Մի վախեցեք, գնում ենք առաջ… Լևոն Շիրինյան

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել մայիսի 27-30-ին տարածաշրջան այցի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ այցի հիմնական նպատակ նշվում է Փաշինյան-Ալիև մարտի 29-ին և ԱԳ նախարարների ապրիլի 19-ին կայացած հանդիպման քննարկման արդյունքներին հետևելը, ինչպես նաև շփման գծում իրավիճակին ծանոթանալը։ Տեսակետ կա, որ այս հաղորդագրությունը  ավելի է հեռացնում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններից։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ են նրանք ակնկալում կողմերից։

Հարցը պետք է այսպես դրվի՝ իսկ ի՞նչ էին ասում համանախագահները Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և այլ վայրերում։ Ինչ ենք մենք ակնկալել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից, որ չենք ստացել։ Այն բանաձևը, որ կա դրված կարգավորման հիմքում, մեզ համար ոչ մի դրական բան չկա այդտեղ։ Ինձ թվում է, որ նրանք մտահոգ են հակամարտության զարգացումով։ Չնայած ես կարող եմ արձանագրել, որ հայկական կողմի առաջարկը, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, շատ հեռանկարային է։ Ինձ թվում է՝ նրանք սա անում են ժամանակ շահելու և դիրքորոշվելու համար, որովհետև մեր դիրքորոշման կարծրությունն ու հետևողականությունը բերելու է դրան։ Հետո լինելու է իմ ասածը, 60-ական թվականներին գաղութացված ժողովուրդներին ազատություն տալու բանաձևն է աշխատելու, եթե մերոնք հետևողական մնան իրենց դիրքորոշման մեջ։ Մեր արտաքին քաղաքականությունը հստակեցվում է, ինչն ինձ դուր է գալիս։

Նույնը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցող զարգացումների դեպքում էր, երբ այստեղ ոմանք վայնասուն էին դրել, թե էս ինչ եք անում, բայց տեսանք, որ այս կամ այն կերպ հաշտվեցին Հայաստանի բարձրացրած տեսակետի հետ և հիմա փորձում են հարցը իրավական առումով ևս լուծել։ Ակնհայտ է, որ մեր քաղաքականությունը հստակեցվում է: Նույն արժանապատիվ կեցվածքը Նուր-Սուլթանում դրսևորվեց: Նազարբաևը դեռ բան չի ասել, մեր ռևանշիստները կոնսպեկտները նախօրոք գրած վայնասուն են բարձրացնում: Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհով ենք գնում։ Եվ այս երեք համանախագահներն են մեզ մխրճել այս անհեթեթության մեջ. Արցախը կռվում է, Հայաստանը՝ բանակցում… այ քեզ բան։ Սա շատ անբնական վիճակ է։

Համանախագահները նշում են, որ ներկայացրել են կարգավորման գործընթացի հաջորդ կոնկրետ քայլերը, ներառյալ մարդասիրական և անվտանգային միջոցառումները: Ի՞նչ է սա նշանակում և գործնականում որքանո՞վ այն կիրառելի կլինի։

Տեսեք՝ Ռուսաստանն անկանխատեսելի ձևով ակտիվանում է։ Օրինակ՝ ես չեմ հավատում, որ Նազարբաևի ուղեղն աշխատեց և ԵԱՏՄ ստեղծելու ժամանակ առաջարկն արեց։ Ռուսները գրել են, տվել են ձեռքը։ Հիմա Սահակաշվիլին վերադարձավ Կիև, Ուկրաինան դառնալու է ավելի սկզբունքային, և եվրասիացի ռուսները փոխանակ մեզնով զբաղվելու, կսկսեն զբաղվել Ուկրաինայով: Սա մեզ համար չափազանց լավ քայլ եղավ: Բացի այդ, Արևմուտքը զգուշանում է Արցախի շուրջ պատերազմից, որովհետև Թուրքիայի հարցը կա, քանի որ Թուրքիան խաղում է C-400 զենքի վրա: Ես համոզված եմ, որ Թուրքիան վերջում ռուսներին «քցելու» է, իսկ հիմա խաղում է Արևմուտքից շատ բան պոկելու համար: Իսկ եթե Աստված հաջողի, Թուրքիան գնեց ռուսական զենք, մենք կունենանք ամերիկյան օժանդակություն: Դրա համար Արևմուտքի համար շատ կարևոր է, որ Կովկասում հակամարտություն չբորբոքվի:

Համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ընդունել են համանախագահների՝ մոտ ժամանակներս հանդիպելու առաջարկը, ինչի մասին համապատասխան պահի կտեղեկացնեն:

«Համապատասխան պահին»-ը դիվանագիտական ձևակերպում է: Ինձ թվում ՝ իրենք ձգում են, որ իրենց դիրքորոշումները հստակեցնեն: Հիմա Հայաստանի դիրքորոշումը իրենց բոլորի հաշիվները խառնել է: Մենք պետք է գնանք մեր որոշած ճանապարհով: Մի վախեցեք, գնում ենք առաջ: Համանախագահների համար էլ էր անսպասելի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը: Նրանք աշխատել են երեք նախագահների հետ, որոնք երեքն էլ դավադիր են եղել: Նրանք կորպորատիվ պետության տրամաբանությամբ են գործել՝ սպասարկելով օտարի շահերը: բայց ի վերջո Արևմուտքն ընդունելու է մեր իշխանությունների դիրքորոշումը:

Նաև Արցախի՞ հարցում առաջընթաց կա:

Իհարկե, Արցախը գոյություն չունի, Արցախը Հայաստան է։ Եթե որևէ պետություն ունի միևնույն դրամը, նույն բանակը, եթե անվտանգության մարմինները նույնն են, անձնագրերը նույնն են, արտաքին քաղաքականությունը նույնն է, ուրեմն նույն պետությունն է: Հայաստանն ու Արցախը այսօրվա Գերմանիան և Բավարիան են: Այսինքն մենք հարցը լուծել ենք, մեր բանակը դիրքերում կանգնած է, և մեր բանակի ոգին հեղափոխությունից հետո շատ ավելի բարձր է, մանավանդ արդարության ուղղությամբ քայլեր արվում են։

Երկրորդը դիվանագիտության հարցն է՝ Արցախի միջազգային ճանաչման իմաստով: Անընդհատ մեր ժողովրդի գիտակցության մեջ մտցնում են այն թեզը, թե հարցը լուծված չէ, բայց ինչպե՞ս չի լուծված, բա որ այդպես է, ինչո՞ւ են նրանք Ստեփանակերտում խառնվել իրար: Գիտեն որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու դա իրենց էլ է վերաբերվում:

Понравилась статья? Поделиться с друзьями: