Շարմազանովի հրաժեշտի խոսքը “Միգուցե սա իմ վերջին ելույթն է այս ամբիոնից ԱԺ-ում, ուզում եմ շնարհակալություն հայտնել ՀՅԴ, Ծառուկյան դաշինք, Ելք, ՀՀԿ-ից անջատված անկախ պատգամավորներին..

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ չի քվեարկելու վաչապետի թեկնածությանը, չի մասնակցելու այսօրվա քվեարկությանը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Շարմազանովը:

Նա հրաժեշտի խոսքեր ասաց: “Միգուցե սա իմ վերջին ելույթն է այս ամբիոնից այս գումարման ԱԺ-ում, ուզում եմ շնարհակալություն հայտնել ՀՅԴ, Ծառուկյան դաշինք, Ելք խմբակցությանը, ՀՀԿ-ից անջատված անկախ պատգամավորներին, ՀՀԿ-ին, կառավարության ներկայացուցիչներին, ձեզ, պարոն վարչապետ, ԱԺ նախագահին, լրատվամիջոցներին և մեկ բան ցանկանալ՝ մի փնտրեք որևէ անձնական բան: Ես ծառայել ու ծառայելու եմ ՀՀ-ին: Կեցե ՀՀ-ն, Հայաստանի քաղաքացիներն ու հայ ժողովուրդը: Ես անուղղելի օպտիմիստ եմ, ամեն ինչ լավ է լինելու: Ու չկա հին ու նոր Հայաստան, Հայաստանը մեկն է: Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին”,- հայտարարեց Շարմազանովը:

Մինչ այդ, նա իր ելույթում քննադատեց գործող կառավարությանը: Նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվում էր վարչապետ, խոստանում էր, որ Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում: “Ես հեռու եմ այն մտքից, որ վեց ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց խոսեմ փաստերով: Ինչքան աշխատատեղեր է ստեղծվել, ներդրումային միջավայրն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել է, թե վատացել, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, թե՞ էժանացել, մեր կյանքը լավացել է, թե՞ վատացել է”,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ Հայաստանում ներդրումները երեք անգամ նվազել են: Հեղափոխությունից հետո, ըստ նրա, ներդրումային բում էր սպասվում, բայց եկանք կանգնեցինք ներդրումային տաշտակի առջև:

Երկրորդ, այս տարվա բյուջեով 6.9 տոկոս տնտեսական աճ է գրված, իսկ հաջոդ տարվա բյուջեով 4.2 տոկոս է սպասվում: Ավելին, հաջորդ տարվա բյուջեի նախագծով 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում, զրո տոկոս աշխատավարձերի բարձրացում:

“Հաջորդը, ինչքան աշխատատեղեր եք բացել, 10-15 աշխատատեղ բացում եք, Հայլուրը մի շաբաթ ցույց ա տալիս: Դա էն դեպքում, երբ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակա է դարձել: Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, բայց 630 ալավերդցի կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի ու փաստի առջև”,- ասաց նա:

Շարմազանովը նկատեց, որ նախկինում իրենց մեղադրում էին կարմիր գծերի, տեսախցիկների համար, բայց հիմա  պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք: “Բա հեղափոխության օրերին ձեր կողմնակիցները ներքնաշորերով կամեռա էին փակում, հիմա պարզվեց, դրանց թիվը պետք է ավելացնել”,- նշեց նա:

Շարմազանովը նաև հիշեց, որ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարել էր, որ այլևս մեկ հոգի չի արտահանելու մանր ու խոշոր եղջերավորները, դա զարգացում կապահովի: “Հիմա հարց՝ էդ եղջերավորները, պարոն վարչապետ, որ ազատվեցին, ինչքա՞ն են արտահանվել: Էդ որ գնացիք Գումի շուկա, պոմիդորի, վարունգի գինը հարցրեցիք, դրանից հետո էս ժողովուրդը պոմիդորն ու վարունգն ավելի էժան առավ, թե՞ ավելի թանկացավ”,- հարցրեց նա:

Էդուարդ Շարմազանովը նաև քննադատեց կառավարության արտաքին քաղաքականությունը՝ համամիտ չլինելով Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, որ նախկինները վիզը ծուռ քաղաքականություն են վարել:

“Ձեր հպարտ քաղաքականությունն էլ տեսանք, Բոլթոնը եկավ, առաջին անգամ ասաց՝ դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք”,- նշեց Շարմազանովը:

Понравилась статья? Поделиться с друзьями: