Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը ունի ուշագրավ շերտեր: ԱԻՆ-ը փաստացի ուժային նախարարություն է եւ գործնականում հենց այդ տրամաբանությամբ էլ եղել են այդ նախարարությունում նշանակումները, երբ դրանք կատարվել են այսպես ասած իշխանության տրամաբանությունից ելնելով, եւ ոչ թե քաղաքական համաձայնության:
Իշխանության տրամաբանությունից ելնելով Մհեր Շահգելդյանին ԱԻ նախարարի պաշտոնում փոխարինեց Արմեն Երիցյանը, որն ուներ ուժային կառույցում՝ ոստիկանությունում աշխատանքի բազմամյա փորձ: Արմեն Երիցյանի անժամանակ մահից հետո թափուր մնացած նախարարի պորտֆելը Սերժ Սարգսյանը փոխանցեց այն ժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին:
Իհարկե այս դեպքում անշուշտ Սարգսյանը փորձեց լուծել երկու հարց միանգամից: Նախ, փաստացի ուժային նախարարությունը վստահվեց այդ առումով բազմափորձ պաշտոնյայի, եւ բացի այդ էլ պաշտպանության նախարարությունում մեծ հեղինակություն ունեցող Դավիթ Տոնոյանը տեղափոխվեց Վիգեն Սարգսյանին «չստվերելու» համար: Վիգեն Սարգսյանը գործնականում ուներ նախարարությունում ռազմա-քաղաքական ընկալվածության խնդիր եւ այդ խնդրի լուծումը չափազանց բարդ կլիներ Դավիթ Տոնոյանի հեղինակության պարագայում, որ նա ուներ զինված ուժերում:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը թերեւս փորձում էր լուծել նաեւ երրորդ կարեւոր խնդիրը՝ ձեւավորել եւ ամրացնել իր համար վստահելի ուժային «կորը», որը գործնականում նրա միակ հուսալի հենարանն էր հայաստանյան նախորդ համակարգի այդ շրջափուլի տրամաբանության մեջ, քանի որ քաղաքական հենարան որպես այդպիսին Սերժ Սարգսյանը փաստացի չուներ, իսկ հատկապես արտաքին միջավայրի բավական բարդ եւ մարտահրավերներով լեցուն խնդիրները լուծելու համար նրան պետք էր որեւէ ռազմա-քաղաքական հենարան:
Թավշյա հեղափոխությունից հետո, երբ եղավ Դավիթ Տոնոյանի համաձայնությունը պաշտպանության նախարարի պաշտոնում նրա նշանակվելու կապակցությամբ, ԱԻ նախարարի ուժային պաշտոնը քաղաքական համաձայնության փաթեթում ստացավ սպորտային բնույթ, քանի որ ԲՀԿ քվոտայով այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար եւ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Հոկտեմբերի 2-ից նոր լիցք ստացած իրավիճակում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ձեռք բերված քաղաքական համաձայնությունները լուծարվեցին խորհրդարանի հայտնի աղմկոտ նախաձեռնությամբ, ԱԻ նախարարի պաշտոնում նոր նշանակումը վերադարձնում է այդ պաշտոնի ուժային բնույթը, դրանից բխող համարժեք քաղաքական նշանակությամբ:
Ավելին, այստեղ հատկապես ուշագրավ հանգամանք է այն, որ Ֆելիքս Ցոլակյանն ԱԱԾ գեներալ է, անկախությունից հետո զբաղեցրել է տարբեր առանցքային պաշտոններ եւ ըստ էության բավական լավ է տիրապետում ոչ միայն Հայաստանի նախկին կառավարման համակարգին, ըստ այդմ դրա անհրաժեշտորեն զգույշ եւ խնամքով, միաժամանակ հնարավորինս խորքային ապամոնտաժման խնդրին, այլ պետականության խնդիրներին ընդհանրապես:
Դրա բավական ընդգծված վկայությունն էր այն, որ ԱԱԾ գեներալը ՀՀԿ խորհրդարանի խմբակցության գործնականում միակ պատգամավորն էր, որը 2018 թվականի մայիսի 1-ին քվեարկել էր թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, դիպուկ ու ճշգրիտ գնահատելով քաղաքական պահի կարեւորությունն ու նրբությունը պետության անվտանգության եւ ապագայի տեսանկյունից:
Այդ իմաստով, ԱԻ նախարարի նոր նշանակումը ինքնին լոկ կադրային լուծում չէ, այլ Հայաստանում ձեւավորված քաղաքական նոր իրողության խիստ որոշակի ամրացում, ինչը հատկապես առանձնահատուկ է ներկայիս քաղաքական շրջափուլում, երբ հանգուցալուծման է մոտենում թավշյա հեղափոխության օրակարգի առանցքային հարցը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունն ու ամբողջական իշխանափոխությունը: