Ոչ մի դիմադրություն. Փաշինյանին պետք է տալ ամբողջական իշխանություն՝ արդյունք պահանջելու համար

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակումից ու դրանց Նիկոլ Փաշինյանի արձագանքից հետո բոլորը քննարկում էին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները։Իշխանության ծրագիրն ավելի քան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձելու է ընտրություններն անցկացնլ մինչև տարեվերջ։ Իշխանության համար խիստ սկզբունքային է, որ նոր խորհրդարանում ունենա կայուն մեծամասնություն, իսկ դա երաշխավորված է, եթե ընտրություններն անցկացվեն հիմա. հակառակ դեպքում ձմեռը հայտնի չէ, թե ինչ անակնկալներ կմատուցի, ու ինչպիսին կլինեն վարկանիշները մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին։
Երկար կարելի է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց վերանայել արտահերթ ընտրությունների անցկացման այն ժամկետը, որը սահմանված է կառավարության ծրագրով։ Վարկածները կարող են ամենատարբեր լինել, սակայն ակնհայտ է, որ արագ փոփոխությունների սպասելիքները չեն կարող իրականություն դառնալ, ու Փաշինյանը բնականաբար փորձելու է օգտվել ստեղծված ստատուս քվոյից, քանի դեռ հասարակության մեջ ընկալվում է որպես հեղափոխության առաջնորդ։ Տնտեսական, սոցիալական դժվարությունները հասարակության մոտ անխուսափելիորեն տրանսֆորմացնելու են Փաշինյանի կերպարը. նա աստիճանաբար ընկալվելու է վարչապետի դերում, որը պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար։

Մյուս կողմից՝ կառավարությունն առայժմ չունի երկրի զարգացման տեսլական, կոնկրետ ծրագիր, իսկ արտահերթ ընտրությունները լավ առիթ են ժամանակ շահելու համար։ Առհասարակ այն իրավիճակներում, երբ քաղաքական թիմը չի ունենում զարգացման ռացիոնալ ծրագիր, ստիպված է լինում հասարակությանը կոնսոլիդացնել «թշնամու» կերպարով։ Ռոբերտ Քոչարյանն այս հարթության վրա անուրանալի «ծառայություն» է մատուցել նոր իշխանությանը։ Հիմա կոնսոլիդացնող «թշնամու» կերպարի դերում հանդես է գալիս գործող խորհրդարանը, որն օբյեկտիվորեն պետք է լուծարվի։

Իհարկե, շատ հնարավոր է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունների արագ անցկացման որոշումը պայմանավորված է արտաքին գործոններով։ Մասնավորապես՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի վրա որոշակի արտաքին ճնշում կա՝ ԼՂ կամ այլ խնդիրներով պայմանավորված, իսկ նման դեպքերում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը լավագույն լուծումն է, մանավանդ, որ մի կողմից՝ նպաստում է հեղափոխության արժեքների կապիտալիզացիային, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում ժամանակ շահելու։

Անիմաստ է քննարկել ՀՀԿ-ի դիմադրության արդյունավետության հարցը, որովհետև նման բան տեղի ունենալ չի կարող։ 81% քվե որևէ կուսակցություն կամ դաշինք ստանալ չի կարող՝ դա համաժողովրդական շարժման վստահության ցուցիչ է, ըստ այդմ՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններին Փաշինյանը կարող է հասնել հասարակական ճնշման միջոցով, եթե ՀՀԿ-ն փորձի դիմադրել կամ ժամանակ շահել։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական կտա միայն այն պարագայում, երբ տասնյակ հազարավոր նրա կողմնակիցներ պաշարեն խորհրդարանի շենքը՝ երաշխավորելով, որ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչապետ չի կարող ընտրել։ Նման հանրային ճնշում Փաշինյանը այսօր կարող է բանեցնել, գարնանը՝ հայտնի չէ։ Հասարակական ճնշման սցենարը չի կարող աշխատել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կամ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն բացահայտ կասկածի տակ դնի նման մեթոդներով իշխանություն ձևավորելու լեգիտիմությունը, սակայն արտաքին նման միջամտության անգամ տեսական հնարավորությունը բացառում ենք։

Խորհրդարանի ընտրություններն ինչքան շուտ տեղի ունենան, այնքան լավ։ Նիկոլ Փաշինյանի թիմին պետք է հնարավորություն ընձեռել ամբողջովին ստանձնելու իշխանությունը, որպեսզի կառավարությանը կարողանանք դուրս բերել, այսպես կոչված, «կամուֆլյաժային» հեղափոխության տրամաբանությունից ու նրանից պահանջել կոնկրետ արդյունք։ Երբ հակահեղափոխության ուրվականը վերանա, մենք կարող ենք համոզվել, թե ինչքանով է կենսունակ Նիկոլ Փաշինյանի թիմը՝ որպես կառավարություն, մյուս կողմից՝ վերջապես հանրային գիտակցության մեջ հեղափոխական էյֆորիան կնահանջի՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանում ձևավորելու դեմոկրատական հակակշիռ, ընդդիմություն, որին այլևս հնարավոր չի լինի մեղադրել ռևանշիզմի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: