Նոր մանրամասներ մարտի 1-ի գործով….

«Ժողովուրդ» օրաթերթին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ի կողմից օրերս արված գործողություններից, տարվող քննություննից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, օրեր առաջ մարտի 1-ը քննող ՀՔԾ քննիչը կապ է հաստատել մարտի 1-ին ներքին զորքերի պաշտոնատար անձանցից մեկի հետ եւ կոնկրետ մեկ հարց ուղղել: Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը հարցրել է. «Մարտի 1-ի քրեական գործով կա մեկ փաստ, որ բանակը մարտի մեկին եղել է ներքին զորքերի հետեւում կանգնած, դուք` որպես այն ժամանակվա պաշտոնատար անձ, տեսե՞լ եք ներքին զորքերի հետնամասում բանակին կանգնած»: Քննիչի այս հարցին ի պատասխան` ներքին զորքերի նախկին պաշտոնատար անձը պատասխանել է, «Այդ ժամանակ այնպիսի խառնաշփոթ իրավիճակ էր, որ որեւէ մեկը չէր կարող հիշել, թե ինչ է կատարվում, ուստի ես չեմ հիշում եւ չգիտեմ` արդյոք բանակը եղել է ներքին զորքերի հետնամասում կանգնած, նման բան չգիտեմ եւ չեմ հիշում»: Ի դեպ, այն պաշտոնյան, որի հետ օրերս ՀՔԾ քննիչը կապ է հաստատել, մարտի 1-ի գործով դեռեւս 2008 թվականին հարցաքննվել է: Իսկ թե ինչու ՀՔԾ-ն պաշտոնական գրություն չի ուղարկել եւ պաշտոնյային անձամբ չի հրավիրել հարցաքննության, որտեղ էլ կարող էր անձամբ ուղղել այս հարցը եւ, ըստ էության, այլ հարցեր, դժվար է ասել. միգուցե այս քայլին գնացել է պատասխանը ստանալու եւ հետագա գործողությունները սկսելու համար: Ի դեպ, այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաեւ միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը ավելի ուշ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանն ի պաշտոնե հայտնաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք այդ ընթացքում նաեւ հրազեն են գործադրել, բայց այդ փաստերը թաքցնելու համար դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու հրահանգ է տվել: Եվ այդպես կեղծվել են ապացույցները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վահագն Հարությունյանի գործողությունների հետ կապված կոնկրետ ցուցմունքներ են տվել Ներքին զորքերի նախկին աշխատակիցները, որոնք, ամենայն հավանականությամբ, կա՛մ այդ գործողությունների անմիջական մասնակիցն են եղել, կա՛մ վկան են եղել :

Понравилась статья? Поделиться с друзьями: