդ ֆոնին էլ հատկանշական է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով շուտ հանդիպման հույս: Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին կանցլերի հրավերով մեկնում է Գերմանիա:
Հայաստանի նոր իշխանությունը պետք է փորձի եվրոպական օրակարգում շրջանակային համաձայնագրին զուգահեռ աշխուժանել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ խոսակցությունը, ինչը կարեւոր քաղաքական ու տնտեսական գործոն է Հայաստանի համար:
Եվրամիության համար իհարկե սա գուցե փոքր հարց է, առավել եւս, որ այնտեղ միարժեք չէ գնահատականը Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ազատականացման արդյունքի առումով: Մյուս կողմից, սակայն, տարիներ շարունակ եվրոպական քաղաքականության էֆեկտիվության խնդիր առաջացել է նաեւ այն պատճառով, որ երեւույթներն ու հարցերը չափվել են այսպես ասած որոշակի ընդհանրության մեջ, մինչդեռ պետք է առանձին մոտեցում յուրաքանչյուր երկրի դեպքում:
Արեւելյան գործընկերության ծրագրի համար ճգնաժամային նախորդ շրջափուլը, որի պայմանական մեկնարկը հնարավոր է դիտարկել 2012-13 թվականներից, Եվրամիությանը երեւի թե տվել է էֆեկտիվության խնդիրների վերագնահատման առիթ եւ հնարավորություն: Ի վերջո, ճգնաժամային այդ փուլը, որ գործնականում տեւեց մի քանի տարի, առաջացավ նաեւ հենց առանձին ուղղություններով արդյունավետ աշխատանքի պատրաստ չլինելու պատճառով:
Օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն համաշխարհային բանկի օժանդակությամբ ծրագրում է 13 միլիարդ եվրոյի ենթակառուցվածքային ներդրումներ անել ԱլԳ ծրագրի անդամ վեց երկրներում, առաջիկա տասնամյակի ընթացքում: Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրո: ԵՄ այս մտադրությունը հուշում է, որ այդուհանդերձ ԱլԳ ծրագիրը Բրյուսելի համար մնում է արդիական, քանի որ ճգնաժամային շրջանից հետո կային հարցադրումներ, թե արդյոք ծրագիրը կմնա:
Միաժամանակ հետաքրքիր է, որ կարծես թե սկսվում է նոր՝ տնտեսական հագեցման փուլ, եւ առաջնային պլան է գալիս այդ գործիքակազմը: Առավել եւս այդ համատեքստում բավականին ներդաշնակ ու համադրելի կարող է տեղավորվել Երեւանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցային գործընթացի արագացումը: Դա նաեւ կլինի առարկայական քայլ Հայաստանի նոր իրավիճակի հանդեպ, ցույց տալով, որ Եվրամիությունն ամենեւին կարծրացած եւ քարացած չէ ու կա տարբերություն վերաբերմունքի ու մոտեցումների հարցում՝ նախորդ համակարգի եւ նոր իրողության հանդեպ:
Ի վերջո, դա կարեւոր է նաեւ որպես Հայաստանի հանրությանն ուղղված ազդակ, որպես Հայաստանի ժողովրդավարական վերափոխումների վաղեմի եւ կարեւոր գործընկեր: Եվրամիությունն ունի՞ այդ կարգավիճակում Հայաստանի հանրությանը կոնկրետ քայլով ցույց տալու անհրաժեշտություն, որ գնահատել է եւ պատրաստ է անել ավելին ավելիի դիմաց: Չէ՞ որ Հայաստանի հանրությունն ապրիլ-մայիսին արել է շատ ավելին: