Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել: Մեր ունեցած տեղեկություններով, նախաձեռնության հեղինակը Հովիկ Համբարձումյանն է: Նա այդ տարածաշրջանում անհայտ մարդ չէ: Ավելին, շատ հայտնի է`մի քանի տարբեր դրվագներով: Հովիկ Համբարձումյանը Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանի (լուսանկարում) հայրն է: Համբարձումյանները երկար տարիներ այս մարզում հայտնի էին իբրեւ կարկառուն ԲՀԿ-ականներ, Կարեն Համբարձումյանը Սյունիքի ԲՀԿ երիտթեւի նախագահն է եղել, հետհեղափոխական շրջանում նա նշանակվեց Սյունիքի մարզպետ`ԲՀԿ-ի քվոտայով, իսկ հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո, ստիպված պաշտոնանկ եղավ: Վարչապետի պաշտոնակատարն ԱԺ բակում բանավոր հրամանով աշխատանքից ազատեց ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պաշտոնյաներին: Հոկտեմբերի 4-ին արդեն երիտԲՀԿ-ական նախկին մարզպետը հարազատ կուսակցությունից դուրս գալու դիմում գրեց եւ համալրեց իշխող ուժի համակիրներ բանակը: Այժմ, նա Սյունիքի մարզում «Իմ քայլի» վարկանիշային թեկնածուներից է: Հայրը`Հովիկ Համբարձումյանը, Սիսիանումի ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ է`ԲՀԿ-ի քվոտայով: Реклама 03 «Սարոյան եղբայրների» սյուժեին համահունչ այս ընտանիքն առաջիկա արտահերթ ընտրություններում, ի վերջո, ո՞ր ուժն է ներկայացնելու, ո՞ւմ կողմից եւ ինչո՞ւ հիմա բաժանվեցին նախընտրական բուտերբրոդները`հարցերի պատասխաններն Aravot.am-ին Հովիկ Համբարձումյանից ստանալ չհաջողվեց: Նա հարցը լսելուց հետո, ասաց, որ շատ զբաղված է եւ չի կարող խոսել, ապա երկու նախադասություն «շպրտեց» ու անջատեց հեռախոսը: «Ես զորամասի տեղը չգիտեմ հարգելիս, եթե մեկը կլինի`ես էս մարդուն դեմքով ճանաչում եմ, ես կգնամ ինքնասպան կլինեմ, հենց ըտենց էլ գրեք»,- ասաց նա`իր մասին «ապատեղեկատվություն տարածողների» հասցեին վիրավորական արտահայտություններ «շռայլելով»: Ի դեպ, Հովիկ Համբարձումյանի հետ կապված բավական ուշագրավ իրադարձություններ կան դեռ 1990-ականների ընտրական գործընթացների հետ կապված: Այդ տարիներին Հովիկ Համբարձումյանը Հերմինե Նաղդալյանի համակիրների բանակից էր: Երբ աղմուկ էր բարձրացել տեղամասում կեղծված արձանագրությունների համար, Հովիկ Համբարձումյանը կերել էր Հերմինե Նաղդալյանի քվեաթերթիկը` կոծկելով իր կեղծիքը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ