Մենք մի անգամ ենք ասում՝ վարչապետի թեկնածու չենք առաջադրի. Վահրամ Բաղդասարյան

«Մենք մի անգամ ենք հայտարարում, որ որևէ թեկնածու չենք առաջադրի»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրի:

Հարցին, թե ինքը համամի՞տ է որոշ ՀՀԿ-ական գործիչների հետ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այ դա մեր գաղտնիքն է, թե ով ինչ կարծիք ունի, և որոշումը կկայացնենք միասնական: Դրա համար մեր ռեսուրսները պետք է հաշվենք, Ընտրական օրենսգրքից է բավական բան կախված: Առայժմ կարծիք չեմ ձևավորել, Ընտրական օրենսգրքի քննարկումներից հետո կձևավորվի նաև իմ կարծիքը»,- նշեց նա:

Կառավարությունը չէր ընդունել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ առաջարկությունները: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պայմանավորվել են, որ քննարկումները շարունակելու են: «Քննարկումների արդյունքում կկայացնենք որոշում: Մի շտապեք, մենք հանգիստ քննարկում ենք, որովհետև Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ: Դա հետագա բոլոր ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է, որը մենք պետք է կարողանանք շատ մանրակրկիտ քննարկենք»,- ասաց նա:

Բաղդասարյանը հավելեց, որ չի բացառվում հին օրենսգրքով ընտրությունների գնալը: «Որևէ վտանգավոր բան չի լինի հին օրենսգրքով ընտրությունների գնալը, բայց նախընտրելի է այն, որ Ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որպեսզի խոցելի չլինի: Նաև կառավարության ծրագրում խոստացված կետերը պետք է իրականացվեն՝ ցուցակների մաքրում, լրացուցիչ ցուցակների կրճատում, տեխնիկական սարքերի հագեցում»,- հավելեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: