ՈՒՇԱԳՐԱՎ: ԱԱԾ-ն ձերբակալել է՝ պատկերավոր ասած, «Օսիպյանի Արշակին»

operativ.am-ը գրում է․ «Այսօր առավոտյան տեղեկություն ստացանք, որ գիշերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է, պատկերավոր ասած, «Օսիպյանի Արշակը»՝ Գոռ Հակոբյանը, որն ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին եւ նրա «աջ թեւն» էր։

Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանապետի վարորդի պարտականություններն էր կատարում։ Մեզ հասած տեղեկություններով, Գոռ Հակոբյանին մեղադրում են 17 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ՝ աշխատանքի տեղավորելու միջնորդության համար։ Ընդ որում, օրեր առաջ Հակոբյանն անսպասելիորեն ազատվել է աշխատանքից՝ առանց որեւէ պաշտոնական բացատրության։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ հավանաբար ոստիկանապետը տեղեկացված է եղել այս զարգացումների մասին եւ նրան ազատել է, որ սկանդալը, որքան հնարավոր է, քիչ առնչություն ունենա իր հետ։

Առավոտից մենք զբաղված էինք այս տեղեկությունը ճշտելու, պաշտոնական հաստատում ստանալու գործով։ Ոստիկանության լրատվական վարչությունից պաշտոնապես հաստատեցին «Վալերի Օսիպյանի աշխատակազմի աշխատակից Գոռ Հակոբյանի ազատման մասին լուրը», իսկ թե որն է եղել ազատման պատճառն, ասացին՝ «ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»: Ոստիկանությունում տեղյակ չէին ձերբակալության կամ կալանավորման մասին, անգամ հերքեցին այդ փաստը, սակայն հրաժարվեցին տրամադրել հեռախոսահամարը, որ ուղիղ կապվենք եւ համոզվենք, որ նա ձերբակալված չէ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: