Այսօր, մի քանի ժամ անց Հայաստանի խորհրդարանը, ըստ էության, կհամարվի ազատ արձակված:
Խորհրդարանում տեղի է ունենալու վարչապետի թեկնածության քվեարկությունը, որը, ըստ քաղաքական հայտնի համաձայնության, պետք է, այսպես ասած, տապալվի, ինչից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով կհամարվի լուծարված: Սա արդեն, ըստ էության, չի պարունակում որևէ նորություն, և Հայաստանի հասարակությունը, խոշոր հաշվով, այլևս այդ փաստը ընդունում է որպես իրականություն, որն այսօր պարզապես կարձանագրվի դե յուրե: Հանրությանն այլևս հետաքրքրում են հարցեր գալիք իրավիճակի վերաբերյալ, որոնք հնարավոր է բաժանել երկու մասի՝ հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական ստատուս քվոյին և նոր խորհրդարանի պատկերին, արտահերթ ընտրության մասնակիցներին և այսպես ասած՝ անցողիկ ուժերի կազմին, իհարկե՝ հաղթողի վերաբերյալ գրեթե հարյուր տոկոս առկա համոզմունքով, և հարցերի մյուս շրջանակը, որը վերաբերում է արդեն հետագա իրավիճակի, այսպես ասած, զուտ բովանդակային կողմին: Առաջիկա արտահերթ ընտրությունը, որը տեղի է ունենալու 30-40 օրվա ընթացքում, հաղթողի իմաստով կանխատեսելի է, անկանխատեսելի է այն առումով, թե ինչ ուժեր կարող են հայտնվել խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի դաշինքից բացի: Ընտրությունն անցնելու է ռեյտինգային ընտրակարգով, որն այդ մյուս ուժերի միջև պայքարում կարող է լինել որոշակիորեն եղանակ ստեղծող և հնարավորություն ավելացնել այն ուժերի համար, որոնք կարողություններ ունեն, այսպես ասած, տեղերում: Խոսքն, իհարկե, անօրինականության մասին չէ, այլ տեղային կոմունիկացիաների, տեղային հարաբերությունների: Մյուս կողմից, սակայն, թավշյա հեղափոխության մթնոլորտն իր հերթին թողում է իր մեծ ազդեցությունը և բավական բարդ է ասել, թե ինչ արդյունք կստացվի, երբ տեղային ռեսուրսներն ու հարաբերությունների մշակույթն ու մտածողությունը, այսպես ասած, բախվեն համապետական հեղափոխական մթնոլորտին և դրա բերած տրամադրությանը: Այդ «բախումը» ոչնչով չի սպառնում հեղափոխության առաջնորդ ուժին, բայց մյուս բոլոր ուժերի համար, անշուշտ, մարտահրավեր է և որոշակիորեն անկանխատեսելի: Արտահերթ գործընթացի մյուս երեսը ավելի խոշոր մարտահրավերն է արդեն հասարակության համար, թե քաղաքական մակարդակում ինչպիսի օրակարգ է լինելու և ինչպիսի մտքեր ու ծրագրեր են բախվելու միմյանց: Բախվելու այդ բառի, իհարկե, քաղաքական իմաստով, և բախվելո՞ւ են արդյոք: Եվ սա իսկապես բավականին բարդ հարց է, որը շոշափելի պատասխաններ, որի պատասխանի ուրվագծեր քիչ են նկատվում կամ գրեթե չկան: Միևնույն ժամանակ, այս իրողությունն, անշուշտ, թելադրված է հեղափոխական իրավիճակի օբյեկտիվ ազդեցությամբ, հեղափոխությունն ավարտելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Եվ այդ տեսանկյունից մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում միջանկյալ խորհրդարանը դադարեցնում է իր աշխատանքը, բայց դրա փոխարեն դարձյալ ձևավորվելու է միջանկյալ խորհրդարան: Եվ անընդհատ միջանկյալ խորհրդարաններ չունենալու համար թերևս անհրաժեշտ է, որ այս խորհրդարանը ավարտի իր հնգամյակը: Այդ առումով գուցե հնչի տարօրինակ, սակայն բուն քաղաքական գործընթացների պետք է սպասել կամ քաղաքական բովանդակության ձևավորման ուղղությամբ պետք է աշխատել խորհրդարանից դուրս՝ դրանով օրակարգ թելադրելով հեղափոխության ավարտին ձևավորված միջանկյալ խորհրդարանին և ըստ էության՝ հեռակառավարել այն: Ինքնակառավարվել այդ խորհրդարանը չի կարողանալու օբյեկտիվորեն: