«Ուղղակի ցնցված եմ. սա մեր պետության և հասարակության ամոթն է». Սթափվե՛ք ու լուծե՛ք այս խնդիրները, ինչպես ուզում եք…»:Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղղակի ցնցված եմ: Սա մեր պետության և հասարակության ամոթն է, երբ հայկական բանակի սպան օգնություն է աղերսում հարուստներից՝ իր երեխաների բուժման համար կատարված ծախսերը և այդ նպատակով վերցված վարկերը փակելու համար: Ողբերգությունն այն է, որ այս սպայի կարգավիճակում կան բազմաթիվ այլ սպաներ, ովքեր ունեն տարբեր ընտանեկան խնդիրներ: Եթե պատասխանատվության ենթարկված լինեին «սերմացու գողացող մկների նման» բանակը թալանածները և այդ գումարները հետ վերադարձված լինեին, եթե պետությունը կատարեր իր բոլոր պարտականությունները սպայական կազմի նկատմամբ, մենք այսօր այսպիսի ողբերգական դեպքերի չէինք հանդիպի: Ինձ համար առավել տարակուսելի է, որ սպան իր երեխաների բուժման համար ահռելի գումարներ է ծախսում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: Ինչո՞ւ պետք է զինված ուժերի սպան հայտնված լիներ այս վիճակում: Ո՞վ պետք է պատասխան տա բարոյական այսպիսի անկման համար և մինչև ե՞րբ հայոց բանակի սպան պետք է մնա իր խնդիրների հետ միայնակ: Երիցս համոզվում եմ, որ քանի լռում ես, քանի հանդուրժում ես այսպիսի բարձիթողի մթնոլորտն ու իրավիճակը, մարդիկ իրենց ավելի անպատասխանատու են զգում: Սթափվե՛ք ու լուծե՛ք այս խնդիրները, ինչպես ուզում եք…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: